Ադրբեջանը, անխոս, փորձում է օգտվել ՌԴ-արևմուտք հակամարտությունից և որպես հետևանք՝ Եվրոպայի որդեգրած ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու քաղաքականությունից: Ուստի բոլոր հնարավոր միջոցներով լոբբինգ է արվում Հարավային գազային միջանցքի թողունակությունը մեծացնելու հարցը: Իսկ դրա համար անհրաժեշտ է մեծացնել ոչ միայն Տրանսադրիատիկ գազատարի (TAP), այլև Տրանսանատոլիական (TANAP) ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարների թողունակությունները, հետևաբար անհրաժեշտ են զգալի ներդրումներ:
Թեև Ի.Ալիևը նշում է, որ իրենց ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով, առկա են նաև հեռանկարային այլ հանքավայրեր, բայց գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միայնակ չի կարող ապահովել իր իսկ կողմից հայտարարված հավակնոտ ծավալների մատակարարումները։ Նշյալ հարցը եղել է նաև հունիսի 6-ին Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման հիմնական օրակարգը։ Դրա համար է նաև, որ թշնամի պետության ղեկավարը խոսում է Ադրբեջանի տարանցման հնարավորությունների և այդ ներուժն առավելագույնս օգտագործելու մասին։ Իրականում տարանցման հնարավորությունների մասին խոսելիս նա նկատի ունի ոչ միայն նավթի և գազի, այլ նաև իրենց տարածքով էլեկտրաէներգիայի տարանցման հնարավորությունները:
Ստեղծված իրավիճակից օգտվելու համատեքստում պետք է նկատել, որ Ալիևը մշտապես նշում է, որ իրենք հարգում են իրենց պարտավորությունները և որպես պատասխանատու երկիր փորձում են աջակցել այն երկրներին, որոնք տարբեր պատճառներով դժվարությունների են հանդիպել: Նա նաև խոսում է էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման և վերականգվող էներգետիկայի զարգացմանը զարկ տալու մասին: Իսկ վերջինս եվրոպական էներգատնտեսական քաղաքականության առաջնահերթությունն է:
Վերականգնվող էներգիայի զարգացման մեծ ներուժ առկա է Ադրբեջանի կողմից ժամանակաորապես օկուպացված Արցախի Հանրապետության հարավային շրջանների զգալի մասում և այդ ներուժն է, որ պատրաստվում են նրանք օգտագործել: Ըստ տարբեր գնահատականների՝ արևային և հողմային էներգիայի արտադրությունը այդ շրջաններում կարող է հասնել շուրջ 9-10 հազար մեգավատտ։
Կարդացեք նաև
Հանուն արդարության պետք է նշել, որ մինչև 2020 թվականը Արցախի էներգետիկ նման ներուժի մասին (բացառությամբ հիդրոէներգետիկ ներուժի, որը հիմնականում տեղաբաշխված է Արցախի հյուսիսային շրջաններում) մեզ մոտ լրջորեն երբեք չի խոսվել: Հավանաբար նաև նման մոտեցումների պատճառով էր, որ որոշ քաղաքական գործիչներ Արցախը դիտարկում էին ոչ թե որպես հայրենիք, այլ՝ զուտ որպես վարելահող:
Ի դեպ, Ալիևն իր թաքնված վախերը ենթագիտակցաբար ցուցադրում է, երբ բացի հուսալի գործընկեր լինելուց, խոսում է նրա մասին, որ Ադրբեջանում պետք է քաղաքական և տնտեսական կայունություն լինի, որպեսզի նշյալ ծրագրերը հնարավոր լինի իրականացնել։
Բացի արևմտյան ուղղությունից, Ադրբեջանը ակտիվ է նաև իրանական ուղղությամբ: Մասնավորապես, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը և Իրանի նավթի նախարարը Բաքվում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան գազի մատակարարումները կկրկնապատկվեն։ Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև 2021 թվականի աշնանը ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն՝ Թուրքմենստանից Ադրբեջան գազի մատակարարումն Իրանի տարածքով սկսվել է 2022 թվականի հունվարին։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «սվոփ» գազի մատակարարումների տարեկան ծավալը ծրագրվել է 1.5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում։ Հետևաբար կնքված հուշագրով գազի մատակարարումների տարեկան ծավալը կարող է աճել մինչև 3 միլիարդ խորանարդ մետր։ Բացի այդ՝ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ստեղծել իրանա-ադրբեջանական կոմիտե՝ Կասպից ծովում համատեղ հանքավայրերի ուսումնասիրության համար։ Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ ԻԻՀ-ն և Ադրբեջանը համատեղ կզարգացնեն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային նախագիծը:
Ի հակադրություն այս ամենի, ի՞նչ է անում Հայաստանը: Կարելի է ասել՝ ոչինչ: Բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ն էներգետիկ դիվանագիտություն չի իրականացնում, որևէ հետևողական քայլեր չեն արվում մեր պոտենցիալը գրագետ և ի շահ պետության օգտագործելու ուղղությամբ: Հայաստանը հաշվի չի առնում տարածաշրջանի էներգատնտեսական նոր իրողությունները: Դա որևէ կերպ կապ չունի «խաղաղության դարաշրջանի» կամ «ապաշրջափակման» հետ: Մենք մեր անելիքներն ունենք:
Հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի միջև առկա խորքային անհաղթահարելի հակադրությունները՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը բնական գործընկեր է Իրանի համար: Սակայն ներկայումս անգամ հստակություն չկա, երբ վերջապես կավարտվի Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Իսկ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի լիարժեք իրականացման համար համանման ենթակառուցվածքներ դեռևս պետք է կառուցվեն նաև դեպի Վրաստան:
Արդեն մոռացության է մատնվել 100 մեգավատտ հզորությամբ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը: Այնինչ, ըստ պայմանագրի, շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվեր հայկական կողմին:
Դեռևս որևէ հստակություն չկա նաև նոր ատոմակայանի կառուցման մասով: Այդ ուղղությամբ ՌԴ հետ տարվող աշխատանքները պետք է ակտիվացվեն: Հնարավորինս կարճ ժամանակում այդ հարցում պետք է լինեն կոնկրետ արդյունքներ: Հակառակ պարագայում մենք կունենանք լրջագույն խնդիրներ:
Մեր բացթողումների, ձախողումների, անգործության մասին երկար կարելի է գրել, սակայն հաշվի առնելով առկա իրողությունները և դրանց խորացման միտումները, պատասխանատու և թիրախային աշխատելու պարագայում Հայաստանը ոչ միայն կարող է վերադառնալ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի իրականացմանը՝ որպես լիիրավ մասնակից, այլև նշյալ առանցքում գտնվող երկրների հետ կարող է ձևավորել իր որակով և արդյունավետությամբ տարբերվող համագործակցության նոր մշակույթ՝ իրականացնելով նոր նախագծեր: Ինչին, հաշվի առնելով իրենց տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, կարող են աջակցել նաև Հնդկաստանը և Չինաստանը: Սակայն նման նախագծեր կարող են նախաձեռնել և հաջողությամբ իրականացնել միայն հաջորդ իշխանությունները, եթե, իհարկե, ունենան ռազմավարական միտք:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության փոխնախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյան