Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ եւ ինչո՞ւ են պատգամավորները զրկվել անձեռնմխելիությունից կամ մանդատից․ ժամանակագրություն

Հունիս 17,2022 17:39

Արդեն 2-րդ ամիսն է, ինչ 2021թ․ ընտրություններով ձեւավորված խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ չեն գալիս՝ փողոցում Դիմադրության շարժման բողոքի գործողություններով պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իշխանական վերնախավում քննարկում են ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը․ ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր օրերս հայտարարել, կա տրամադրվածություն ԱԺ խորհուրդին դիմելու, բայց վերջնական որոշում դեռ չեն կայացրել։

Ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս հարցի հետ կապված պատգամավորների կարծիքները տարբեր են։

Մամուլում շրջանառվում են անուններն այն ընդդիմադիր պատգամավորների, որոնք արդեն իսկ հատել են օրենքի թույլատրելի բացակայության շեմը, որի հիմքով էլ կարող է քննարկվել նրանց՝ մանդատից զրկվելու հարցը․ Սաղաթելյան Իշխան, Հակոբյան Վահե, Գալստյան Լիլիթ, Ռուստամյան Արմեն, Ղազինյան Արթուր, Մանուկյան Գեղամ, Վարդանյան Աղվան, Թևանյան Անդրանիկ, Սիմոնյան Աշոտ, Չարչյան Արմեն, Կրպեյան Ասպրամ, Խաչատրյան Արթուր, Մանուկյան Արեգնազ, Վանեցյան Արթուր։

  • ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը պարտավոր է՝ ընդգրկվել մեկ մշտական հանձնաժողովի կազմում, մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նիստերին, մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին, պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը, կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները:

Վերջին երկու ամսում կայացած ԱԺ արտահերթ եւ լիագումար նիստերի ժամանակ իշխող խմբակցության անդամներն ու ԱԺ նախագահը քանիցս հայտարարել են, որ ընդդիմադիրները չեն կատարում իրենց նշյալ պարտականությունները։ Սա՝ աշխատելու մասին, իսկ իշխանականների քաղաքական որակումները Դիմադրության շարժման օրակարգի մասին արդեն իսկ հայտնի են։

Արա Ղազարյան

Հետաքրքրական է, որ իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը հնչեցրել է գնահատական, որ փողոցում պատգամավորների պայքարը հասարակական հիմունքով է՝ կապ չունի նրանց պատգամավորական կարգավիճակի հետ․ «Պատգամավորին բացակայության համար մանդատից զրկելը, որքան հասկացա, կարգապահական պատասխանատվության ենթարկելու եղանակ է։ Բայց դա որևէ կապ չունի նրանց հանրային գործունեության հետ, որովհետև չէ՞ որ նրանք հանրային գործունեությամբ չեն զբաղվում՝ որպես պատգամավոր։ Տարբեր երկրներում նման դեպքերում պատգամավորների նկատմամբ կան նման սանկցիաներ՝ լիազորությունների ժամանակավոր դադարեցում մի քանի ամսով, կամ նիստերին մասնակցելու իրավունքից զրկում, և այլն»:

Aravot.am-ը փորձել է վերհիշել, թե նորանկախ ՀՀ-ում ե՞րբ եւ ինչո՞ւ են որոշ պատգամավորներ զրկվել անձեռնմխելիությունից կամ մանդատներից, կամ երկուսից՝ հաջորդաբար ոչ միշտ է պատահել, որ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո պատգամավորը կորցրել է նաեւ մանդատը կամ մանդատից զրկելու քննարկումը հասել է ավարտին։ Եղել են նաեւ դեպքեր, երբ այս կամ այն միջադեպի ու հրապարակային հայտարարությունների արդյունքում որոշ քաղաքական գործիչների կամ հանրային, մասնագիտական խմբերի կողմից հնչել են այս կամ այն պատգամավորին մանդատից զրկելու պահանջներ, սակայն բանը չի հասել մանդատը վայր դնելուն։

Նախ նշենք, որ մինչ այսօր Հայաստանում անհարգելի բացակայությունների պատճառով պատգամավորի լիազորությունների դադարեցման միայն 1 նախադեպ է եղել: Գրեթե 22 տարի առաջ հոկտեմբերի 9-ին մանդատից այդ հիմքով զրկվել է Վանո Սիրադեղյանը: Նրա հանդեպ նաեւ քրեական հետապնդում էր իրականացվել։

Վանո Սիրադեղյան

Վերհիշենք, որ ներքին գործերի նախկին նախարար, այն ժամանակ ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Վանո Սիրադեղյանը ձերբակալվել էր 1999 թվականի մայիսի 3-ին․ նա մեղադրվում էր այն բանում, որ լինելով ներքին գործերի նախարար՝ կազմակերպել էր կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա՝ վերջիններիս հանձնարարելով հարձակումներ գործել առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ: Նույն ամսում ՀՀՇ-ական պատգամավորն ազատվել էր ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը: Ապրիլի 4-ին ԱԺ պատգամավորները 77 կողմ և 10 դեմ քվեարկությամբ բավարարեցին գլխավոր դատախազի միջնորդությունը՝ զրկելու Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Վանո Սիրադեղյանին կալանավորել չհասցրին․ նա անհետացավ, գտնվելու վայրը հայտնի չէր: Ավելի ուշ նա զրկվեց նաև պատգամավորական մանդատից: Վանո Սիրադեղյանը մահացավ 2021թ․-ին։

1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի տոկոսով ավելի քվե էր ստացել, քան Վազգեն Մանուկյանը։ Երևանում բազմամարդ հավաքներ ու ցույցեր էին։ Սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների միջև ծեծկռտուք էր եղել։ ԱԺ-ն քննարկել էր այդ ժամանակվա գլխավոր դատախազի միջնորդությունը եւ բավարարել այն․ քրեական պատասխանատվության ենթարկվեցին ընդդիմադիր պատգամավորներ Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը, Ներսես Զեյնալվանդյանը:

Մուշեղ Մովսիսյան

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նոյեմբերին, ԱԺ-ն քննարկեց ու բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը եւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Մուշեղ Մովսիսյանին, որը մեղադրվում էր այդ հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործակցելու մեջ: 2004թ․-ին նա մահացավ ավտովթարից:

Արթուր Բաղդասարյան

2004թ-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ընդդիմադիր «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների պատգամավորների բոյկոտին, հայտարարել էր․ «Որքա՞ն կարող է շարունակվել այն: Կան երկրներ, որոնք արդեն կանոնակարգել են այս հարաբերությունները, եւ ես արդեն համապատասխան հանձնարարական եմ տվել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ պատրաստելու համար, թե ինչ է նշանակում պատգամավորական գործունեության բոյկոտ։ Երբ պատգամավորն ընտրվում Է 4 տարի ժամկետով, կարո՞ղ է 4 տարի շարունակ բոյկոտել խորհրդարանի գործունեությունը․․․Պատգամավորին մանդատից զրկել-չզրկելու հարցը քաղաքական վճիռ է, որը դրսեւորվում է կոնկրետ քվեարկությամբ: Կոալիցիան վճիռ կկայացնի համապատասխան քննարկումներ անցկացնելուց հետո: Ինքս դեմ եմ հապճեպ որոշումներ կայացնելուն եւ պատգամավորներին մանդատից զրկելուն, բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ այս հարցերին պետք Է տրվի իրավական լուծում»։

2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից հետո միանգամից 4 պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելիությունից: Մարտի 4-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը: Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ  Հակոբյանը նիստին ներկա էին, իսկ Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանն ընդհատակում էին: 4 պատգամավորները մեղադրվում էին զանգվածային անկարգությունների համար, որոնք ուղեկցվել են սպանությամբ և իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով: Ազգային ժողովը բավարարել էր միջնորդությունը, եւ Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, բայց 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվել: Իսկ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը դատապարտվել էին 5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել 2009թ․-ին։

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2011թ․-ին, երբ նա այլևս Հայաստանում չէր:

2012թ-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը խախտել էր «Ժառանգություն» կուսակցության հետ ունեցած մի շարք պայմանավորվածություններ: Այս մասին հայտարարել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է Քոքոբելյանին մանդատից զրկելու պահանջ դրվի, Հակոբյանը պատասխանել էր․ «Մենք չէ, որ պետք է հասնենք դրան: Այստեղ նաեւ բարոյականության հարց է առաջանում, որովհետեւ ի վերջո` «մարդը պետք է գեղեցկացնի մանդատը», ոչ թե հակառակը, իսկ մանդատը քաղաքական, բարոյական առումներով ունի որոշակի ֆունկցիաներ: Իր որոշելիքն է, ես ոչինչ չունեմ ասելու»։

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պայքարում էին միասնական ցուցակով, որի առաջին համարն էր Րաֆֆի Հովհաննիսյանը․ նրան հաջորդում էին Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, հրաժարվեց պատգամավորական մանդատից` նշելով, որ նույնն անելու պայմանավորվածություն կա Խաչատուր Քոքոբելյանի հետ: Քոքոբելյանը հերքեց այդ պայմանավորվածությունը։ Այսպես, երկու կուսակցությունների ճանապարհները բաժանվեցին։

Վարդան Օսկանյան

2012թին արտաքին գործերի արդեն նախկին նախարար Վարդան Օսկանյանն անձեռնմխելիությունից զրկվեց ԲՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու առաջին իսկ տարում՝ «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի պատճառով։ Ըստ գլխավոր դատախազի այդ ժամանակվա միջնորդության՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել էր բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները: ԱԺ-ում քվեարկությունը բոյկոտել էին «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները: Արդեն 2013 թ․-ին Օսկանյանի դեմ գործը կարճվեց։

Վարդան Այվազյան

2012թ-ին մի խումբ քաղաքացիներ դիմել էին ՀՀ Ազգային ժողովին եւ պահանջել ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար, քննության առնել Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը` դրանով իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելով անկաշկանդ հետաքննություն վարել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության վերաբերյալ:

Ռուբեն Հայրապետյան

2012թ հուլիսին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում ծեծի հետեւանքով բժիշկ Վահե Ավետյանի մահից հետո մանդատը վայր դնելու մասին հայտարարություն տարածեց ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը․ «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց․․․»։

2013թ հոկտեմբերին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրկվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամի մանդատից։ Նրա՝ պատգամավորական մանդատից զրկվելու հարցը 2014թ․-ին քննարկվել է նաեւ խորհրդարանական մակարդակում՝ բացակայությունների հիմքով։

Գագիկ Ծառուկյան

2015թ փետրվարին «Հանրապետական» խմբակցությունը կքննարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը լրագրողներին ասել էր․ «Կա որոշակի բացակայությունների թիվ, եթե որևէ պատգամավոր այդ թվից ավելի անհարկի բացակայում է, ապա սկսվում է մանդատից զրկելու գործընթացը»։ Նույն ամսում նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա: 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,-նշել էր Սերժ Սարգսյանը:

Այս ժամանակ ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր․ «Սա քաղաքական հետապնդում չէ: Պարզապես ոչ միայն ես, այլև քաղաքական այն ուժը, որը ես ներկայացնում եմ, միշտ էլ փորձել ենք այնպես անել, որ խորհրդարանում լարվածությունը չմեծանա, համագործակցության դաշտ ստեղծվի, սակայն մի օր դա էլ է իր վերջն ու վախճանն ունենում»։

2015թ-ի մարտին, սակայն ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դադարեցրել էր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը․ նա աշխատանքը շարունակեց որպես անկախ պատգամավոր։ «Ես օրեր առաջ լրացուցիչ մեկնաբանություններ եմ ստացել Ծառուկյանից: Մեկնաբանությունը հետևյալն էր, որ ինքը իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, որը իրողություն է և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ խնդիրը նրանում է, որ բացակայությունները հարգելի են համարվել»,-որոշումն այսպես էր բացատրել Գալուստ Սահակյանը։ Հարցին՝ իշխանությունները «փոշմանե՞լ են», Գալուստ Սահակյանը պատասխանել էր․ «Իշխանությունները երբեք չեն փոշմանում, դա իմ որոշելու խնդիրն է: Ես բավական լուրջ եմ խնդիրն ուսումնասիրել, զրուցել եմ շատերի հետ, փորձել եմ այլ ուսումնասիրության տարբերակներ և վերջանական որոշումը դա է»:

2016թ-ին լրագրողական համայնքը ՀՀԿ-ից պահանջում էր քննության առարկա դարձնել պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքն ու նրան հորդորել վայր դնել մանդատը։ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի դեպքում եւս ԶԼՄ-ները պահանջել էին քննության առարկա դարձնել նրա վարքի եւ մանդատի հարցը։

Աղվան Վարդանյան

2018թ մայիսի մեկին ԱԺ նիստում ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը հակադրվեց կուսակցության որոշմանը՝ հայտարարելով, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, չի մասնակցելու քվեարկությանը և պատրաստ է վաղաժամ վայր դնել մանդատը։ ՀՅԴ-ի անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց համար անակնկալ էր Աղվան Վարդանյանի ելույթը և իրենց կուսակցությունում դա քննարկման առարկա կդառնա։ ՀՅԴ Գերագույն մարմինն այդ օրը հայտարարել էր․ «Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»: Աղվան Վարդանյանը վայր դրեց մանդատը՝ խոստման համաձայն։

Մանվել Գրիգորյան

2018թ հունիսին ԱԺ նիստում (նախագահող Արա Բաբլոյան) քննարկվեց եւ բավարարվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այդ ժամանակ ասել էր․ «Եթե նա, իսկապես, գեներալ է, զինվորական է, թող հրաժարվի մանդատից, եւ իր ընկերներին, իր գործընկերներին չդնի ծանր իրավիճակի մեջ: Ես այս խորհուրդը կտայի, որովհետեւ ինքը, երեւի թե պատմության մեջ ոչ մեկ ուրիշ մեղադրյալ, կարող է ունենալ այնպիսի աջակցություն, այնպիսի պատգամավորական մեծ խմբակցության աջակցություն, որը կապահովի, իմ խորին համոզմամբ, դատաքննության, քննության, նախաքննության բոլոր գործառույթների ժամանակ արդարությունը եւ ամեն բան պետք է ճշտվի այդ ընթացքում․․․Այսօր ինքը չեկավ, չներկայացավ այստեղ, չնայեց մեր աչքերին: Երեւի, օրենքը դա իրեն թույլ էր տալիս, ոչ մեկը չի վիճում, բայց գեներալի պահվածքը, նորից եմ կրկնում, այդպես չպետք է լինի: Պետք է ինքը կարողանա նայել դժվարությանը դեմ-հանդիման եւ փորձի լուծումներ գտնել: Այս իմաստով նորից կրկնվեմ, որ տվյալ պահին լավագույն լուծումը կլիներ, որ ինքը հրաժարվեր մանդատից եւ օգտվեր իր խմբակցության` այն խմբակցության, որին պատկանում է, քաղաքական աջակցությունից` քննությանը նորմալ ընթացք տալու իմաստով»։

Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից։ Քրեական գործն իր մասով հանգուցալուծման չհասավ, նա մահացավ 2020թ․ նոյեմբերին։

2019թ հուլիսին ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ցավալի որակեց այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ որոշ անձինք այցելել են Բաղրամյան 26, լուսանկարվել նախագահ Արմեն Սարգսյանի աթոռին։ «Այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են սպառնում երկրի անվտանգությանը՝ իրենց ամենաթողությամբ ու թեթև վերաբերմունքով: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հասարակությունն իր գնահատականը տա սրան, պետք գնահատական տան համապատասխան մարմինները, և հաջորդի երկրի նախագահի պատասխանը: Պետք է բարձրացվի նաև այդ պատգամավորի մանդատի հարցը»,-լրագրողներին ասել էր Մարգարիտ Եսայանը:

2020թ-ի հունիսի 16-ի ԱԺ նիստում (նախագահող՝ Արարատ Միրզոյան) քննարկվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, եւ խորհրդարանը քվեարկությամբ համաձայնություն տվեց դրան։

Այդ ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց․ «Ձեր ներկայացրած միջնորդությունն ապօրինի է, դա փաստ է։ Այս մասին արդեն ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ, իրավապաշտպան կազմակերպություններ»։ Հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ բացահայտվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված է եղել կուսակցության ղեկավար կազմը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ ներգրավվել են ԱԱԾ-ի մեկ այլ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքերի գործում: Այս քրեական գործը դեռ չի հանգուցալուծվել։

Սասուն Միքայելյան եւ Էդմոն Մարուքյան

2020թին մայիսի 11-ի նիստում ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ ձեռնամարտից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել էր․ «Այս դահլիճում դեպք է պատահել: Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն է, էգուց կասի՝ չգիտեմ, ինձ կերան, սպանեցին, մորթեցին: Ես առաջարկում եմ, էն ինչ արվել է էս դահլիճում, կատարվել է, իր մեղքով է կատարվել: Եթե էդքան տղա է ինքը, մենք երկուսս մանդատներս դնում ենք: Թող էս կուսակցություններն իրենց գործը շարունակեն: Շնորհակալություն: Եթե կարող է, տղա է էդքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»։ Այստեղ հնչել էին ծափահարություններ։

«Իմ քայլը» խմբակցության այդ ժամանակվա ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր․ «Այո, քաղաքական հետեւանք պետք է լինի եւ Սասուն Միքայելյանի առաջարկով նաեւ, Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաեւ Էդմոն Մարուքյանը, ավելին, իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը եւ Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարությունը եւ սա է քաղաքական հետեւանքը, որը պետք է տեղի ունենա, եթե իհարկե, այն մարդիկ, ովքեր հայտարարում են եւ խոսում են արժեքներից, իսկապես, այդ արժեքների կրողներն են»։

Նշյալ պատգամավորներն, արդյունքում, մանդատները վայր չդրեցին։

2020թհունվարի 24-ի նիստում (նախագահող՝ Արարատ Միրզոյան) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խոսել էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի վարքի մասին․ «Գրել ստատուսներ եւ վիրավորել ինձ եւ իմ գործընկերներին՝ չի աշխատելու այդ ձեւը, պաշտոնապես հայտարարում եմ, չի կարելի գնալ, գրել վիրավորանք պարունակող, ծաղրանք պարունակող ստատուսներ։ Խոսքը Գեւորգ Պետրոսյանի մտքի վերջին գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել եւ վերջում ասել է, որ կան ԱԺ-ն ցրելու տարբեր ձեւեր, եւ այդ ձեւերից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մանդատների ամբողջական վայր դնելն է, դե, քուանշ, ուրեմն։ 20 օր ժամանակ կա, դուք հաճախ ասում եք, որ ինչ-որ մարդիկ ձայներ չեն հավաքել, ի դեպ, Պետրոսյան Գեւորգը 656 ձայն է հավաքել Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո, կա 20 օր ժամանակ, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ վերջնականապես դուրս գալ այդ ոճից»։

Այս վեճի արդյունքում եւս մանդատները վայր դնողներ չեղան։

2021թ փետրվարին ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը դիմել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով կա՛մ զրկել Անուշ Բեղլոյանին պատգամավորական մանդատից, կա՛մ սահմանափակել միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը: Անուշ Բեղլոյանը կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը, և ում է պատկանում Արցախը: Բեղլոյանի՝ մանդատը վայր դնելու հարցը չի քննարկվել։

Քաղաքական-հանրային շրջանակներում 2017թ-ին բարձրաձայնվում էր ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանին ու Խոսրով Հարությունյանին մանդատից զրկելու հարցը՝ հետեւյալ հայտարարությունների համար․

Հակոբ Հակոբյան․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: … Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Խոսրով Հարությունյան․ «Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միեւնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել… Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»։

Պատգամավորները վայր չեն դրել մանդատները նշյալ հիմքով։

 

Եթե վերադառնանք մեր օրերին, ապա պետք է հիշատակել, որ որոշ ընդդիմադիր պատգամավորների՝ խորհրդարանից դուրս եղած գործունեությունը եւ վարքը նույնպես հանրային քննարկումների տիրույթում արժանացել է մանդատից զրկելու մասին դիտարկումների։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ ոստիկաններից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի եւ Աննա Մկրտչյանի, Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի՝ առողջապահության նախարարության շենք մտնելու հետքերով հնչել են նրան մանդատից զրկելու անհրաժեշտության մասին գնահատականներ։ Ինչպես հրապարակման սկզբում էինք նշել՝ գործող իշխանությունն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու վերջնական որոշում չունի։

Հրապարակման պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Տեղեկատվության աղբյուրներ՝

Parliament.am

«Փաստերի ստուգման հարթակ»

ԶԼՄ հրապարակումներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930