Հունիսի 17-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ ատամնաբուժական ծառայությունների մատուցման դաշտում առաջացած և հանրային հնչեղություն ստացած խնդիրները քննարկելու նպատակով:
Լսումներին հրավիրված էին ատամնաբուժական գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները և անհատ ձեռնարկատերերը:
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է 2021 թվականի սկզբին ատամնաբույժների հետ հանդիպման արդյունքում ծնված ծրագիրը, ըստ որի պետպատվերում ընդգրկվել են թվով 22 կլինիկաներ, մինչ այդ պետպատվեր էր իրականացնում միայն մեկ ատամնաբուժարան: Նա շեշտել է, որ ծրագրի նպատակը որակյալ ծառայության մատուցումն էր բնակչության առավել լայն շերտերի: Այդ նպատակով ուսումնասիրություն են իրականացրել, գնացուցակ որոշել ու համապատասխան պայմանագրեր կնքել:
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը մատնանշել է, որ ատամնաբույժների դժգոհությունը թերի ֆինանսավորման հետ է կապված:
Կարդացեք նաև
Նախարարի պարզաբանմամբ՝ ընթացքում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ատամնաբուժարանների մի մասը հրաժարվել է ծառայություն մատուցելուց, ուստի 2022 թվականին պայմանագիր է կնքվել 11 կլինիկայի հետ:
Միքայել Հայրիյանը պատասխանել է լսումների մասնակիցների հարցերին, խոսել համակարգում տեղ գտած թերացումներից ու նշել, որ մասնագետների վերապատրաստման կարիք է տեսնում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2023 թվականին պետպատվերի շրջանակներում ատամնաբուժական ծառայություն մատուցելու ծրագիրը կընդլայնվի:
Պատգամավոր Արևիկ Պետրոսյանը առաջարկել է ատամնաբույժների ընկերակցություն ստեղծել, որը կպաշտպանի ատամնաբույժների շահերը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին