ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջիկայում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ «Որովհետեւ տիկին Վարդապետյանն իր մասնագիտական որակներով, բարձր բարոյական եւ արժեքային հատկանիշներով համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին եւ առաքելությանը, որը, մեր կարծիքով, պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ընտրությունն այսպես բացատրեց Հայկ Կոնջորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նրա անաչառությունը կասկածի տակ չի՞ դրվում, նա կողմնակալ չի լինի՞, օրինակ, պատերազմի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ մեղավորության առնչությամբ առկա քրեական գործերով։ Հայկ Կոնջորյանը նախ նշեց, որ Աննա Վարդապետյանը կուսակցական չէ․ «Վստահ եմ, որ ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է սահմանադրությամբ վերապահված գործողությունները եւ լինելու է իր խղճի առաջ մաքուր ու պատասխանատու։ Առավել քան համոզված եմ։ Մենք ունեցել ենք էլի թեկնածուներ, եւ այս դիտարկումը եւս հնչել է, բայց կարծում եմ, որ նման դիտարկումները չի կարելի արհեստականորեն տարածել բոլորի վրա։ Այդ տրամաբանությամբ խմբակցությունը քաղաքական մարմին է, եւ մեկը կարող է ասել, որ խմբակցության ընտրած թեկնածուն կաշկանդված է խմբակցությունից։ Այսպես խեղվում է պառլամենտարիզմի էությունը»։
Հարցին՝ ՔՊ-ին չի անհանգստացրե՞լ այն փաստը, որ Աննա Վարդապետյանը հայտնվել էր քրեական գործերից մեկի հետ կապված սկանդալում, Հայկ Կոնջորյանը պատասխանեց․ «Ես գիտեմ, որ այդ օրինակով դա չի համապատասխանում այն համատեքստին, որը փորձ էր արվում ներկայացնել այդ սկանդալի մեջ։ Ես գիտեմ, որ շատ պաշտոնյաներ պաշտոնի բերումով եւ գործողությունների արդյունքում կարող են դառնալ այս կամ այն քաղաքական խմբերի կամ մեդիա շրջանակների թիրախ։ Ձեր մատնանշած դեպքը եւս եղել է թիրախավորման հետեւանք, որը կապ չունի իրականության հետ եւ մեղադրանքների հետ, որոնք հնչեցվում են»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ 2021թ. մարտի 10-ին սկանդալային տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում հստակ երևում էր, որ Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ