Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է  կառավարության հաշվետվությունը

Հունիս 17,2022 11:10

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը։

Այսպես՝

🔹 Հայաստանի 2021թ. տնտեսական աճի տեմպերը չեն բավարարել տնտեսության մինչճգնաժամային մակարդակի վերականգնումը և հետագա կայուն զարգացումը։ Չնայած գրանցված 5.7% տնտեսական աճին, ՀՆԱ-ի 2019թ․ մակարդակը վերականգնելու համար պահանջվում էր շուրջ 2.3 տոկոսային կետով բարձր տնտեսական աճի տեմպ։ Մինչդեռ, տարածաշրջանային երկրների (Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան) հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների 2021թ. ՀՆԱ-ն արդեն իսկ գերազանցում է 2019թ.-ի մակարդակին:

🔹 Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. այն ապահովվել է հիմնականում համախառն պահանջարկի աճի հաշվին, մինչդեռ՝ մեծածավալ ներդրումներով պայմանավորված տնտեսական աճի նախադրյալներն իսպառ բացակայում են: Մյուս կողմից`տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. անկում է գրանցվել գյուղատնտեսությունում, իսկ արդյունաբերության աճն աննշան է: Փոխարենը, աճը համեմատաբար բարձր է ոչ արտահանելի հատվածի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են`առևտուրը և ծառայությունները: Արդյունքում վտանգված է տնտեսության ոչ միայն վերականգնման, այլև ներուժի ընդլայնման և տնտեսության կառուցվածքի առողջացման հեռանկարը:

🔹 «ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը 2021թ. ընթացքում նվազել է (24.1%՝ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց)։ Չնայած հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճին՝ ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը անկում է ապրել՝ նվազեցնելով կառավարության ծախսեր կատարելու հնարավորությունները: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա հիմնական պատճառը այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների նվազումն է (2020թ.-ի համեմատ շուրջ 4.3 անգամ)։ Այս կտրուկ նվազումը մտահոգիչ է և այն առավել հաճախ կարող է վկայել դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախորդ փուլերում ծրագրերի թերի (ոչ լիարժեք) կատարման մասին։

🔹 Մտահոգիչ է ծախսերի կառուցվածքի վատթարացումը՝ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի աճի և կապիտալ ծախսերի նույնքան նվազման համատեքստում։ Ավելին, 2020թ.-ից շարունակվող ընթացիկ ծախսերի գծով անհրաժեշտ վերանայումներ չիրականացնելու և ընթացիկ ծախսերը պարտքով ֆինանսավորելու գործելակերպի պատճառով վերցված պարտքը վերջին տարիներին չի ուղղվել տնտեսության ներուժի վերականգնման և ընդլայնման համար նախատեսված ծախսերի կատարմանը, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծեր պարտքի հետագա սպասարկումը և մարումն ապահովելու համար։ Նման գործելակերպը շարունակելու պարագայում (ընթացիկ ծախսերի պարտքով ֆինանսավորում, կապիտալ ծախսերի թերակատարում) վտանգված կլինեն թե՛ հարկաբյուջետային կայունության ապահովումը, և թե՛ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը։

🔹 Շարունակում է մտահոգիչ մնալ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) առանց այն էլ ցածր մակարդակի շարունակական նվազումը (2021թ. դրանք կազմել են 218.4 մլրդ դրամ /ընդհանուր ծախսերի 10.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով)։ Փաստորեն, աճել են միայն բյուջեի ընթացիկ ծախսերը (որոնց դրական ազդեցությունը տնտեսական վերականգնմանը անուղղակի է)։ Այս թերացումը թերևս կարող է մեկնաբանվել այսպես՝ կապիտալ ծախսերի նվազումը ազդել է տնտեսական աճի տեմպի վրա և դանդաղեցրել այն: Նախորդ տարվա համեմատ տնտեսությանն ուղղվող կապիտալ ծրագրերի ծավալի նվազումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի իրականացման անկարողության խնդիրը դեռևս չի լուծվել։

🔹 2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը։ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3% և, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով, այնուամենայնիվ, շարունակում է գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմին:

Վերլուծությունն ամբողջությամբ:

«Լույս» տեղեկատվական հարթակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930