Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան վերջին այցելության հետ կապված՝ ամենից շատ քննարկման արժանացավ հունիսի 9-ի մամուլի համատեղ ասուլիսում նրա հայտարարությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների «պարզեցված ռեժիմի» մասին։
Պարզաբանենք Ռուսաստանի արտգործնախարարի` բոլորին այդքան հետաքրքրած արտահայտության ծագումը «պարզեցված ռեժիմի» մասին։ Ակնհայտորեն, այստեղ նա օգտագործել է Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ տարանցման պայմանագրի ձեւակերպումը։ Մոտ երկու տասնամյակ առաջ (1 հուլիսի, 2003) Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիր ստորագրվեց` Լիտվայի տարածքով Ռուսաստանի Դաշնության եւ իր արտատարածքային էքսկլավի` Կալինինգրադի մարզի միջեւ հաղորդակցության թույլատրման պարզեցված կարգի մասին։ Սա հար եւ նման զուգահեռն է Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավարության միջեւ հաղորդակցական կապի այսօր քննարկվող հարցի։ Մեր թերթի էջերում ժամանակին առաջարկել ենք այս լավ մշակված եւ հաջողությամբ գործող նախադեպը ընդունել հիմք առաջացած թնջուկի լուծման հարցում (տես` «Չի խանգարի իմանալ», «Հայաստանի Հանրապետություն», 13 նոյեմբեր, 2021, «Ճանապարհային միջանցքներ. երեկ եւ այսօր», «Հայաստանի Հանրապետություն», 4 հունիսի, 2022)։ Ըստ էության, քննարկվող հարցի կապակցությամբ, այսպիսի ուշագրավ համաձայնագիրը շրջանցել հնարավոր չէ, եւ Ռուսաստանում, սեփական փորձի հիման վրա, քաջատեղյակ են նման խնդիրների լուծմանը։ ՌԴ եւ Լիտվայի միջեւ գործում են УПД-ЖД (упрощенный проездной документ – պարզեցված անցագիր), УТД (упрощенный транзитный документ – պարզեցված տարանցման փաստաթուղթ) հաստատված կանոնակարգերը, որոնց ուսումնասիրությունը շատ օգտակար կարող է լինել քննարկվող խնդրի կապակցությամբ։ Դրանց բնույթը պատկերացնելու համար մի երկու հակիրճ մեջբերում կատարենք Լիտվայի ճանապարհներով ռուսական տարանցման կանոններից: Ճանապարհների պարզեցված ռեժիմից օգտվելու համար դուք պետք է լինեք Ռուսաստանի քաղաքացի (սրանով նկատի պետք է ունենանք` Սյունիքի տրանսպորտային միջանցքից օգտվելու պարզեցված կարգի հարցը ծառացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Թուրքիային այն կարող է վերաբերել միայն ընդհանուր միջազգային օրենքների շրջանակներում, ոչ ավելի)։ Սահմանին պետք է շարադրել Կալինինգրադ մեկնելու պատճառները։ Գնացքով ուղեւորության ընթացքում Լիտվայի տարածքում կանգառներին արգելվում է վագոնից դուրս գալ։ Ողջ ընթացքում պետք է պահել Պարզեցված տրանզիտի փաստաթուղթը։ Սահմանային զեղչված մուծումները կազմում են 5-30 եվրո, գնացքով ուղեւորները ազատված են մուծումներից։ Վիզայի գործողության ժամկետը կազմում է 3 ամիս։ Տարբեր պատճառներով հանրապետությունը կարող է արգելել տարանցումը (օրինակ` կորոնավիրուսի առիթով)։ Եվ այլն, և այլն։ Ուշադրություն ենք հրավիրում՝ տրանսպորտային այս կապը կանոնակարգող օրենքներում, եւ ընդհանրապես, երբեւէ չի օգտագործված «միջանցք» հասկացությունը։
Նկարագրված հարաբերությունները հասկանալու համար հիշեցնենք նաեւ մի կարեւոր նրբություն` Նոյեմբերի 9-ի հայտարարագիրը օրենք չէ, այլ համաձայնություն, եւ նրա կետերը, մասնավորապես ճանապարհների հարցով, գործում են, քանի դեռ պետությունների միջեւ օրինական դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել` միջազգային ընդհանուր իրավունքի կանոններով, եւ ռուսական զորքերը այդ ընթացքում վերահսկում են իրականացնում` բացառելու համար բախումնային իրավիճակները։ Այս ամենը, բնականաբար, տարածվում է նաեւ ճանապարհների վրա։ Եթե 5 տարի հետո Ադրբեջանը պնդի ռուսների դուրս գալը, ապա ճանապարհին ռուս ուղեկցորդների հարցը, որը համաձայնեցված է Հայտարարագրով, ինքնաբերաբար նույնպես հանվում է՝ այս հատվածում կարգավորման եւ վերահսկողության ապահովման ողջ իրավասությունները փոխանցելով երկրի սուվերեն իշխանությանը։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: