Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր ենք վերադառնալ». Թեքեյան կենտրոնում բացվել է Զոհրաբ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Հունիս 17,2022 16:39

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Հովհ. Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ Թեքեյան կենտրոնում հունիսի 15-ին բացվեց լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի տարբեր տարիների աշխատանքներ, որոնք արտացոլում են հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր, կամուրջներ ու ժայռապատկերներ:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանի խոսքով՝ ցուցահանդեսն ինքնին շատ զգացմունքային ու խոսուն է, նույնիսկ ուղերձ է` գնահատել, արժեւորել, պահպանել այն, ինչ ձեռք է բերվել հայ մարդու քրտինքով ու շատ հաճախ արյունով՝ ազգային ժառանգությունն ու արժեքները, այդ թվում մարդկանց, որոնք ապրում ու արարում են հանուն հայրենիքի: «Այս քարե նմուշները հայի ծագման, գոյության ու ինքնության վկայություններն են մեր բուն հայրենիքի տարածքներում: Զգաստանալու, սթափվելու ուղերձ է մեզ, մեր սերունդներին՝ տեր կանգնել մեր մշակույթին, պատմությանն ու հայրենիքին: Մենք պարտավոր ենք վերադառնալ…», – հավելեց Ա. Ծուլիկյանը:

Ցավոք, լուսանկարներում պատկերված Աղավնո գետի ավազանն իր պատմամշակութային հուշարձաններով ներկայումս գտնվում է թշնամու տիրապետության տակ:

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հիշեցրեց, որ «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել էր 2021թ. թանգարանի «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում եւ նվիրված էր Բերձորի ազատագրման 29-ամյակին: Ցուցահանդեսը եւս մեկ առիթ է ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու Քաշաթաղը, քանի որ համաձայն Թումանյանի խոսքի՝ այն, ինչ չենք ճանաչում, պահպանել չենք կարող:

Թեքեյան կենտրոնում «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի 30-ը:

Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ԵՊՀ «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ` նույն վարչության պետի տեղակալ։

1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930