Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետտուրքի պատճառով դատարանը դառնում է անմատչելի

Հունիս 17,2022 13:30
dram

2021թ. ապրիլի 19-ին փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Այն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 29-ին: Սահմանվեցին դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաեւ դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների եւ դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ եւ դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը: Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ դրույքաչափերը 2-ից ավելացել են 10 անգամ: Գաղտնիք չէ, որ պետական տուրքը թանկացավ:

Պետական տուրքի նվազագույն շեմը 1500-ից դարձավ 6000, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20 00-ից՝ 40 000 դրամ, սնանկ ճանաչելու դիմումների կես միլիոնը դարձավ մեկ միլիոն դրամ…

Մի դեպքում, դատարաններում գործերի աճ կա, մյուս դեպքում, դրանք ողջամիտ ժամկետում չեն կարող լսվել, պայմանավորված՝ պետտուրքերի մուծման անհնարինության հետ: Դրան գումարենք նաեւ «Հայփոստի» ծառայությունների թանկացումը, մարդն անվերջ բողոքարկում է, գանգատ բերում, որ պետտուրքը բարձրացրել են, սակայն ոչ մի քայլ: Դատարաններն, ըստ էության, գնալով դառնում են անմատչելի: Նախկինում հաշմանդամություն ունեցողին պետությունն արտոնություն էր տալիս, կարող էր դատարան դիմելով՝ պետտուրքը չմուծել, հիմա դա վերացել է: Այս դժվարությունները զգում են միայն դատարաններ դիմողները: Քչերը գիտեն, որ Սահմանադրական դատարանն այս տարվա փետրվարի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 9.1-ին հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացրեց, նախ այն նշանակեց մայիսի 17-ին, ապա գործի դատաքննությունը հետաձգեց եւ դատաքննությունը նշանակել է 2022 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 11.00-ին: Զեկուցողը դատավոր Ա. Դիլանյանն է: Պաշտպանը միջնորդել էր կասեցնել վիճարկվող հոդվածների գործողությունը, մինչեւ ՍԴ-ում գործի դատաքննության ավարտը:
Տպավորությունն այն էր, որ ՍԴ-ն պարբերաբար հետաձգելով, կարծես փորձում է ճշտել՝ արդյոք ժողովուրդը համակերպվե՞լ է, թե՝ ոչ: Զարմանալի է, որ այս խնդրով դեռ քննարկումներ չկան, եւ մտավախություն կա, որ ՍԴ-ն պարտադիր կուտակայինի նման մի բան որոշում կկայացնի, ամրագրելով՝ համապատասխանում է Սահմանադրությանը:

Նշեմ, որ 2021թ. նոյեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանը իր գործերից մեկով անդրադարձել է այդ հարցին, թե արդյո՞ք անձի կողմից պետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե հայցը կամ դիմումը ներկայացվել է այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով ներկայացնում է մեկ այլ անձի կամ անձանց՝ օրենքով պաշտպանվող իրավունքներն ու օրինական շահերը: Ըստ Վճռաբեկ դատարանի. «Դատարանների կողմից չպետք է նման ձեւական խոչընդոտներ ստեղծվեն, որոնց արդյունքում խախտվի անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930