Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարն ասում է, որ հայկական կողմը չի դիմել ՌԴ-ին ռուսական դպրոցներ բացելու հարցով

Հունիս 17,2022 14:25

«Հենց ռուսերենի անունը լսում եք, ասում եք՝ մի րոպե, մի րոպե, էս ի՞նչ եք անում»,-այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ռուսական դպրոցների թվի ավելացման մասին հարցին։

Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ նախատեսվում է ՀՀ-ում ռուսական թեքումով դպրոցների թիվն ավելացնել, թե՞ ռուսաց լեզվի դասաժամերն են ավելացնելու։ Ի պատասխան հարցի՝ նախարարն ասաց․«Այս թեման զարմանալիորեն հենց ռուսերենի շուրջ է։ Ֆրանսերենը չենք խոսում, անգլերենը չենք խոսում, գերմաներենը չենք խոսում, հենց ռուսերենի անունը լսում եք, ասում եք՝ մի րոպե, մի րոպե, էս ի՞նչ եք անում։ Որեւիցե դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում։ Գաղափարը հետեւյալն է՝ ըստ անհրաժեշտության, եթե կա դրա անհրաժեշտությունը, ոչ թե անհրաժեշտությունը քաղաքական, այլ զուտ կրթական, ապա երկու տարբերակ կա ընդհանրապես։ Չֆիքսվենք ռուսերենի վրա, բայց ռուսերենը առանձնահատուկ է։ Մեկը՝ ռուսական դպրոցն է, որը գործում է ՌԴ կարգով, եւ մյուսը՝ ռուսերեն լեզվով ուսուցանում, բայց ՀՀ դպրոցում, հայկական ծրագիր է, բայց ռուսերենով։ Խոսքը գնում է հետեւյալի մասին՝ այս վերջին իրադարձություններով, բանով, բայց մենք այսօր նման խնդիր չունենք։ Եթե խնդիր լինի, անհրաժեշտություն լինի, ինչո՞ւ ոչ, կարող ենք շատացնել այդ դասարանների քանակը, ավագ դպրոցի թեմա կա։ Ավագ դպրոցի եւ հիմնական դպրոցի անհամապատասխանություն կարող է լինի։ Օրինակ՝ երեխան կարող է հիմնականն ավարտել է ռուսալեզու, բայց ավագում ուզում է գնա շարունակի ռուսերեն լեզվով․ ծրագիրը հայկական ծրագիրը, բայց տեղ չլինի»։

Նախարարի խոսքով՝ այսօր չունեն սեղանին դրված ձեւակերպված լրջագույն խնդիր այդ հարցով․«Ռուսական դպրոց բացելու տարբերակը․․․մեկ դպրոց կարող է դիտարկվել, բայց նման որոշում չկա, բայց հնարավոր է լինի»։

Դիտարկմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հայկական կողմն է նման ցանկություն հայտնել, Դումանյանը պատասխանեց․ «Ես այդ լուրը կարդացի, ես չգիտեմ, չեմ տիրապետում»։ Ճշտմանը՝ դուք չե՞ք դիմել, նախարարը բացասական պատասխան տվեց՝ չէ։

«Ինձ թվում է՝ դա կարող է լրագրողական ձեւակերպում է, ես անձամբ խոսքը չեմ լսել, բայց մի քիչ կարող է այլ ձեւ է մատուցվում, ոչ թե ՀՀ-ն հատուկ պաշտոնական դիմել է, որ՝ խնդրում ենք, թույլ տվեք մենք․․․ Դրա համար պետք չէ, որ մենք դիմենք, եթե ուզենք դա անել, կանենք առանց դիմելու։ Եթե մենք հիմա ֆրանսերեն լեզվով դպրոց բացենք, դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը պիտի Ֆրանսիայի կառավարությանը դիմի»։

Դումանյանը նաեւ ասաց՝ դրա մեջ ինչո՞ւ եք վատ բան տեսնում, շատ լավ է, եւ ոչ միայն ռուսերենը․ «Մենք չենք ասում՝ անգլերենը՝ չէ, ռուսերենը՝ այո։ Անգլերենն էլ այո, ռուսերենն էլ այո, ֆրանսերենն էլ այո, վրացերենն էլ այո, պարսկերենն էլ, ինչու չէ»։

Նախարարը վստահեցրեց՝ ռուսական դպրոցների թվի ավելացումը մեծ միջոցներ է պահանջում․ «Եթե Ռուսաստանը պատրաստ է որոշակի աջակցություն տա, որպեսզի ռուսերեն լեզուն ավելի պոպուլյար լինի, եւ դրա համար պատրաստ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ ուսումնական նյութերով․․․ դա բարդագույն պրոցես է։ Մեկ հրամանով հնարավոր չէ ռուսերեն լեզուն դարձնենք այսքան ժամ․․․ Հիմա, եթե իքս երկիրը ցանկություն ունի իր լեզուն մեզ մոտ պոպուլյարիզացնի եւ դա չի հակասում մեր ընդհանուր մոտեցումներին, ինչո՞ւմն է հարցը։ Հատկապես ռուսերենը․․․այս պահին որոշում չունենք, բայց եթե լինի, շատ լավ կլինի։ Ինչքան տիրապետենք՝ դա մեր շահերից է բխում, մենք ենք դրսում այդ լեզվով խոսելու, ոչ ոք չի հակադրում դա մեր հայերենին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930