Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին մնացել  է ապավինել՝ «խեղճ հարիֆն ինչ աներ, նախկինները ջեբը գցին» ժամկետանց թեզին»

Հունիս 18,2022 14:00

«Այս պայքարի շահառուն հայ ժողովուրդն է, սա զուտ հայկական շարժում է։ Սա արձանագրում է»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

– Թեեւ Ֆրանսիայի հրապարակում, իր ելույթում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հստակ առանձնացրեց «Դիմադրության» շարժման մոտ երկամսյա ակտիվ պայքարի ձեռքբերումները, այնուհադերձ, որոշակի տրամադրություններ, որ Նիկոլ Փաշինյանի՝ շարժումը՝ «մինչեւ քոքը մաշեցնելու» մասին հայտարարությունները կամաց-կամաց կյանքի են կոչվում, շատերն արդեն որոշակի սկեպտիկ վերաբերմունք են դրսեւորում պայքարի հետագա ընթացքին: Ստացվում է, այսպես կոչված, «պլան Բ» ընդդիմությունը չունե՞ր:

– Այլեւս փաստ է, որ ամենացածր վարկանիշ ունեցող եւ ամենամեծ անտիռեյտինգ ունեցող Նիկոլ Փաշինյանի՝ այլեւս փտած քոքը, ընդամենը արհեստական պահում են ամեն քայլափոխի նրան ուղեկցող հարյուրավոր ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները։ Սա քոքի մասով։ Երկրորդ՝ ես չեմ կիսում ձեր այն ձեւակերպումը, թե «շատերը սկեպտիկ են պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ»: Մեզ հետ պայքարի դուրս եկած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ առաջին օրվանից շատ հստակ գիտակցումով են առաջնորդվել, որ հեշտ չի լինելու, որ վարչապետի պաշտոնին սոսնձված Նիկոլ Փաշոնյանն ամեն ինչի պատրաստ է՝ հանուն իր աթոռի պահպանության: Նա պատրաստ է ամեն ինչի, պատրաստ է արյուն էլ թափել, եւ մենք դա տեսանք հունիսի 3-ին։ Մենք մեր ժողովրդին արյունահեղության չենք տանելու, մենք Նիկոլին հեռացնելու ենք առանց արյան, դա օղ թող անի իր ականջին։

Գիտեք, այո, կարող են լինել մարդիկ, որ ավելի արագ էին պատկերացնում գործընթացը, կարող են լինել հիասթափվողներ, եւ հատկապես, վրանները հավաքելուց հետո, բայց այստեղ էլ շատ կարեւոր է գիտակցումը՝ չէ՞ որ շարժումը վրանների համար չէր, այլ վրաններն էին շարժման համար: Ուստի, ամեն ինչ դեռ առջեւում է։ Կարող ենք արձանագրել, որ նոր փուլ է մտնում շարժումը, ավելի ինստիտուցիոնալ, ավելի է ընդլայնվելու եւ կառուցվածքային տեսք է ստանալու։

– Իր վերջին մամուլի ասուլիսում, որն ընդդիմության ակտիվ գործողություններից մոտ երկու ամիս առաջ էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով փողոցային պայքարի մասին, ասաց. «Իմ գնահատականով, դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել: Իսկապես պետք է մեծ զանգված: Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, որովհետեւ հետո մեզ են մեղադրելու, ասելու են՝ դուք եք առաջնորդները, դուք ինչո՞ւ ճիշտ հաշվարկ չէիք արել: Մենք լավ ենք, չէ՞ միշտ… հաղթանակը լիքը տեր ունի, պարտությունն անտեր է մնում»: Փողոցային ակտիվ գործողություններից առաջ հաշվարկվե՞լ էին հնարավորությունները, կայի՞ն փողոցով իշխանություն վերցնելու ներքին եւ արտաքին պայմանները, իրականացա՞ն այդ սպասելիքները: Տպավորություն է, որ հասարակության մեծ զանգվածներ, նաեւ լռելյայն, բայց հիասթափված են եւ արտաքին տպավորություն է, որ հերթական «անտեր պարտությունն ունենք»:

– Նորից պետք է կրկնեմ, որ չեմ կիսում ձեր կարծիքը այս անգամ «հասարակության մեծ զանգվածներ հիասթափված են», «հերթական անտեր պարտության» մասով: Իսկ «Դիմադրության» շարժումն ավարտվե՞լ է, շարժման անդամները տո՞ւն են գնացել։ Իհարկե՝ ոչ, ինչպես արդեն ասացի, ամեն ինչ նոր թափով եւ ավելի կազմակերպված շարունակվելու է եւ վստահ՝ հաջողելու ենք: Չհաջողելու տարբերակ չունենք։

Իսկ ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը եւ դրան հաջորդած զարգացումներին, ապա հիշենք, թե «Դիմադրության» շարժումը ի՞նչ պայմաններում փողոց դուրս եկավ. այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման մասին։ Սպասելու տարբերակ այս պայմաններում, իհարհե, չէր կարող մնալ։ Իսկ, առհասարակ, ընդդիմությանն ուղղված մեղադրանքների մասով, գիտեք, ինձ մոտ դրանց ծավալից երբեմն տպավորություն է, որ մենք ենք իշխանությունը, մենք ենք Արցախը հանձնել ու տղաներին մահվան տարել։ Այո, կա, իհարկե, նաեւ օբյեկտիվ քննադատություն, սրտացավ մարդիկ, եւ մենք վստահ՝ ամեն ինչ անելու ենք, մեր բոլորի սպասումներն արդարացնելու համար։

– Քաղաքական շրջանակներում, այնուհադերձ, մտահոգությունները, որ ընդդիմադիրների պայքարի հիմնական շահառուն Մոսկվան է, եւ շարժումն, ի վերջո, նպաստում է, որ Մոսկվան Փաշինյանի հետ հերթական «գործարքին» գնա՝ պահպանվում են: Դրանք, ի դեպ, ամրապնդվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի արդյունքում հնչեցրած որոշ հայտարարություններով: Օրինակ, Սերգեյ Լավրովն ապաշրջափակման մասով ասաց՝ երկաթուղային երթուղին համաձայնեցված է, ավարտվում է ավտոերթուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը սահմանվելու է. «Այն լինելու է պարզեցված եւ հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա: Այստեղ երկիմաստություն լինել չի կարող»։ Սակայն, հարցերը՝ Բերձորի ճանապարհը ո՞ր երկրի ինքնիշխանության ներքո է գործելու, կամ՝ Ադրբեջանի կառուցած «այլընտրանքային» նոր ճանապարհը շահագործման հանձնելուց հետո Բերձորը ո՞ր պետության ինքնիշխան տարածքն է լինելու, նոր ճանապարհը ո՞ր պետության տարածք է լինելու, Երասխը Եղեգնաձորին կապող ճանապարհը ո՞ր պետության տարածք է լինելու, մնում են անպատասխան, ընդդիմությունը նույնպես դրանց մասին չի խոսում:

– Այս պայքարի շահառուն հայ ժողովուրդն է, սա զուտ հայկական շարժում է։ Սա արձանագրում է։

Իսկ ինչ վերաբերում է ձեր բարձրացրած կարեւոր հարցերին, այո, շատ առանցքային հարցեր են։ Բայց այդ հարցերին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը, մենք հենց նրանից ենք պատասխան պահանջում, նա է, ոչ բարով, ներկայացնում Հայաստանը։ Լավրովի՞ց կամ Շառլ Միշելի՞ց պետք է պատասխաններ պահանջենք. որքանո՞վ է դա լուրջ: Դրա համար էլ ասում ենք, եթե անկարող ես (Նիկոլ Փաշինյան-Ն. Գ) թող եւ հեռացիր։

– Բայց ընդդիմությունն էլ չի հայտարարում, թե ինքն ի՞նչ քայլեր է անելու: Օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հրաժարվելո՞ւ եք:

– Այդ հարցը շատ է հնչել, այդ հարցին նաեւ բազմիցս պատասխանել ենք. նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթն այլեւս իրականություն է, այդ փաստաթղթի բոլոր կետերը կատարված են, բացառությամբ մեկ կետի, դա հայ գերիների վերադարձն է: Մենք, իհարկե, պետք է հետամուտ լինենք նրանց վերադարձին:

– Ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակն ազատելու ֆոնին, Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր հայտարարություններ արեց խորհրդարանում՝ կրկին մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ՀՅԴ-ին՝ դեռ 1998-ից սկսած Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ եւ հայտարարեց, որ իշխանության՝ խաղաղության օրակարգին հակադրվող ընդդիմությունն է պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին:

– Բանակցային գործընթացի նրբությունները Իլհամ Ալիեւից ճշտող Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ էլ կարող է ասել, զարմանո՞ւմ եք։ Այսինքն, ճանաչում էին Արցախը Ադրբեջանի մաս, բայց այդ նույն Արցախում 2018 թվականից հետո էր, չէ՞, Նիկոլը «տռճիկ տալիս», Շուշիում կերուխում անում։

Որեւէ ղեկավարի գործունեության արդյունավետությունը եւ բանակցային ու, ընդհանրապես, քաղաքական ձեռքբերումները կամ բացթողումները հասկանալու համար, պետք է կատարել մի պարզ համեմատություն. ի՞նչ է նա ստացել պաշտոնը ստանձնելիս եւ ի՞նչ է նա փոխանցել պաշտոնը թողնելիս: Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին ստացել է ԼՂ հարցով բանակցություններ, որտեղ Լիսաբոնի տխրահռչակ գագաթնաժողովից հետո, ամբողջ միջազգային հանրությունն, այդ թվում ԵԱՀԿ համանախագահող երկրները, անվերապահորեն ընդունում էին Արցախը Ադրբեջանի կազմում եւ պնդում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսկ 2008 թվականին համառ, ծանր եւ գրագետ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ, Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդին փոխանցել է բանակցային փաստաթուղթ ՝ Մադրիդյան սկզբունքներ, որտեղ արդեն նույն Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրներն ընդունում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր: Նիկոլ Փաշինյանը ստացել 11,5 հազար քառակուսի կմ Արցախ, թողել՝ դրա 3000 քառակուսի կիլոմետրը: Այսօր, հայ պաշտոնյան վախենում է նույնիսկ ծպտուն հանել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այսօր ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում են։ Այս պայմաններում, ակնհայտ է, որ Նիկոլը փորձում է իր՝ «խեղճ հարիֆն ինչ աներ, նախկինները արդեն սաղ տվել էին, գցեցին հարիֆի ջեբը» տխրահռչակ թեզը սնել։ Մի բան կարող եմ վստահ ասել՝ մեզ «հարիֆ» ղեկավար պետք չէ։

Եվս մեկ դիտարկում. երեկ, ԱԺ-ում, նա խոստովանեց, որ խաղաղության օրակարգը, որով ինքը մոլորեցրեց հայ ժողովրդին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ գողացավ նրանց քվեն, պարզվում է, վերջնարդյունքում, ոչ թե խաղաղություն է բերելու, այլ կարող է նոր պատերազմ բերել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930