Աջափնյակ վարչական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցման տարածքը դամբարանադաշտ է։ Այս մասին նշվում է կառավարության այսօրվա նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց ընդգրկված որոշման նախագծում՝ «Գնման գործընթացը կազմակերպելու մասին»։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեի շուրջ 15 հեկտար հողամասում Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցման նպատակով կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ։
Ըստ հիմնավորման, նախագծանախահաշվային փաստաթղթերի համալիր փորձաքննության շրջանակներում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» փուլում պարզվել է, որ շուրջ 15 հեկտար հողամասը հանդիսանում է հուշարձանային գոտի (համաձայն առկա քարտեզների տարածքը հանդիսանում է դամբարանադաշտ)։ Այս խնդիրը Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է ԿԳՄՍ-ի հետ, որն էլ դիմել է ԳԱԱ-ի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ»-ին։ Ինստիտուտը տարածքի նախնական ուսումնասիրություն է կատարել եւ առաջարկել գեոռադարային հանույթ իրականացնել՝ տարածքում դամբարանների առկայությունը պարզելու համար։
Աշխատանքներն, ըստ նախագծի, կտեւի 3 ամիս, եթե բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, ապա կիրականացվի նյութերի վերլուծություն՝ 1 ամիս, եւ տարածքում հուշարձաններ չհայտնաբերելու դեպքում կիրականացվի համապատասխան գործընթաց՝ համաձայն որի պետք է շրջանառվի կառավարության որոշման նախագիծ, որով նշված հուշարձանը կհանվի հուշարձանների հաստատված ցանկից, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստանալ շինարարության թույլտվությունը եւ մեկնարկել շինարարական աշխատանքները։
Կարդացեք նաև
Գործընթացն ընդհանուր առմամբ, կտեւի 6 ամիս:
Որոշման նախագծում նշվում է՝ աշխատանքների մեկնարկի անհնարինությամբ պայմանավորված կապալառու կազմակերպության նկատմամբ պարտավորություններ սահմանելը, բանկային երաշխիքներով ծանրաբեռնելը եւ կանխավճարի տրամադրումը համարվում է ոչ նպատակային եւ ռիսկային՝ հետագայում դրանից բխող իրավական պահանջներով ու հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ պայմանագրի լուծման դեպքում կորցրած շահույթի փոխհատուցումը։
«Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում» միջոցառման գծով գումարը նախատեսված է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով ԵՄ հատկացված միջոցներից։
Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեի շուրջ 15 հեկտար հողամասում Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցման աշխատանքները կիրականացվեն տարածքի ուսումնասիրությունից հետո։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ