Երեւանում է աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը
Հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը կիսում է երաժշտության հանդեպ իր սերը հանդիսատեսի հետ։ Միջազգային մամուլն ու երաժշտաքննադատները ներկայացնում են մեր հայրենակցին որպես մագնիսական ձգողականությամբ, բարձրարվեստ մեկնաբանությամբ դիրիժորի, որի յուրաքանչյուր բեմել իրադարձություն է։
Մաեստրո Ունջյանը Հայաստանում է առաջին այցից 25 տարի անց, դարձյալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։ Մինչ հարց կուղղեինք մաեստրոյին, նա մանկան անկեղծությամբ ու ոգեւորությամբ հայտարարեց. «Իսկապես երկար եմ սպասել հայաստանցի հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Այս այցիս երկու համերգ եմ ունենալու. հունիսի 17-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ հունիսի 18-ին՝ Գյումրիում (համերգը կկայանա Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում)։ Ուրիշ է հայ հանդիսատեսը. երբ կուլիսներից քայլում ես դեպի դիրիժորական վահանակ, այդ վայրկյանների ընթացքում զգում ես դահլիճի էներգիան։ Խնդրում եմ սա որպես հաճոյախոսություն չընդունել։ Ցանկացած երաժշտի համար չափազանց կարեւոր է մինչ առաջին նոտան հնչեցնելը դահլիճից վերցնել այդ էներգիան։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այդ էներգիայի հետ միաժամանակ ջերմություն էլ ես զգում։ Անշուշտ, այս ամենը գալիս է հանդիսատեսի պատրաստված լինելուց։ Նախօրեին ընդունելության էի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մոտ։ Հիացած եմ հովվապետի նախ ջերմ ընդունելությունից, որը տեւեց ավելի քան մեկ ժամ, հետո էլ դասական երաժշտության հանդեպ ունեցած նրա ոչ միայն սիրով, այլեւ գիտելիքներով։ Իսկ գիտե՞ք, որ կաթողիկոսի հեռախոսը լեցուն է բարձրարվեստ երաժշտությամբ…»։ Ռեպլիկին՝ հավանաբար կար նաեւ ձեր մեկնաբանությամբ որեւէ երկ, մեր զրուցակցի պատասխանը լիաթոք ծիծաղն էր։
Մաեստրո Ունջյանը իր կեսդարյա գործունեության ընթացքում շուրջ 15 տարի հանդիսացել է Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը (ներկայումս այդ նվագախմբի պատվավոր դիրիժորն է), այժմ Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Մաեստրոյին ներկայացնելիս մշտապես նշվում է, որ նա Տորոնտոյի «գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժն է»։
Կարդացեք նաև
Բազմաթիվ նվագախմբերի սպասված ու ցանկալի հյուր մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում, որ բարձրակարգ արվեստագետ լինելուց բացի, պակաս կարեւոր չէ, եթե ոչ անհրաժեշտ, մարդկային գործոնը. չէ՞ որ դիրիժորը յուրատեսակ լիդեր է, ամեն օր շփվում է շուրջ 70 երաժշտի հետ, գումարենք նաեւ երգչախմբի ու մենակատարների առկայությունը, իսկ գրականությունից ծանոթ ենք, որ եղել են դեպքեր, երբ նվագախումբը հրաժարվել է նույնիսկ մեծահամբավ դիրիժորի հետ համագործակցությունից։ «Զարմանալի չթվա, բայց ես իմ բնավորության վրա աշխատում եմ մինչ օրս, սկսած կարիերայիս սկզբից։ Իհարկե, շատ կարեւորում եմ մարդկանց հետ ճիշտ հարաբերվելը, դա էլ է արվեստ։ Դուք օգտագործեցիք «լիդեր» բառը։ Ես նաեւ պրոֆեսիոնալ սպորտով եմ զբաղվել։ Երբ ֆուտբոլիստ էի՝ խոսքը պատանեկան շրջանի մասին է, թիմում ավագն էի՝ լիդեր, բայց խնդրում եմ դա չշփոթել դիկտատորի հետ։ Ինձ շատ լավ էի զգում այդ դերում, քանի որ գիտեի ինչպես թիմը լավագույնս տանել առաջ»,- պատասխանեց մաեստրոն։
Կայանալիք համերգի ընթացքում մեր զրուցակիցը կղեկավարի նաեւ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, որը հեղինակը վերնագրել է «Նոր աշխարհից»։ Նկատեցինք՝ 1893թ. գրված սիմֆոնիան կարծես մեր ժամանակների համար է, քանի որ անընդհատ լսում ենք, թե աշխարհը փոխվում է… «Դվորժակը այդ տարի գնացել էր Ամերիկա՝ նոր երաժշտություն փնտրելու, նոր աշխարհ բացահայտելու։ Իսկ աշխարհն այսօր, այո, փոխվում է…»,- ասաց երաժիշտը։ Նրան ընդհատեցինք՝ տասնամյակներ շարունակ լսում էինք, թե արվեստը կփրկի աշխարհը, մինչդեռ այսօր ականատես ենք լինում ոչ թե արվեստի ուժի, այլ կոպիտ գերակայության։ «Ցավոք, այդպես է։ Պարզապես պոլիտիկները կորցրել են կապը մշակույթի հետ եւ իշխանության գալու կամ իրենց իշխանությունը երկարաձգելու համար պատրաստ են ամեն ինչի՝ փլուզել իրենց երկրի էկոնոմիկան, տարածքներ հանձնել եւ այլն…»,- փաստեց Փիթեր Ունջյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.06.2022