ԱԺԲ խորհրդի անդամ, բժիշկ Վահե Գասպարյանը Իգոր Մուրադյանի հիշատակի օրը Եռաբլուրում նրա շիրիմի մոտ ասաց. «Տարիներ շարունակ ինքս ինձ հարց եմ տվել, թե ո՞րն է մեր՝ հայերիս, սխալների, կորուստների գլխավոր պատճառը: Ու չեմ կարողացել բացատրություն գտնել: Իմ հարցին պատասխանեց Խորհրդային Միության հատուկ ծատայությունների ուկրաինացի նախկին մի գործակալ, հիմա հայտնի մի բլոգեր, երբ խնդրեցի նրան մաղթանքով դիմել հայ ժողովրդին: Նա ասաց, որ ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդը ձեւավորի քաղաքական էլիտա եւ գնահատի այն: Եվ դրանից հետո ես հասկացա, որ մեր խնդիրը հենց դա է: Կամ բառի բուն իմաստով չենք ունեցել քաղաքական էլիտա, կամ կարճ ժամանակով ունեցել ենք, բայց չենք գնահատել, դավաճանել ենք, այդ մարդկանց տեղ չենք տվել:
Չակերտավոր էլիտան, որ հիմա խոսում է Արցախի մասին եւ քարոզում խաղաղություն, իրականում մոտեցնում է պատերազմը, որովհետեւ պատերազմից վախենալով եւ քարոզելով խաղաղություն՝ դու իրականում միայն մոտեցնում ես պատերազմը, դու ժողովրդին դիմադրելու ունակությունից, կամքից, վճռականությունից ես զրկում: Նույնիսկ գեղեցիկ բառերով մատուցում են, որ եթե լինի պատերազմ, դա աղետալի կլինի ու դրա համար ուզենք թե չէ, պիտի սա զիջենք, նա զիջենք: Առաջ մենք խոսում էինք Արցախի կարգավիճակի մասին՝ դրանից բխող իրավունքներով, հիմա խոսում ենք իրավունքների մասին՝ դրանից բխող կարգավիճակով: Սա զառանցանք է:
Այդ 35-40 տարեկան թրաշամանուկներին, որոնք 88-ին 7-10 տարեկան էին, ուզում ես հարցնել. այ էրեխեք, դուք գիտե՞ք Արցախյան շարժումն ինչ էր, ինչ կարգախոսով էր սկսվել: Նրանց համար Արցախը միջոց է, լծակ, գործիք, բիզնես դնելու մի վայր է: Ամեն ինչ է, բացի հայրենիքից»:
Վահե Գասպարյանը նույնպես կարեւորեց նախկին սխալներից դաս քաղելը եւ դրանք չկրկնելը: «Մոտենում է նոր պատերազմ: Լինելու է նոր պատերազմ: Թող ասեն՝ Գասպարյանը սեւ օրեր է խոստանում, վատաբանում է, վատ գուշակություններ է անում: Մոտենում է նոր պատերազմ: Դրա մասին նույնիսկ Փաշինյանն ակնարկեց՝ ասելով, որ մենք երաշխիք չունենք, որ կկարողանանք խաղաղության դարաշրջանը կառուցել: Եվ որպեսզի կամ խուսափենք այդ վերահաս վտանգից, կամ եթե չկարողանանք խուսափել, գոնե այս անգամ հաղթող դուրս գանք, մենք պիտի ձեւավորենք ազգային իշխանություն, ազգային էլիտա եւ դա պիտի անենք մինչեւ այս տարվա վերջ:
Կարդացեք նաև
Երբ ես ինչ-որ ժամկետներ եմ նշում, նշում եմ, ոչ որպես կանխատեսում, որը կլինի կամ չի լինի: Ես ժամկետները նշում եմ որպես նպատակ, որը մեր առջեւ պիտի դնենք: Երբ ես ասում եմ հաշված ամիսներ անց, դա բարի ցանկություն, կանխատեսում չէ: Դա առաջադրանք, նպատակ է, որի համար ավելի ժամանակ չունենք: Մինչեւ տարեվերջ չարեցինք, 2023 թվականին պատերազմ ենք ստանալու: Լավագույն դեպքում: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին չարեցինք՝ կարող է արդեն ուշ լինել: Հետո չասեք, որ ԱԺԲ-ն չէր զգուշացնում: Եթե մայիսի 21-ին այստեղ Իգորին խոստացանք, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերադարձնելու ենք իրեն, հիմա խոստանում ենք, որ Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը կվերադարձնենք իրեն, հայ ժողովրդին, իրական տիրոջը»,-ասաց ԱԺԲ խորհրդի անդամը:
Aravot.am-ի հարցին, թե ինչպես եւ ինչ գործիքակազմով՝ խաղա՞ղ ճանապարհով է ԱԺԲ-ն ցանկանում ամիսներ անց ինքն իր առջեւ դրած առաջադրանքը իրագործել, Վահե Գասպարյանը պատասխանեց. «Դուք անկե՞ղծ եք այդ հարցը տալիս: Չեմ ասի: Եթե թշնամուդ ուզում ես ուրախացնել, քո պլանների մասին պատմիր: Բայց ասեմ մեկ բան. խաղաղ ճանապարհով ենք անելու: Ժողովուրդը ինչին հասնում է, խաղաղ ճանապարհով է հասնում, թեեւ զինված հասնելու իրավունք ունի: Մենք խաղաղ ճանապարհով ենք անելու: Ի դեպ, մեր նպատակը իշխանափոխություն անվանելը ճիշտ չէ: 30 տարի առաջ է իշխանափոխության պահանջ եղել: Այսինքն, 30 տարի այսպես կոչված ընտրություններով մենք սահմանափակվել ենք միայն իշխանափոխությամբ: Մեր նպատակը ազգային ազատագրական պայքարն է եւ Հայաստանի ապագաղութացումը: Դրանք լրիվ տարբեր բաներ են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ