Հունիսի 16-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին․ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։
Մարզպետը ողջունեց դեսպանի առաջին այցը Սյունիք ու կարեւորեց ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունները։
Համայնքի ղեկավարը շեշտեց ֆրանսիացի արդյունահանողների դերը Կապանում հանքարդյունաբերության ու քաղաքի տնտեսական զարգացման գործում, որը հետագայում դեր է ունեցել հայ-ֆրանսիական կապերի ամրացման համար։
Կարդացեք նաև
Ռոբերտ Ղուկասյանը տիկին Լույոյին ներկայացրեց մարզի տնտեսության կառուցվածքը, տարբեր ոլորտների վերաբերող ցուցանիշներն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծմանը կարող է աջակցել ֆրանսիական կողմը։
Բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ Սյունիքը կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է Հայաստանի համար, հատկապես՝ 2020-ի պատերազմից հետո։
Մինչ մարզկենտրոն հասնելը դեսպանը տարբեր հանդիպումներ էր ունեցել, այդ թվում՝ սահմանային գյուղերում ու նշեց, որ որոշակի պատկերացում ունի բնակավայրերի կյանքի, մարդկանց խնդիրների մասին, բայց առաջին հերթին մարզային իշխանությունից է ցանկանում լսել դրանց մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին մարզի զարգացման հնարավորություններին եւ ուղղություններին, ենթակառուցվածքներին, զբաղվածությանը, կրթությանը, զբոսաշրջությանը, Արցախից տեղահանվածներին եւ այլն։
Դեսպանն առաջարկեց Գորիսի օրինակից բացի միջմարզային բարեկամություն եւս հիմնել կամ մարզի այլ քաղաքների հետ էլ Ֆրանսիայից քույր քաղաքներ դառնալու հնարավորություն ստեղծել․ մարզպետն ու համայնքի ղեկավարը ողջունեցին գաղափարը։
Սյունիքի մարզպետարան