«Այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել, այսքան լավ ֆիլմեր, այսպիսի ռեժիսորներ` բարձրագույն կարգի, այսպիսի պրոդյուսերներ ու լուրջ ծրագիր», – հուլիսի 10-17-ն անցկացվելիք 19-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փառատոնը որակեց մշակութային կյանքի նշանակալից իրադարձություն, հույս հայտնեց, որ «Ոսկե ծիրանը» կվերականգնի իր երբեմնի ծավալները, որոնք կային համավարակից առաջ: Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանի հետ միավորել են ԿԳՄՍ նախարարության ռեսուրսները փառատոնին հավուր պատշաճի աջակցելու համար:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի հանդիպումներ են ունեցել եւ որոշել են մեկտեղել ջանքերը` հանրապետությունում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով` իրենց միասնությունը խոսում է մի շատ կարեւոր բանի մասին. «Բոլորս ունենք միահամուռ գիտակցություն, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ավելին է, քան փառատոն, վաղուց չի պատկանում որեւէ ինստիտուցիայի կամ անձանց, անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք եւ ձեռքբերում համարվի Հայաստանի համար»:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, բազմաթիվ հարվածներից հետո վերջապես նորից իրականացվում է լիարժեք փառատոն` ոչ միայն բովանդակային առումով, այլեւ ներկայացուցչական, միջազգային հյուրերի այցելության եւ մնացած չափանիշներով: Կարեն Ավետիսյանն ասաց, որ այս տարի ունենալու են Լոկառնոյի, Սան Սեբաստիանի կինոփառատոնների գլխավոր մրցանակակիր, Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր, օսկարակիր եւ ընդհանրապես բազմաթիվ տիտղոսավոր ու անվանի կինոգործիչների ներկայություն: Հիշեցրեց, որ այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Ի թիվս այլոց, Հայաստան կժամանեն իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին։ Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։
Նշվեց, որ փառատոնի բացման ֆիլմն է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացին», իսկ փակման ֆիլմը` Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետությունը»:
Կարեն Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, որ «Ոսկե ծիրանի» բացման եւ փակման արարողությունները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում,
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրեց «Երեւանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից, իսկ ընդհանրապես` շուրջ 100 ֆիլմ ամենատարբեր ծրագրերի ընթացքում:
Հավելենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ