Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներսս դատարկ էր, բայց անսահման սիրով լեցուն՝ Արցախի ժողովրդի ու մեր պատմության հանդեպ»

Հունիս 18,2022 12:30

Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը` իր նոր գրքի եւ հանրությանը հուզող թեմաների մասին

«Առավոտը» հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որի 2019թ. հրատարակված առաջին՝ «Երեւանյան հեքիաթներ» գիրքը, բաղկացած 8 ստեղծագործությունից, շատ շուտ տեղ գտավ հայաստանյան բեսթսելլերների շարքում։ Մենք անդրադարձել էինք այդ գրքին։ Հիշեցնենք, որ այդ հեքիաթները, ինչպես գրքի խորագիրն է հուշում՝ Երեւանի մասին են, որոնց հիմքում իրական պատմություններ են, կերպարներն ու իրադարձություններն էլ՝ հորինված։ Այս անգամ մասնագիտությամբ ռեժիսոր արվեստագետին հյուրընկալելու առիթը նրա «Արեւի համբուրած Շուշի» գիրքն է։ Մինչ վերջինիս անդրադարձը, տխուր խոսակցություն ծավալվեց մեր հյուրի հետ՝ կապված օրերս Ռուսաստանում լույս տեսած «Ամառ` պիոներական փողկապով» գրքի առիթով, որը ռուս գրողական համայնքին եւ հասարակությանը շոկի է ենթարկել՝ «բաց» դրվագների պատճառով:

Գրողներ Ելենա Մալիսովայի եւ Կատերինա Սիլվանովայի հիշյալ գիրքը ռուս հասարակությանը,  եւ ոչ միայն նրանց, հայտնի դարձավ վերջերս անվանի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի՝ շա՜տ մեծ լսարան ունեցող յութուբյան BesogonTV քաղաքական հաղորդաշարի մի թողարկումից  հետո։ Խոսելով փոքրաթիվ այն ռուս արվեստագետների մասին, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ամաչեցին իրենց ազգային պատկանելությունից, կինոռեժիսորը հակիրճ ներկայացրեց  նաեւ վերոնշյալ գրքի սյուժեն, ըստ որի՝ վեպի հերոս Յուրին 20 տարի անց վերադառնում է պիոներական ճամբար եւ հիշում ջոկատավար ընկեր Վոլոդյային, որին սիրահարված է եղել դպրոցական տարիներին։ «Ամառ` պիոներական փողկապով» գիրքը լույս է տեսել 200 հազար օրինակով։ «Ձեռքս բաց թողեցի, մատներս սահեցրի վզի երկայնքով, ականջի հետեւում։ Յուրկան հաճույքից շունչ քաշեց։ Իսկ Վոլոդյան ժպտաց ու շշնջաց՝ դուք կարծես էլեկտրիֆիկացված եք, պարզապես դիպչեք դրան, կայծերը թռչում են։ Նա հառաչեց եւ խոստովանեց՝ ես էլ…»,- մի փոքր հատված է ներկայացրել Միխալկովը իր յութուբյան էջում` աղմուկ հանած եւ վրդովմունքի պատճառ դարձած գրքից։ Հաղորդման ընթացքում Նիկիտա Միխալկովի հայտնած միտքը, թե 19-րդ դարի վերջը եւ 20-րդ դարի սկիզբը հայտնի է որպես «մանկական գրականության ոսկե դարաշրջան», կիսում է մեր հյուրը՝ Արփի Մաղաքյանը ու հավելում, թե դժվար է հասկանալ մանկական գրականության զարգացումը մինչեւ տպագրության ի հայտ գալը. «Մանկական գրականության արմատները գալիս են պատմություններից, երգերից, որոնք ըստ էության մի մասն են բանավոր ավանդույթի, որ մեծահասակները կիսում էին երեխաների հետ մինչ տպագրության գյուտը»։ Մենք էլ հավելենք, որ 15-րդ դարից սկսած՝ ավելի շատ գրականություն կար՝ ուղղված երեխաներին եւ հաճախ այդ գրականությունը ընդգրկում էր բարոյական ու կրոնական ուղերձ։ Մեր զրուցակիցը խուսափեց որեւէ կարծիք հայտնել ոչ միանշանակ ընդունված գրքի առիթով, ընդամենը նշելով, թե համոզմունք ունի, որ այդ արատավոր երեւույթի քարոզը, այն էլ երեխաների համար նախատեսված գրականության միջոցով, մեր իրականությունում տեղ չի գտնի։

Անդրադառնալով օրերս լույս տեսած իր երկրորդ՝ «Արեւի համբուրած Շուշի» գրքին, տեղեկացրեց, որ պատկերավոր ու հիանալի նկարազարդված գրքի նկարիչը Աիդա Հեքիմյանն է, խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, իսկ հրատարակմանը աջակցել է Save Armenian monuments  կազմակերպությունը։ «Այս հեքիաթը հորինել եմ արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ներսս դատարկ էր, բայց միեւնույն ժամանակ անսահման սիրով լեցուն՝ Արցախի ժողովրդի ու մեր պատմության հանդեպ։ Սերը տվեցի թղթին ու ծնվեց կախարդական հեքիաթ, որն ապրելու մասին է։ Հավատացած եմ, որ հաղթանակների տանող բանալին կրթությունն է։ Մեր պատմությունն իմանալը, մեր անգին գանձ հայոց լեզուն փայփայելը, մեր մշակութային ժառանգությանը տեր լինելը, հատկապես այսօր, շնչել-արտաշնչելու պես բնական պետք է դառնա մեզ համար։ Գիրքս նվիրում եմ նրանց, ովքեր հասկանում են հայրենիքի արժեքը կամ ցանկություն ունեն հասկանալ»,- հայտնեց հեքիաթագիրը։ Խնդրեցինք հակիրճ ներկայացնել գրքի սյուժեն։ «Գրքում մեսրոպյան փառահեղ տառերի գյուտն է, հայոց քրիստոնեական առաջին դպրոց Ամարասի դպրեվանքը, արցախյան հինավուրց Տնջրի ծառը եւ, իհարկե, հեքիաթիս հերոսուհին՝ Արեւի համբուրած աղջիկը՝ քաջ ու համարձակ, չքնաղ Շուշին։ Ի դեպ, համաձայն հեքիաթում հյուսված լեգենդի՝ աղջնակի անունով է դարեր անց անվանակոչվում մեր Շուշին»,- ներկայացրեց Արփի Մաղաքյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930