ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներից՝ առանձին-առանձին, որպեսզի փոխանցի ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը։ Նշենք, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով․ «Դեսպանը հրավիրել էր հանդիպման, որ նախեւառաջ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման հրավերը մեզ տար, ու այդ հրավերի շրջանակներում ենք զրուցել, որ մեր ֆրակցիայում քննարկենք այդ հանդիպումների հարցը։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն ենք քննարկել, ինքը նաեւ հարց տվեց, թե ինչ ենք անելու, ներկայացրել եմ մեր հետագա ծրագրերը»։
Իսկ ինչպիսի՞ն է եղել դեսպանի վերաբերմունքն ընդդիմության նախաձեռնած պայքարի, ոստիկանական գործողությունների, նաեւ Փաշինյանի քայլերի վերաբերյալ։ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես իրեն ներկայացրել եմ բոլոր այն թերությունները, որ այսօր կան մեր երկրում, որ առաջին հերթին վերաբերում են ընդդիմության, մեր դիմադրության շարժման նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, գործեր հարուցելուն եւ այլն։ Եվ ասել եմ, որ մենք կուզենայինք, որ ե՛ւ Դուք, ե՛ւ Եվրամիությունը խիստ գնահատականներ տայիք։ Դեսպանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հայտարարություններ տարածում են՝ ոնց որ միշտ, էլի»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում