Այսօր Իգոր Մուրադյանի մահվան օրը ԱԺԲ-ն այցելեց Եռաբլուր՝ Արցախյան շարժման ռահվիրայի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին:
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Իգոր Մուրադյանը իր ժամանակի մեջ մնացած գործիչներից բառի բուն իմաստով տարբերվում էր իր բարոյականությամբ: «Եվ հիմա ուզում եմ հիշեցնել նրա կարեւորագույն այն միտքը, որ ժողովրդին առաջնորդելը, երկիր, պետություն կառավարելը սուրբ գործ է: Միաժամանակ լինել անբարոյական եւ զբաղվել այդ սուրբ գործով, հնարավոր չէ: Կամ՝ այս, կամ՝ այն: Դժբախտաբար, անբարոյականները Իգորին դուրս մղեցին քաղաքական աշխատանքից եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ քանի որ այսօր Իգորի մոտ ենք, կարող ենք վստահեցնել եւ Իգորին եւ ժողովրդին, որ խոստանում ենք զրոյից սկսել ամեն ինչ, չխախտել բարոյական կանոնները: Այդ ընկալումով է, որ առաջիկայում զրոյից ստեղծելու ենք մեր երազած Հայաստանը»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Aravot.am-ն ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանին հիշեցրեց, որ Հայաստանն արդեն մեկ անգամ լսել է զրոյից սկսելու մասին հայտարարություն եւ դրա ավերիչ հետեւանքները հիմա տեսնում է: «Ես զրո բառը պայմանականորեն եմ օգտագործել, հիմնականում այն տրամաբանությամբ, որ խոսքը վերաբերում է պետության ստեղծման աշխատանքին: Այն, ինչ հիմա կա, մենք դա չենք համարում պետություն եւ համարում ենք, որ 90-ականների սկզբին մեծ սխալներ գործեցինք: Եվ այդ պատճառով մենք չունենք ինքնիշխանություն: Այս իմաստով, մենք պետք է զրոյից հիմքեր դնենք այս անգամ արդեն ամուր պետության, որպեսզի վերջապես ինքնիշխան պետություն դառնանք: Այս տրամաբանությամբ եմ ես օգտագործել զրո բառը:
Ինչ վերաբերում է իմ խոսքը Նիկոլի ասածի հետ համեմատելուն, առիթից օգտվելով ասեմ, որ պիտի մարդկանց ապրած կյանքը, հետագիծը նայել. ով՝ ինչպես է ապրել ու ըստ այդմ կողմնորոշվել՝ հավատա՞լ այդ մարդուն, թե՞ չհավատալ»,-պատասխանեց Ժիրայր Սեֆիլյանը:
Կարդացեք նաև
Հարցին, թե Իգոր Մուրադյանն իր կյանքը դրեց հանուն Արցախի ազատագրման, սակայն այսօր իշխող ուժի բարձր պաշտոններ զբաղեցնող այրերը խուսափում են բարձրաձայն հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց. «Զգացողությունն այն է, որ այս տխուր վիճակը կարճ է տեւելու: Այն, ինչ կորցրել ենք, վերականգնելու ենք ավելիով: Այսինքն, մենք խնդիր ունենք նաեւ ամրանալու: Այս այցելությունն էլ ձեւական չի: Մեր մեծերը ֆիզիկապես չկան մեր հետ, բայց մենք խոսում ենք իրենց հետ: Ինչ հիմա անում ենք, նպատակն այն է, որ երիտասարդությունը տեսնի, հետաքրքրվի: Թե չէ, այսօր մեծամասնությունը չգիտի, թե Իգոր Մուրադյանն ով է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ