Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը՝ Իգոր Կրասնովին. Ադրբեջանը շարունակում է չկատարել եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության առանցքային գործոն է

Հունիս 16,2022 16:30

Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:

ՀՀ գլխավոր դատախազը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ այն խոշոր և արդեն կայացած հարթակ է քննարկելու ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային և ազգային մակարդակներում գործարարությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ունիվերսալ կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները:

Այս առումով Արթուր Դավթյանը շեշտել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան և ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները՝ այդ նպատակով կայուն կապ պահպանելով նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ:

ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ մասնացկությունը պետերբուրգյան տնտեսական կարևոր ֆորումին:

Իգոր Կրասնովը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների դատախազական կառույցների միջև տարեցտարի ամրապնդվող համագործակցության բարձր մակարդակի առթիվ, շեշտել դրանում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած դերը և գործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի, իրավական փոխօգնության ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արժևորել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված բազմավեկտոր համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետ ընթացքը: Երկուստեք արձանագրվել է, որ այդ ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումներն օգնում են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում երկուստեք առաջնային համարվող ուղղություններով փորձի փոխանակմանը:

Հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները: Մասնավորապես՝ շեշտվել է հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ձևաչափերը ձևական չդարձնելու կարևորությունը:

Արթուր Դավթյանն Իգոր Կրասնովին շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորման հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև հաղորդակցության ձևաչափ գործարկելու հարցում ցուցաբերած անձնական լուրջ ներդրման համար: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է:

Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այս հիմնահարցի շուտափույթ լուծմանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930