Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիկի ծաղիկը» Վրաստանում է, վարակվածը երիտասարդ տղամարդ է. Հայաստանի սահմանին հսկողություն է իրականացվում

Հունիս 16,2022 16:35

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ Այսօր այս մասին առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Վարակվածը երիտասարդ տղամարդ է: Ըստ տիկին Պարոնյանի, դեպքը հաստատվել է երեկ:

Ամբողջ աշխարհում երեկվա դրությամբ արձանագրվել էր 1704 դեպք: ԱՆ մասնագետի խոսքով, «Կապիկի ծաղիկ» հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում՝ աշխարհի 34 երկրներում այդ թվում՝ Վրաստանում, որտեղ նույնպես արդեն իսկ իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

Հայաստանի սահմանի անցման կետերում իրականացվում է հսկողություն:

«Համագործակցում ենք առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ, նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ «Կապիկի ծաղիկը» սկսում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում երեւում է նաեւ ցանը»,-ասաց համաճարակաբանը:

Նրա խոսքով, որեւէ բժշկական կազմակերպությունից որեւէ հաղորդում դեռ չեն ստացել, բայց աշխատում են բժշկական կազմակերպությունների հետ՝ զգոնությունը բարձրացնելու նպատակով:

Մասնագետն ասաց, որ «Կապիկի ծաղիկը» վիրուսային ինֆեկցիա է, որը դեպքերի մեծ մասում դրսեւորվում է ցանավորման ու տենդի տեսքով։ Ի տարբերություն մահացու «Բնական ծաղիկ» հիվանդությանը, «Կապիկի ծաղիկն» ավելի մեղմ ընթացք ունի: Այն հիմնականում փոխանցվում է սերտ շփման միջոցով օդակաթիլային ճանապարհով եւ աղտոտված առարկաների միջոցով:

Նրա խոսքով՝ կասկածելի դեպքի ախտանշան է համարվում 38.5 եւ ավելի բարձր ջերմաստիճանը, որին 1-3 օրվա ընթացքում միանում է ցանը եւ ավշային հանգույցների բորբոքումը։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանն ասաց, որ «Բնական ծաղիկի» դեմ նոր սերնդի առկա պատվաստանյութերն արդյունավետ են եւ կանխարգելում են նաեւ «Կապիկի ծաղիկը»:

«Ներկայումs, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ առաջարկություն չի ներկայացնում երկրներին՝ բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ` կարող են այդ առաջարկությունները փոփոխվել»,-ասաց Սվետլաննա Գրիգորյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատվաստանյութեր արտադրող ընկերությունները արտադրության ծավալները կմեծացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930