Զոհված զինծառայողների ծնողները դատախազություն էին գնացել՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխանցելու երկու գրություն: Նրանք հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի պահվածքի հետ կապված, նաեւ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։
Զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը ինքն անձամբ ներկա չի եղել, բայց իր կինն է եղել ու կնոջ ասելով՝ Քյարամյանը շատ վատ է իրեն պահել. «Նախ աշխատասենյակում եթե դու ծնողներին բարձրացրել ես, փորձել ես լսել՝ հաթաթա տալով, թե՝ հանկարծ մեկը ձայնագրի զրույցը, քրեական գործ եմ հարուցելու, անձամբ հետեւելու եմ, որ դատվի… Դա ՔԿ ղեկավարի խոսակցությո՞ւն է, ա՛յ լապիստրակ, հլը մի հատ դու հաշվի առ ում հետ ես խոսում ու ովքեր են քո աշխատասենյակում ու դու ում հետ ես խոսում: Ընդհանրապես երեխա ունե՞ս, երեխու արժեք գիտե՞ս, որ այդ ծնողներին հաթաթա ես տալիս, որ հանկարծ մեկը նկարի կամ ձայնագրի, պատասխան են տալու, կամ ծնողին ասում է՝ դու հլը կտենաս, մատ թափ տալով, «ախրաննիկը» հետեւից դուրս գալով»։
Գալեյանն ասաց, որ չեն վստահում Քննչական կոմիտեին, կոնկրետ իր ընտանիքի վրա քրեական գործ են «կարել». «Ուզում եմ իմանալ՝ լա՞վ են զգում իրանց, համարում են, որ իրենք տղամա՞րդ են, իրենց տան անդամներն իրենց ի՞նչ են ասում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ