Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլտվության առկայության դեպքում անձինք կարող են օգտագործել անօդաչու թռչող սարքեր»

Հունիս 17,2022 14:00

Մի շարք լրագրողների չէր թույլատրվել մուտք գործել սահման, մինչդեռ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին անհրաժեշտ թույլտվությունը տրվել էր:

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անցյալ տարվա սեպտեմբերին՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ նշել էր. «… ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարեւոր դերն ու նշանակությունը՝ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի մասին միջազգային հարթակներում լուսաբանելու գործընթացում, պետք է, սակայն, հստակ արձանագրել, որ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է Հայաստանի Հանրապետությունում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնց այդ թույլտվությունը չի տրվում»: ՄԻՊ-ի կողմից մեկ տարի առաջ բարձրաձայնվածը՝ «Ընդ որում` լրագրողների համար որոշակի եւ կանխատեսելի չէ, թե ինչ չափանիշներ է անհրաժեշտ բավարարել պաշտպանության նախարարության համաձայնությունը ստանալու համար, այսինքն՝ ո՞ր դեպքում է, որ նախարարությունը սահմանապահ զորքերի կողմից սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալու համար տալիս է իր համաձայնությունը, եւ ո՞ր դեպքերում՝ ոչ», այսինքն, «սահման գնալու» խնդրին մինչ օրս առնչվում են լրատվամիջոցները, եւ մենք կարծում էինք, թե դիմումը դռնբաց ընթացակարգով կքննվի Սահմանադրական դատարանում, կստանանք որոշ հարցերի պատասխանները:

ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել օրերս՝ հունիսի յոթին, լսել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը:
Հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը մուտքագրվել էր Սահմանադրական դատարան 2021 թվականի սեպտեմբերի 16-ին: Դիմողը խնդրել էր. «Որոշել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի համապատասխանություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 40-րդ, 42-րդ, 52-րդ, 78-րդ եւ 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումներն իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքների տեսանկյունից հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության եւ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու իրավունքների անհամաչափ միջամտության»:

Ըստ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող հոդվածով ամրագրված կարգավորումների պատճառով ուղղակիորեն սահմանափակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու յուրաքանչյուրի բացարձակ սահմանադրական իրավունքը եւ այդ իրավունքի պաշտպանությանն ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրման աշխատանքներ իրականացնելու մանդատը, որպիսի պայմաններում անմիջականորեն խախտվում է յուրաքանչյուրի՝ Սահմանադրության 52-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: ՍԴ մոււտքագրված դիմումում Պաշտպանը նշել էր, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրման աշխատանքներ իրականացնելու՝ միջազգայնորեն երաշխավորված եւ սահմանադրական մանդատ ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իրավասու է իրականացնել փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ լուսանկարահանել եւ տեսանկարահանել այն տարածքում, որը մտնում է սահմանային շերտի մեջ: Դիմողը նաեւ հավաքագրում է սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն արձանագրող տեսանյութերն ու լուսանկարները՝ որպես օբյեկտիվ ապացույցներ՝ միջազգային կառույցներին, ՀՀ մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ուղարկելու հստակ առաքելությամբ: «Սահմանված արգելքները չպետք է տարածվեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, հակառակ դեպքում՝ նշանակում է, որ այդտեղ գտնվող, բնակվող կամ աշխատող մարդիկ զրկվում են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու սահմանադրական իրավունքից»,-ասված էր դիմումում:

Մի կարեւոր հարց էլ կար: Ըստ դիմողի՝ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է հատկապես այն առումով, որ օրենքի վիճարկվող կարգավորումների պատճառով անձնական ազատության իրավունքին միջամտությունը տեղի է ունենում նաեւ այլ պետության, օրինակ՝ ՌԴ սահմանապահ զորքերի կողմից, որոնց գործողությունների նկատմամբ ՀՀ ներպետական մարմինները որեւէ վերահսկողական լծակ չունեն: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է փաստացի ՀՀ օրենքի կիրառությանն այլ պետության զինվորականների կողմից, որն էլ արտահայտվում է ՀՀ քաղաքացիների իրավունքներին կոպիտ միջամտությամբ: Դիմողի համոզմամբ, «Ամրագրված կարգավորումները զուրկ են իրավական որոշակիությունից եւ հանգեցնում են օրենսդրական այդ նորմերի հատվածական կիրառման, մասնավորապես՝ կանխատեսելի եւ որոշակի չեն, օրինակ՝ սահմանային շերտի կոնկրետ ո՞ր հատվածում ոգելից խմիչք օգտագործելու համար անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, անձանց ո՞ր գործողությունները կարող են դիտարկվել օրենքի իմաստով արգելք ենթադրող շփում կամ զրույց, ո՞ր մարմինն է տալու օրենքի 22-րդ հոդվածի «զ» կետով նախատեսված թույլտվությունը: Ավելին՝ առկա չեն չափանիշներ, որոնք հնարավորություն կտան իրավակիրառողին կողմնորոշվելու՝ օրենքով պահանջվող թույլտվությունը տալու կամ այն տալը մերժելու հարցում»:

Պատասխանողը՝ Ազգային ժողովը նշել է, որ պետական սահմանի, այդ թվում՝ սահմանային շերտի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է: Պետական սահմանի պահպանության բովանդակությունը կազմող միջոցառումները միտված են երաշխավորելու պետական սահմանի անձեռնմխելիությունը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը, պետական սահմանում անձի, հասարակության եւ պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին եւ ներքին սպառնալիքներից:

Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված՝ սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումներն ինքնանպատակ չեն: Ըստ պատասխանողի՝ «անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ՝ պաշտպանել պետական անվտանգությունը, իսկ ընտրված միջոցն անհրաժեշտ եւ բավարար է նպատակին հասնելու համար: Ընդ որում՝ օրենքի վիճարկվող դրույթով սահմանված ոչ բոլոր սահմանափակումներն ունեն կատեգորիկ բնույթ: Մասնավորապես՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում անձինք կարող են օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»:

Միայն օրերս Սահմանադրական դատարանը եզրահանգեց, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, որ դիմումի շրջանակներում վկայակոչված դիրքորոշումները չունեն «սահմանադրական վեճի բովանդակություն», հետեւաբար, գործի վարույթը աշխատակարգային որոշմամբ կարճվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930