Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած, 4-րդ դարին թվագրվող Ամարասի վանքը վերականգնվում է։
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ չնայած Ամարասում վերականգնման աշխատանքներ են ընթանում, ավարտվել է պարիսպների, խցերի վերանորոգումը, բայց վանքը գործում է. «Ամարասը շարունակում է իր առաքելությունը, մեր հոգեւորականներն ու շինարարներն այնտեղ են, ժողովուրդը՝ նույնպես, թութը հասել է, բոլորը տեղում են, մինչեւ 2023-ը շինարարությունն էլ ավարտին պետք է հասցվի»։
Այցելություններն Ամարաս այս ընթացքում չեն նվազել։ «Ժողովրդի ցանկությունից է, մենք որեւէ մեկին չենք հորդորում, մարդիկ արդեն գիտեն, որ ամեն կիրակի Ամարասում պատարագ է, ժամերգություններ են լինում, եւ ո՛չ զանգում են, ո՛չ էլ հետաքրքրվում են, որովհետեւ գիտեն՝ Ամարասը գործում է լիարժեք, եւ իրենք էլ իրենց քայլերն ուղղում են դեպի Ամարաս,- ասում է Տեր Վրթանեսը:
Ամիսներ առաջ Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշի հետ կապված՝ աղմուկ առաջացավ, որն ադրբեջանական կողմը պահանջել էր իջեցնել։ Այս մասով Սրբազանը նկատեց. «Այդ դրոշը մենք կամ պետությունը չէր տեղադրել, այլ՝ մի անհատ, որ սիրողական տեղադրել էր դրոշը, նախ՝ ռուսականն էր, հետո՝ Արցախինը…, դա պաշտոնական մոտեցում կամ քայլ չէր դրոշի նկատմամբ։ Հետո՝ ընդհանրապես ոչ մի եկեղեցում դրոշ չեն բարձրացնում, խաչն է եկեղեցու խորհրդանիշը, եւ ընդունված է, որ եկեղեցում ոչ թե դրոշ, այլ խաչ բարձրացնել։ Դրոշները համապատասխան տեղ ունեն, եւ համապատասխան վայրում տեղադրում ենք, այսօր մեր հենակետերում դրոշները կան, ինչը ողջունելի է եւ խրախուսելի, որ բոլոր հենակետերում լինեն»։
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ