Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը մտահո՞գ է, որ Արթուր Դավթյանը մի օր կձերբակալի Փաշինյանին․ Կոնջորյանի պատասխանը՝ ժպիտ

Հունիս 16,2022 17:33

«Խորհրդարանական երկրի պարագայում ժողովրդավարության ոգին ու տրամաբանությունը հուշում են, որ բոլոր ուժերը մասնակցեն խորհրդարանական աշխատանքին, որովհետեւ քաղաքացիները դրա համար են նրանց մանդատ տվել։ Ուստի մեր համար կարեւոր է, որ բոլորը մասնակցեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ կարեւորելո՞ւ եք այն հանգամանքը, որ ընդդիմությունն էլ առաջիկայում մասնակցի գլխավոր դատախազի ընտրության քննարկմանը, բանակցելո՞ւ եք այդ նպատակով նրանց հետ, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Դեռեւս ՀՀ նախագահի ընտրության ժամանակ, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցի, դիմեցի ընդդիմության ընտրողներին, ասացի՝ արդյոք նրանք իրենց բավարարված զգո՞ւմ են, որ չեն մասնակցում կարեւոր քաղաքական իրադարձությանը։ Դա շատ սխալ ու վատ գործողություն էր ընդդիմության կողմից, նույնն էլ հիմա եմ ասում։ Մենք չպիտի բանակցենք ընդդիմության հետ, որպեսզի նա կատարի իր օրենսդրական պարտականությունները, որպեսզի արդարացնի հարկատուների վճարած հարկերը, որպեսզի ազնիվ գտնվի իր ընտրողների առաջ եւ գա աշխատանքի»,-համոզմունք հայտնեց Հայկ Կոնջորյանը։

Նա վստահեցրեց՝ իրենք ուզում են, որ ընտրության ժամանակ քաղաքակիրթ քննարկում ու բանավեճ լինի․ «Մենք նաեւ որպես պետություն դրա կարիքն ունենք։ Բոլոր վեճերը պետք է տեղափոխել այս դահլիճ»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի գլխավոր դատախազի թեկնածուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։

Հարցին՝ ինչո՞ւ ՔՊ-ն չի որոշել առաջադրել գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թեկնածությունը, Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ համեմատություններ անելը կոռեկտ չէ։

Նա ոչ կոռեկտ որակեց նաեւ հարցադրումն այն մասին, որ ՔՊ-ն Աննա Վարդապետյանին ցուցել է լրագրողներից հետ չխոսել․ նա խմբակցության հետ հանդիպումից առաջ ասել էր, որ ավարտին կխոսի, հետո՝ հրաժարվել։

Կոնջորյանը նաեւ տեղեկացեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ Վարդապետյանի թեկնածությունը, բնականաբար, քննարկել են․ «Դրական է՝ քաղաքական թիմի կարծիքի հետ կապված»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ մտավախություն կա՞ր, որ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում մի օր կորոշեր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այդ իսկ պատճառով չեն առաջադրել նրա թեկնածությունը՝ իրենց ապահովագրելու համար։ Հայկ Կոնջորյանը հարցը լսելով ժպտաց․ «Դուք գնալով ավելի եք բարձրացնում ձեր նշաձողը հարցեր տալու, որոնք միայն ժպիտ են առաջացնում իմ մոտ։ Կներեք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930