Այսօր արդեն առարկայական պահանջ է ձեւավորվել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման եւ երկրների միջեւ հաղորդակցության ուղիների բացման հարցերը տարանջատել Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացից: Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն, ինչի ուղղությամբ շահագրգռվածություն են ցուցաբերում ոչ միայն կողմերը, այլեւ միջնորդ երկրներն ու միջազգային կառույցները, իսկ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կտեւեն:
Մյուս կողմից էլ՝ երկրների միջեւ առկա խնդիրների քանակի նվազեցումը եւ հաղորդակցության ուղիների բացումը թույլ կտան բարենպաստ մթնոլորտ ձեւավորել Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցություններ վարելու համար: Այն միանշանակ Ադրբեջանին որոշակիորեն հետ կբերի ծայրահեղական եւ ոչ իրատեսական դիրքերից:
Վերոնշյալ միտման ներքո էր օրերս ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արած հայտարարությունը: Ավանդական իր ասուլիսում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հիմնահարցը տարածքային չէ, ինչպես միշտ փորձել է ներկայացնել Ադրբեջանը, այն ազգերի ինքնորոշման եւ իրավունքների խնդիր է, իսկ ՀՀ-ն մշտապես հանդես է եկել արցախցիների այդ իրավունքները եւ ընդհանրապես անվտանգությունն ապահովողի առաքելությամբ: Եթե Արցախի հիմնահարցը տարածքային չէ, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային, այն է՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է առանձին դիտարկվի: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը փաստում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ Արցախի հիմնահարցի լուծման գործընթացում տեղաշարժ գրանցելու համար այդ երկու հիմնահարցերը պետք է դիտարկվեն առանձին, բայց՝ միաժամանակ:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: