Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ուռճացված, չհիմնավորված կեղծ քրեական գործեր հարուցելու միջոցով փորձել են ՀՅԴ նկատմամբ իրականացնել հերթական այլանդակ արշավը»

Հունիս 16,2022 17:19

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առերևույթ հանցագործության մասին հաղորդումը` հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին, որ քրգործի հարուցման մասին որոշման համաձայն՝ մայիսի 5-ին «Մեդիանյուզ» կայքում «Բացառիկ ձայնագրություն, Արմավիրի ՀՅԴ-ականները հանրահավաքներին մարդ բերելու համար փող են բաժանում» վերնագրով նյութի ուսումնասիրմամբ պարզվել է, որ երկու անձինք հեռախոսազրույց են ունենում միմյանց հետ, որի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը:

Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք են դաշնակցականներ Ալեքսան Ալեքսանյանը և Արամայիս Մխիթարյանը, հանգամանքները պարզվում են:

Aravot.am-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ Արծվիկ Մինասյանը հետեւյալը հայտնեց. «ՀՅԴ-ի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների եւ կեղծ քրեական գործերի հարուցման գործողությունների ընթացքում փորձեցին գործ հարուցել դաշնակցության կողմից ընտրություններին դրամ բաժանելու, ինչպես նաեւ Ֆրանսիայի հրապարակում հավաքներին մարդ բերելու վերաբերյալ: Այս քրեական գործը հարուցվել էր մի գաղտնալսման հիման վրա եւ գաղտնալսման տեսագրությունը տարածվել էր: Ընդ որում, քրեական գործ էին հարուցել առանց պարզելու գաղտնալսման աղբյուրը՝ ով է իրականացրել, ինչու է տարածվել այդ ձայնագրությունը, որքանով է օրինական գաղտնալսման փաստը, եւ առհասարակ որեւէ առնչությունը այդ գործի եւ դաշնակցական ընկերների միջեւ: Դա հիմքում դնելով հարուցել էին քրեական գործ, եւ մեր 2 ընկերներին` Արամայիս Մխիթարյանին եւ Ալեքսան Ալեքսանյանին սկզբում ձերբակալել էին, հետո կալանավորել:

Ձերբակալությունից անմիջապես հետո խուզարկության մասին որոշում էին պարտադրել դատարանին ոչ միայն Արամայիս Մխիթարյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի, այլեւ մեր կուսակցական տասնյակ ընկերների բնակարաններում, կուսակցության գրասենյակներում, փորձել էին իբր դրանից ստեղծել մեծ քրեական գործ: Խուզարկությունների ընթացքում,սակայն, ոչինչ չեն հայտնաբերել բացառությամբ, ինչպես հետագայում հրապարակեց Քննչական կոմիտեն, մի նոթատետր էին գտել Արամայիս Մխիթարյանի բնակարանից, որը բացարձակ որեւէ առնչություն չուներ այն կեղծ մեղադրանքի հետ, որով պայմանավորում էին քրեական գործի ավելի ընդլայնումը:

Ի դեպ, այդ նոթատետրի տվյալները հայտնվել էին civic.am կայքում: Արդյունքում ստացվում է, որ ուռճացված, չհիմնավորված կեղծ քրեական գործեր հարուցելու միջոցով փորձել են Դաշնակցության նկատմամբ իրականացնել հերթական այլանդակ արշավը: Իմ հաղորդումը վերաբերում է հենց առաջին գործի շրջանակներում գաղտնալսման փաստին, դրա օրինական լինելուն, ինչպես նաեւ դրա սկզբնաղբյուրին, որովհետեւ այն ինչ արվել է` առերեւույթ հանցագործություն է իրենից ենթադրում:

Բացի դրանից` ես երկրորդ հաղորդումն էլ եմ ուղարկել civic.am-ում հայտնված նախաքննական գաղտնիքի աղբյուրի եւ այն հանցավոր շրջանակների հետ կապված, որոնք թույլ են տվել օրենքի խախտում»:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց. «Արձանագրեմ, որ շարունակվում են ապօրինությունները, հարյուրավոր խուզարկություններ են իրականացվել դաշնակցական ընկերների եւ մեր համակիրների բնակարաններում, ու ոչինչ չեն էլ հայտնաբերել, որովհետեւ իրականության հետ աղերս չունեցող, անհասկանալի օդից վերցրած մեղադրանքներ են դրանք: Նպատակը պարզ է` փորձել իրավապահ ողջ համակարգը, այդ թվում քննչական մարմիններին ներգրավել` Դաշնակցության, դաշնակցականների եւ նրա համակիրների նկատմամբ ճնշում գործադրելու գործում` քաջ հասկանալով հանդերձ, որ դաշնակցական ընկերների ակտիվ հատվածը մասնակցում է Դիմադրության շարժման ակցիաներին, ու նրանց ակտիվությունը զսպելուն ուղղված փորձ է կատարվում` ահաբեկման կեղծ մթնոլորտ ստեղծելով: Այս ամենը շարունակվում է նաեւ այլ ուղղություններով. ներկայումս 100-ից ավելի անձինք ներգրավված են տարբեր շինծու քրեական գործերում` խուլիգանությունից սկսած, ավարտված` զանգվածային անկարգություններ ձեւակերպումով: Մի խոսքով, Նիկոլի իրավական համակարգի բռնաճնշումները շարունակվում են, բայց մենք ընկրկող չենք, մենք պայքարում ենք ու մինչեւ վերջ գնալու ենք եւ հաղթելու ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Արծվիկ Մինասյան, գոնե մի անգամ ասեիք, որ զղջում եք կամ ափսոսում եք, էլ չեմ ասում գրեիք որ դատապարտում եք Գյումրիում ծերուկների նկատմամբ բռնությունը․․․ թե չէ էսքան փարիսեցիություն այլևս սրտխառնոց է առաջացնում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930