«Զգում եմ, որ ժամանակավոր է: Չգիտեմ, գուցե սխալ լավատեսություն է, հայի լավատեսությունն է… Բայց, միեւնույն է, ես հավատում եմ, որ վերադառնալու եմ: Միշտ, տարբեր տեսանյութերի հետեւում եմ, տեսնում եմ, որ մեր շենքը լավ վիճակում է. տեսնում եմ՝ շատ շենքեր են քանդվել, ավերվել, մերը կանգնած է դեռ… ու ես մտածում եմ, որ ես պետք է գնամ մեր տուն»,-զրուցակիցս Ալվինա Ներսեսյանն է, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, ներքին որակի ապահովման կենտրոնի ղեկավար:
Զրույցի թեման 2020 թվականի պատերազմն է, դրանից հետո ստեղծված նոր իրողությունները եւ ապագայի տեսլականները. «Ամուսինս ռազմաճակատում էր: Առհասարակ չէի պատկերացնում, ես, երեխաներիս՝ երկու որդիներիս հետ, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին եմ դուրս եկել. այսպես թեթեւ, որովհետեւ ասում էի՝ կավարտվի՝ կվերադառնանք: Ու հիմա ինչքան մտածում եմ ապագայի մասին, մտածում եմ, որ այստեղ եմ լինելու եւ միանշանակ վերադառնալու եմ Շուշիի իմ տուն»:
Ալվինան իրեն համարում է երկու անգամ բռնի տեղահանված: Առաջին անգամ՝ անցյալ դարավերջին, իր տակավին փոքր հասակում, ընտանիքը տեղահանվել է Բաքվից, հաստատվել Երեւանում: Սովորել եւ ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը: 2005 թվականին է ամուսնացել եւ տեղափոխվել բնակվելու Շուշիում, ամուսնու հայրական տանը:
«Շատ սիրուն, շատ մեծ ու ջերմ տուն էր: Վերջերս տարբեր տեսահոլովակներ տեսանք, որ այդ տունն այլեւս չկա: Ինձ թվում է, ռմբակոծության ժամանակ ավերվել է: Բայց 2014 թվականին փոխառությամբ բնակարան էինք ձեռք բերել, էլի Շուշիում, Կանաչ ժամի մոտ, շատ գեղեցիկ շենք են կառուցել: Երկու որդի ունեմ, երկուսն էլ Շուշիում են ծնվել, չնայած, որ ես էլ, ամուսինս էլ աշխատում էինք Ստեփանակերտում, բայց մեր հոգու հանգստությունը գտնում էինք Շուշիում: Եղավ այն, ինչ եղավ եւ հիմա փորձում ենք նորից, բայց ոչ թե այն մտքով, որ նորից Ստեփանակերտում փորձենք զրոյից ստեղծել ամեն ինչ, այլ այն մտքով, որ վերադառնալու ենք Շուշի: Արդեն մոտ երկու տարի կլինի, որ տեղահանվել ենք, բայց ես զգում եմ, որ ժամանակավոր եմ Ստեփանակերտում»,- ասում է Ալվինան:
Կարդացեք նաև
Հնարավորություններ կային գնալու արտերկիր՝ հարազատների մետ, չեն գնացել: Շատերը 44-օրյա պատերազմից հետո գնացել են. չի դատապարտում, բայց չի էլ ողջունում. «Համաձայն չեմ: Չպիտի դա անենք: Հակառակը, մենք պիտի այստեղ մնանք, այստեղ ապրենք, սա մեր հողն է ու այստեղ մենք կառուցելու, ստեղծագործելու իրավունքն ամբողջությամբ ունենք»:
Քաղաքական իրողությունների մասին խոսելիս զրուցակիցս ասում է՝ փաստացի սպասողական իրավիճակում ենք, որ հասկանանք, թե ինչի՞ կբերի այս կամ այն բանակցային գործընթացը, ո՞ւր կհայտնվենք մենք: Ու այս իրավիճակում, իր համոզմամբ, միասնականությունն է կարեւոր. «Եթե յուրաքանչյուրը վերմակը դեպի իրենք քաշի՝ մենք կկորցնենք ամբողջը: Ինչ-որ մի կետում բոլորը պետք է հասկանան, որ կա մի բան, որն անձնական շահերից վեր է: Ինչ էլ արվի՝ մեր սերունդների առջեւ մենք ենք պատասխանատվություն կրելու այսօրվա որոշումների համար: Ուստի, կարեւոր է ճիշտ որոշումների կայացումը. միավորվել, ունենալ այնպիսի գաղափարախոսություն, որը մեզ կտա այն ապագան, որի մասին բոլորս են երազում»:
Համատեղ բնակության մասին եմ հարցնում: 44-օրյա պատերազմից հետո, այդ մասին շատ է խոսվում: Ալվինան մտորումների մեջ է. եղել են խորհրդային ժամանակներ, համատեղ ապրելու ինչ-որ վիճակ, բայց անկախության 30 տարիները՝ 2020 թվականի արդյունքներով, ասում է, դա անհնար են դարձնում. «Վերքերը շատ խորն են: Ես պատրաստ չեմ դրան: Ես պատրաստ եմ ապրել իմ Շուշիում, բայց պատրաստ չեմ իմ Շուշին կիսել այն մարդկանց հետ, ովքեր հիմա Շուշին ավերում են: Իսկ Շուշին ավերում են, որքան էլ շինարարություն ընթանա, մեր եկեղեցիները քանդում են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Դեպի Ստեփանակերտ բերող՝ Շուշիի կողքով անցնող ճանապարհը ցավեցնող է, ընթացող շինարարությունը ապտակ հասցնող իրականությունն է: «Միգուցե դա հենց այն իրականությունն է, որից պետք է դասեր քաղենք»,- զրուցակիցս է ասում:
Իր լավատեսությունից ես էլ եմ «վարակվում»:
Որդիներդ կիսո՞ւմ են իր լավատեսությունդ՝ հարցնում եմ:
Ավագ որդին, որը 16 տարեկան էր, շատ ծանր է տարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը. «Մի պահ ինձ թվաց, որ նույնիսկ կոտրվեց, իրեն թվաց, թե էլ հայրենիք չունի: Նա Շուշիում է ծնվել, մեծացել… Մի անգամ ինձ նույնիսկ հարց տվեց՝ մամ, հիմա եթե ինձ հարցնեն՝ դու որտե՞ղից ես, ես ի՞նչ պիտի պատասխանեմ: Ասացի՝ դու Շուշիից ես, Շուշին քո ծննդավայրն է, քո քաղաքը, մենք փախստական չենք, մենք մեր հայրենի քաղաքից բռնի տեղահանվել ենք»: Հետպատերազմյան երկու տարիների ընթացքում նմանատիպ զրույցներից ավագ որդին «թեւեր է առել», հիմա սպասում է զորակոչվելու իր հերթին:
13-ամյա եղբայրն էլ մեծ եղբոր տրամադրություններով է շարժվում. «Իրենք մտածում են, որ մենք պետք է ետ վերցնենք այն, ինչը կորցրել ենք: Ինչքան էլ հասկանում ենք, որ պատերազմը հարց լուծելու լավ տարբերակ չէ՝ ոչ մի կողմի համար, բայց իրենց ունեցածից հրաժարվելու ցանկությունը,ես իմ որդիների մեջ չեմ տեսնում»:
Նաեւ երիտասարդ սերնդի՝ իր ուսանողների մեջ է տեսնում այդ ոգին. «Պատերազմից հետո, այն սերունդը, որին մենք այսօր ենք կրթում, ավելի գիտակից է դարձել, ավելի լուրջ է մոտենում ուսումին, ավելի պահանջատեր է դասախոսների նկատմամբ»: Մտերմիկ զրույցներում ուսանողները նույնիսկ անկեղծացել են, ասելով, որ կարծում են, թե կրթության ոլորտում ենք պարտվել այս պատերազմում եւ սկսել են գնահատել գիտելիքի ու այն հմտությունների արժեքը, որն իրենց, իրենցով էլ պետությունն ավելի ուժեղ եւ հզոր կդարձնի:
Զրույցի ավարտին հետաքրքիր ու կարեւոր մտքեր են. «Ամեն ինչ սկսվում է ճիշտ պլանավորումից եւ ճիշտ ռազմավարությունից: Որպեսզի պլանավորումը եւ ռազմավարությունը ճիշտ լինեն, մենք պետք է հստակ իմանանք այն կետը, որին ուզում ենք հասնել, մենք մեզ համար պետք է որոշենք՝ ի՞նչ ենք ուզում՝ Արցախը լինի՞, լինի անկա՞խ, թե՞…, լինի ո՞ր սահմանների շրջանակներում: Եթե մենք այս պատկերն ունենանք եւ ունենանք հմուտ մասնագետներ, համարձակ մարդիկ, ովքեր կոմպետենտ են եւ պիտի գնան դեպի այդ նպատակը, կհաջողենք: Ասածս բոլոր ոլորտներին է վերաբերվում՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութայինին. միասին՝ բոլոր հայերով՝ անկախ իրենց բնակության վայրից, պետք է հասկանանք, թե պատմության այս հատվածում, մեր հայրենիքը ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա: Արցախի հարցի լուծումը միայն Արցախի խնդիրը չէ եւ որեւէ երաշխիք չկա, որ Արցախի հարցի՝ այս կամ այն կերպ լուծվելուց հետո, արհավիրքը կանգնելու է: Հիմա՝ Սյունիքի մասին են խոսում, այլ բնակավայրերի մասին են խոսում. Սյունիքից եւ Վարդենիսից հետո ունե՞նք երաշխավորություն, որ Երեւանը չեն ուզի: Իհարկե՝ ոչ: Հիմա, մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում, ուզո՞ւմ ենք, որ Երեւանն Իրեվան դառնա՞: Բոլոր լծակները պետք է օգտագործենք, կա պոտենցյալ եւ Սփյուռքում, եւ Հայաստանում, եւ Արցախում, պարզապես հնարավորություն պետք է տանք, որ այդ մարդիկ համակարգված աշխատեն ու առաջ կգնանք, դուրս կգանք այս իրավիճակից: Ամեն նոր բան մի քիչ վախենալու է թվում, բայց ամեն ինչը պետք է շատ ճիշտ կշռել ու գտնել ամենաճիշտ լուծումները: Բայց, կարծես, շեղումները շատ են եւ այդ շեղումներն է, որ խանգարում են ազգի միասնականությանը, գաղափարախոսություն ունենալուն: Պատմությունն էլ է ապացուցել, եթե ազգը ունի գաղափարախոսություն, այդ ազգին ճանապարհից շեղելը շատ դժվար է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ