Լրահոս
Օրվա լրահոսը

Բովանդակությունը երաժշտության խորքում է

Հունիս 18,2022 12:00

Հարցազրույց դիրիժոր Գոռ Իսպիրյանի հետ

– Երբվանի՞ց սկսեցիք հետաքրքրվել երաժշտությամբ։

– Երբ առաջին անգամ լսեցի Բեթհովեն։ Երաժշտությամբ սկսվեց իմ գիտակցական կյանքը։ Պատանի էի։ Հիշում եմ՝ առաջին անգամ մոտեցա դաշնամուրին ու տարբեր ստեղների սեղմեցի, երաժշտական հնչյունները ներսումս հաճելի զգացում առաջացրին։ Հետաքրքրված ցանկացա լսել որեւէ երաժշտական ստեղծագործություն եւ պատահական ընտրությամբ  Բեթհովենի «Էլիզեին» պիեսը լսեցի։ Լսեցի մի քանի անգամ։ Այնքան պարզ ստեղծագործություն է դա, բայց ես զգացի այդ գործի գեղեցկությունը։ Երաժշտական կրթություն դեռ չէի ստանում, դաշնամուրի չէի տիրապետում, բայց փորձեցի «Էլիզեին» պիեսը մեխանիկորեն  նվագել սովորել։ Ամեն մի նոտան հատ-հատ սովորելով՝ ամբողջ պիեսը նվագեցի եւ հասկացա, թե ինչպես է Բեթհովենը կարողացել պարզության մեջ նույնի՛սկ հանճարեղ լինել։

– Շատերն են լսում դասական երաժշտություն, բայց  լսելուց հետո բոլորը չէ, որ ձգտում են դեպի երաժշտարվեստը։ Չե՞ք կարծում, որ ներքին մղում եք ունեցել։

– Գուցե: Այդ մղումը երեւի այն երջանկությունն էր, որ ես զգում էի այդ երաժշտությունը լսելիս։ Լացելով, հիացմունք ապրելով լսում էի, եւ դա այն տարիքում, երբ քո մանկական հոգին անհաղորդ է ապականություններին եւ մեծ ուրախություն է ապրում, մաքուր ուրախություն։

– Եվ որոշեցիք, որ այդուհետ ինքնե՞րդ եք գրելու Ձեր սեփական երջանկությունը՝ երաժշտությունը։

– Ես չհասցրի որոշել, դա եղավ ինքնաբերական կերպով. երբ նոտաճանաչ դարձա, դաշնամուր  նվագել սովորեցի, նորածին մեղեդիներ սկսեցին մտքումս հնչել։  Դաշնամուրի ուսուցչուհիս ուշադրության էր արժանացնում  իմ երաժշտական իմպրովիզացիաները եւ ինձ  ոգեշնչում էր, ամեն դասից հետո իմ հոգին լցվում էր խրախուսանքով եւ հզորությամբ։ Նա ինձ ուղղորդեց դեպի կոմպոզիցիա։

– Շատ կոմպոզիտորներ, չունենալով դիրիժորական կրթություն, ղեկավարում են իրենց նվագախմբային ստեղծագործությունները։ Դուք ինչո՞ւ որոշեցիք դիրիժորական կրթություն եւս ստանալ։

– Դիրիժորությունը եւս արվեստ է, որը պահանջում է համապատասխան տեխնիկաների իմացություն, նվագախմբին հասկանալու եւ նվագախմբի կողմից հասկանալի լինելու կարողություն, միայն կոմպոզիտորի տեսանկյունից ստեղծագործությանը նայելը բավական չէ, բայց ասեմ, որ դա առավելություն է։ Կոմպոզիցիայի իմ դասախոս Աշոտ Զոհրաբյանը ինձ  խորհուրդ տվեց նաեւ դիրիժորություն սովորել։ Հիշում եմ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանին ասաց՝ քեզ մոտ այս տղային ընդունիր, դաշնամուր նվագելուց «սպանում է»։ Կոմպոզիցիային կից սկսեցի դիրիժորություն եւս սովորել։ Առիթ ունեցա նաեւ Վիեննայում դիրիժոր Բորիս Փերենոունդի եւ կոմպոզիտոր Օլիվեր Վեբեռի վարպետության դասընթացներին մասնակցել։ Կրթությանս ընթացքում հիմնեցի «Ժամանակակից երաժշտության անսամբլը»՝ ուսանողներից կազմված, մենք կատարում էինք ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հետո անսամբլը ընդլայնվեց՝ դառնալով «Երեւան» երիտասարդական նվագախումբ, սակայն համավարակի պատճառով այն դադարեց գործել։

– «Մետամորֆոզ». սա Ձեր ստեղծագործություններից մեկն է։ Դուք ինքներդ ապրել եք այդ մետամորֆոզը, ապա գրե՞լ։

– Այժմ էլ ապրում եմ։ Իմ կյանքը կարծես փոխակերպումների երկար շղթա լինի, որը, հուսով եմ, բարեհաջող կանցնեմ։ Բայց ստեղծագործելիս ես իմ ապրումները չեմ վերածում երաժշտության, այլ օգտվում եմ իմ գլխում առկա անսպառ նյութից, այդ նյութը ավելի հզոր է, քան մեր ապրումները, այդ նյութի հիմքում ճշմարտությունն է, որն իր արտահայտությունն է գտնում ստեղծագործող մարդու գործերում։ «Ստեղծագործել» բառն ինքնին ամեն ինչ ասում է, այն նշանակում է արարել, ճշմարիտ արվեստ ստեղծել, ոչ թե գրել քո հույզերի, քո անցած ճանապարհի մասին։ Յուրաքանչյուր ստեղծագործող սա պետք է հասկանա, որպեսզի չհայտնվի թյուրիմացության մեջ։  Ցանկացած երաժշտություն, այդ թվում նաեւ՝  «Մետամորֆոզը»,  չպետք է մեկնաբանել հեղինակի կյանքի օրինակով, այն ուղղակի պետք է լսել, երաժշտական միտքը որսալ եւ հասկանալ։

– Ինչպե՞ս որսալ երաժշտական միտքը։ Ինչպե՞ս եք Դուք երաժշտություն լսում։

– Երաժշտություն լսելիս նախ պետք է կենտրոնանալ՝  հատկապես մեծածավալ ստեղծագործությունների դեպքում։ Ապա հասկանալ, թե որն է գլխավոր մեղեդին՝ մեծ թեման, լսել գլխավոր թեմային հակասող թեմաները, օժանդակող թեմաները։ Հետեւել, թե երաժշտական միտքը ինչ ճանապարհ է անցնում, ուր է հասնում, որտեղ է ավարտվում, եւ որտեղ է սկսվում հաջորդ երաժշտական թեման։ Բազում մեղեդիներ, միմյանցից տարբեր երաժշտական գծեր, որոնք ստեղծագործության ավարտին ընդհանուր մի գծով միավորվում են, ի՞նչն է նրանց կապում. սա շատ հետաքրքիր է։

Երաժշտական ստեղծագործություն լսելիս ես մեղեդու առաջին ձայնին գրեթե ուշադրություն չեմ դարձնում, քանի որ դա ամենաբարձր ձայնն է, դա շատ ավելի հանրամատչելի է, այդ ձայնը բովանդակությունը ներկայացնելու միջոց է, բայց բովանդակությունը չէ։ Բովանդակությունը երաժշտության խորքում է։  Ես լսում եմ բոլոր ձայները, որպեսզի իմ առջեւ բացահայտվի երաժշտության ներքին կողմը՝ բուն էությունը։  Իմ երաժշտությունը նույնպես այս մոտեցմամբ եմ գրում՝ խորքերում բուն միտքս դնելով։

– «Երանգներ»՝ ստեղծագործություն գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար։ Ի՞նչ  խորհուրդ կա այս ստեղծագործության խորքում։

– Բառերով լիարժեք չեմ խոսի այն, ինչը գրել եմ երաժշտական հնչյուններով։ Այս ստեղծագործությունը գրելիս ոգեշնչվել եմ ներկայիս իրականությամբ, իրականություն, որն ունի կտրուկ անցումներ եւ բուռն կերպով զարգանում է՝ իր հետեւից քաշ տալով մարդկային միտքը։ Այդ ամենով հանդերձ՝ երաժշտությանը հաղորդել եմ տարատեսակ երանգներ՝ փորձելով քողարկել այդ իրականությունը։

Ըստ ձեւի՝ ստեղծագործությունը կազմված է չորս հիմնական մասերից, առաջին մասը ազդարարում է գործի սկիզբը, ապա սկսվում է գլխավոր թեման՝ հիմնական նյութը, որը ընթացքում շատ մշակումների է ընթարկվում։ Արագ մասով գործը հասնում է կուլմինացիային, հետո նորից հանդարտվում, անդրադարձ կատարում դեպի առաջին մաս, եւ աստիճանաբար վերածվում կոդայի, որով եւ ավարտվում է գործը։

«Երանգներ» ստեղծագործությունը դեռ չի հնչել, բայց հուսով եմ, որ այն լավագույնս կարժանացնեմ երաժշտասերների ուշադրությանը։

Զրուցեց Մարիամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930