Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը․ նախագիծ

Հունիս 17,2022 12:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները, իսկ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն` հանելով վերը նշված կոչումների կրծքանշանների և վկայականների նկարագրությունները և նմուշները:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նշված պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես․

• Որևէ արվեստագետի, մշակույթի գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:

• Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:

• Փորձը ցույց է տալիս, որ պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ նեղ միջանձնային հարթությունում:

• Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:

• «Արվեստի վաստակավոր գործիչ» և «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:

Օրենքի նախագծի քննարկումը իրավական ակտերի e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 30-ը:
Հավելենք, որ ընդունվելու դեպքում նախագծով առաջարկվող նոր կարգավորումը կտարածվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա և չի վերաբերի մինչ այդ տրված կոչումներին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930