ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը եւ Ռուստամ Բաքոյանը հունիսի 16-ին Իրանում հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն եւ կառուցվել են փոխվստահության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նման հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
Ընդգծվել է Իրանի իշխանության եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, նշվել, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:
Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին, մի շարք հումանիտար խնդիրների լուծման կարեւորությանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Կարդացեք նաև
Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաեւ Թավրիզում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:
ԱԺ