Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկայից որակյալ բովանդակության համար փող ստանալը հնարավոր չի լինելու․ դրա մասին պետք է մտածի պետությունը, հանրությունը, տարբեր դոնոր կազմակերպություններ»․ Բորիս Նավասարդյան

Հունիս 17,2022 20:30

«Այս ցուցանիշի այսպիսի տխուր պատկերի մեջ մեծ դեր ունի 44-օրյա պատերազմը և այն ամբողջ ապատեղեկատվությունը, որն այդ բոլոր օրերին հորդեց լրատվական դաշտից»,- «Հոդված 3» ակումբում «Մեդիան` թիրախում. ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով հանրային քննարկման  ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանը՝ անդրադառնալով CRRC-ի ուսումնասիրությանը։

Ըստ այդ ուսումնասիրության՝ հասարակության 52 տոկոսի համար ԶԼՄ-ներն ընդհանրապես վստահելի չեն:

Արևիկ Սահակյանը հիշեցրեց՝ պատերազմի օրերին տրվում էր պաշտոնական տեղեկատվություն․ ԶԼՄ-ները հաճախ իրավունք չունեին կասկածի տակ դնել այն, բայց սպառողը, քաղաքացին այդ ամենի մեղավորը դիտում էր լրատվամիջոցներին։

Ըստ Արևիկ Սահակյանի՝ առկա է նաև լրատվադաշտի բևեռացվածության խնդիրը․ «Չափազանց բևեռացված մի իրավիճակում ենք, երբ ունենալով նման մեդիադաշտ, որտեղ անկախ լրատվական դաշտ ձևավորված չէ, և քաղաքական բևեռացվածությունը չէր կարող չպրոյեկտվել մեդիադաշտի վրա և չունենալ իր բացասական հետևանքները»։

Նրա փաստմամբ՝ ամեն տեղ էլ կան լավ ու վատ տեղեկություն տվող լրատվամիջոցներ, բայց Արևիկ Սահակյանի համոզմամբ՝ ավելի կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք աշխատել մեր հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

«Հետք» հետաքննական պարբերականի գործադիր տնօրեն Քրիստինե Բարսեղյանի համոզմամբ՝ սա սպասելի ցուցանիշ էր։ Ըստ նրա՝ մեր հասարակության մեջ վստահության ճգնաժամ կա ոչ միայն ԶԼՄ-ների, այլև պետական ինստիտուտների ու մեկմեկու նկատմամբ․ «Մենք հիմա ծանր շրջան ենք ապրում։ Ապրում ենք տեղեկատվական պատերազմների շրջանում, երբ պայքար է գնում իշխանության համար։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց ազդեցությունն են ունենում հասարակական կարծիքի վրա։ Զարմանալի չէ, որ իրենց զինանոցում այդ ուժերն ունեն ոչ մաքուր զենքեր․ օգտագործում են տեղեկատվական պատերազմի ողջ զինանոցը»։

Անդրադառնալով հարցմանը՝ նա նշեց՝ չգիտի՝ ովքեր են եղել հարցման ֆոկուս խմբում, հասարակության որ շերտերն են, չգիտի՝ նրանք իրենց տեղեկատվական ընտրանքն ինչպես են կատարում ու հավելեց․ «Ապրում ենք սոցիալական մեդիայի դարաշրջանում, որտեղ սոցիալական մեդիայի օգտատերերի էջերը, բլոգերների էջերը ագրեգատները մարդկանց մի խմբի ընկալմամբ՝ նույն հարթության վրա են դրվում ԶԼՄ-ների, պրոֆեսիոնալ լրագրողների հետ։ Այս՝ մի հարթության վրա դնելը մեզ ընդհանուր գնահատականի է արժանացնում։ Մարդկանց էլ չեմ մեղադրում, որ այս ընդհանուր աղմուկում չեն հասկանում՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ կեղծիքը»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ մինչև բովանդակության խնդիրը չլուծենք, խնդիր ենք ունենալու լսարանին դաստիարակելու և կրթելու առումով։ Անդրադառնալով իշխանությունների և քաղաքական ուժերի կողմից ԶԼՄ-ների վերաբերմունքին նա ասաց․ «Երբ դուք քննադատում եք լրատվամիջոցներին, իսկ դուք ի՞նչ պատվեր եք տալիս այդ լրատվամիջոցներին, որոնք ձեր հսկողության տակ են։ Դուք հենց այդ պատվերը տալիս եք, որի համար հետո այդ ԶԼՄ-ներին մեղադրում եք։ Ունենք փոքր սեգմենտ այն ԶԼՄ-ների, որոնք փորձում են անկախ լինել»։

Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ միայն շուկայի, միայն ֆինանսապես անկախ լինելու շնորհիվ ԶԼՄ-ները չեն դառնալու ավելի ազդեցիկ։ Այս առիթով մանրամասնեց․ «Ցավոք, տեխնոլոգիաների զարգացումը բերում է նրան, որ շուկայից որակյալ բովանդակության համար փող ստանալը հնարավոր չի լինելու։ Ուրեմն դրա մասին պետք է մտածի պետությունը, հանրությունը, տարբեր դոնոր կազմակերպություններ։ Միայն հստակ շուկայական ինդուստրիալ քաղաքականություն մշակելու միջոցով կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Քաղաքականությունը, օրենսդրությունը պիտի բարենպաստ լինեն որակյալ բովանադակության համար»։

Լուսանկարները՝ «Հոդված 3» ակումբի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930