Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին:
Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:
ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար և ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է: Գլխավոր քարտուղարն անգնահատելի է համարել հատկապես Արդարադատության նախարարության դերակատարումը ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում:
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն, ոստիկանական, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած բարեփոխումները և ունեցած ձեռբերումները: Այս համատեքստում նախարարը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԵԽ անդամ հանդիսացող, ԵԽ մի շարք համաձայնագրեր և կոնվենցիաներ վավերացրած Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը:
Կարդացեք նաև
ԵԽ Գլխավոր քարտուղարը խոստացել է աջակցել իրավական դաշտում խնդրի լուծմանը: ԵԽ պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Սահմանադրական, դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, բռնության դրսևորումների և թրաֆիքինգի կանխարգելումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել աջակցությունն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի դերը հատկապես Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների աջակցության հարցում:
Անդրադարձ է կատարվել ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական քայլ է գնահատվել ԵԽ գործընկերների կողմից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես արդարադատության ոլորտի զարգացման առանցքային գործընկեր:
ՀՀ արդարադատության նախարարություն