Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության պատմությունը ներկայացնում 1998-ից, երբ դրա կարգավորմամբ սկսել են զբաղվել 1994թ. հրադադարից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք». քաղաքագետ

Հունիս 17,2022 22:07

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը այսօր  «Հայելի» ակումբում անդրադառնալով հունիսի 15-ին  ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման պատմության մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած, իր բնութագրմամբ, շատ խնդրահարույց, անգամ վտանգավոր հայտարարություններին՝ ասաց. «Ես հիմա ուզում եմ ասել հետեւյալը: Եթե Նիկոլ Փաշինյանը մտահոգված է եւ անհրաժեշտ է համարել ներկայացնել ադրբեջանա-արցախյան հակամարտության պատմությունը՝ անաչառորեն փորձելով ցույց տալ ժամանակին այդ հարցերով զբաղված դերակատարների սխալները, բացթողումները, ինչո՞ւ է սկսել 1998 թվականից: Այստեղ հարց է առաջանում: Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմամբ սկսել են հիմնականում զբաղվել 1994 թվականի հրադադարից հետո: Հիշեցման կարգով բոլորին ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ  Հայաստանի Հանրապետության նախագահը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեհայրը: Ես սրանով որեւէ գաղտնիք չեմ բացահայտում:

Հետաքրքրական կլինի ծանոթանալ, թե ի՞նչ մոտեցում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ես հիմա կհրապարակեմ մի փաստ, որը առաջին անգամ չէ, որ հրապարակում եմ: Բայց, կարծում եմ, լայն զանգվածները դրա մասին լավագույնս տեղեկացված չեն: Այստեղ ակնհայտ, պարզորոշ կերևա, թե ինչ մոտեցում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի կարգավիճակի եւ այլնի մասին»:

Բանախոսը տարընթարցումներից խուսափելու նպատակով  ռուսերեն, առանց թարգմանելու մեջբերեց մի հատված 1992 թվականի մարտի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին տված հարցազրույցից: «Մեջբերումից պարզորոշ տեսնում ենք, որ նա կողմ է եղել Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորությանը՝ Արցախը համարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասը: Եվ երկրորդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծել է, որ այդպիսով երաշխավորված կլինի արցախահայության կենսագործունեությունը Ադրբեջանի կազմում: Այստեղ նույնիսկ մեկնաբանության կարիք չկա: Եթե այս խոսքերի հեղինակի անուն ազգանունը մի պահ փակենք, հնչեցնենք եւ դիմենք հանրությանը՝ կռահելու, թե ում խոսքերն են սրանք, ում կարող են պատկանել, ապա, կարծում եմ, որ հայ հասարակության զգալի մասը կտա օկուպանտ Ադրբեջանի սուլթան Ալիեւի, կամ ցեղասպան Թուրքիայի մյուս սուլթան Էրդողանի անունը:

Սա հիշեցման կարգով, թե ինչ մոտեցում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ի դեպ, ասեմ նաեւ, որ մոտավորապես այս տեսակետին է եղել, նաեւ այժմ է Նիկոլ Փաշինյանը: Դեռեւս սրանից 21 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում մի հոդվածով հանդես է եկել այն դիրքերից, որ 1991-1994 թվականների ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ազատագրված իրավական առումով եւ պատմականորեն Արցախին պատկանող տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին»,-ասաց Ստեփան Հասան-Ջալալյանը եւ 2001 թվականի մայիսի 22-ին հրապարակված այդ հոդվածից եւս մի հատված ընթերցեց, որպեսզի տարընթերցում չառաջանա: «Ինձ զարմացնում է, որ դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին: Մերը թողած, ուզում ենք տեր լինել  ուրիշին: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել՝ չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես: ինչի՞ պետք է մերը լինեն  Ադրբեջանի յոթ շրջանները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930