Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի արտիստ ասել էր` եթե չտաք ժողովրդականի կոչում, ինֆարկտ կխփի, դուրս էր եկել` ինֆարկտը խփել էր». Արա Խզմալյան

Հունիս 17,2022 16:44

ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, ըստ որի՝ չեղարկվում են արվեստի ու մշակույթի գործիչներին տրվող ժողովրդականի եւ վաստակավորի կոչումները: Նախագիծն արդեն դրված է e-draft հարթակում եւ ոմանց մոտ բուռն դժգոհությունների տեղիք է տվել: Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին օրենքում։

Ժողովրդականի եւ վաստակավորի կոչումները նախատեսվում է հանել, բայց արվեստի եւ մշակույթի վաստակավոր գործիչ կոչումը մնում է: «Քանի որ կա գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր մանկավարժ, վաստակավոր բժիշկ, եւ տարբեր ոլորտներում այս տիտղոսը չի չեղարկվում, այդ նկատառումից ելնելով, որ ոլորտը չհայտնվի մեկուսացյալ վիճակում, մենք թողել ենք արվեստի վաստակավոր գործչի կոչումը: Արվեստի վաստակավոր գործչի մեջ ամփոփվում է եւ ժողովրդական արտիստը, եւ վաստակավոր արտիստը, այսինքն` ամբողջ թատերահամերգային բլոկը եւ ժամանակակից արվեստը տեղավորվում է արվեստի վաստակավոր գործիչ ձեւակերպման մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ապա հավելեց. «Ոչինչ մեր ոլորտն այնպես չի աղավաղում, չի շեղում մարդկանց իրենց բուն մասնագիտական խնդիրներից, որքան այս կոչումները, անառողջ մրցակցություն է սկսել ծավալվել; Դուք գիտեք, թե ինչ ապականված անցյալ ունեն պատվավոր կոչումները, դրանք ստեղծվել են ԽՍՀՄ տոտալիտար համակարգում, եւ նպատակն էր ձեւավորել հեղինակություններ, որոնց միջոցով էլ ապահովել քաղաքական ազդեցություն` իրականության հանդեպ:

Որեւէ մեկը շատ պարզ բառապաշարով կարո՞ղ է ինձ բացատրել` ո”վ է տվել 10 հոգի փորձագետներին այն ժողովրդական մանդատը, որ նստեն աշխատասենյակում եւ մարդուն օժտեն ժողովրդականի կոչմամբ: Ինչպես որ ժողովրդականի կոչում հնարավոր չէ նշանակել, այնպես էլ հնարավոր չէ գեղարվեստական ղեկավար նշանակել, սրանք աբսուրդ են, նոնսենս: Գեղարվեստական ղեկավարն ինքն է իրեն հռչակում եւ դարձնում գեղարվեստական ղեկավար, եթե ունի այդ հեղինակությունն ու ճանաչումը, ժողովրդական արտիստը ինքն է իրեն հռչակում ժողովրդական, դա բնական կարգավիճակ է, եւ ոչ թե շնորհվում պետության կողմից»:

Փոխնախարարը նաեւ ասաց, որ կոչումների չեղարկումով բարձրացնում են շքանշանների արժեքը. «Կտրվեն շատ քիչ, բայց կտրվեն արժանավորներին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս պահին կոչումների քանի հայտ է ստացել ԿԳՄՍ նախարարությունը: «Եթե չեմ սխալվում՝ 150-ից ավելի հայտ ենք ստացել»: Նրա ձեւակերպմամբ. «Այս զառանցանքին, սովետական այս ռուդիմենտալ իրավիճակին պետք է վերջ տալ…Էլի եմ կրկնում` աննորմալ մի բան է, երբ մի քանի մասնագետներով նստում որոշում ենք, թե ով է ժողովրդական արտիստ…Ժողովրդականի ու վաստակավորի կոչումներից հրաժարվելով` մենք չենք ասում`եկեք հրաժարվենք մեր արվեստագետներին արժեւորելու ամբողջ համակարգից: Նման խնդիր չկա, ի վերջո, կա Մովսես Խորենացի մեդալ, ԿԳՄՍ ոսկե մեդալ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր աստիճանների շքանշաններ, Մեսրոպ Մաշտոց…Դրանք կան եւ կտրվեն արժանավորներին, բայց պետք է հանրությանը առողջացնել եւ դուրս բերել այս պարապ մրցակցությունից»:

Նա առանց անուն նշելու մի դիպված հիշեց. «Ինձ մոտ մտել էր մի շատ հարգելի արտիստ, ասել էր` եթե չտաք ժողովրդականի կոչում, ինձ ինֆարկտ կխփի, եւ իսկապես դուրս էր եկել, ու ինֆարկտը խփել էր»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930