Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ «փողոցային ռազբորկա» է արել. «Եթե չխառնվեին ծնողները, այդտեղ լինելու էր ծեծկռտուք»

Հունիս 16,2022 15:58

«Մենք ներկայացրել ենք հաղորդում՝ հանցագործության կատարման մասին: Խոսքը Քյարամյանի, իր պահվածքի մասին է: Եթե չխառնվեին ծնողները, այդտեղ լինելու էր ծեծկռտուք: Դրանից բխող միջնորդություն ենք ներկայացնում, որ գործը քննի ԱԱԾ-ն»,- այսօր դատախազության առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը:

Զոհված զինծառայողների ծնողները դատախազություն էին գնացել՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխանցելու երկու գրություն: Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։

Վիգեն Ազատյանի խոսքով՝ այս գործը քննող երեք մարմին կա՝ ՀՔԾ-ն, ՔԿ-ն ու ԱԱԾ-ն: ՀՔԾ-ից գործը վերցրել են, Քննչական կոմիտեից վերցրել են Քյարամյանի պահվածքի համար ու ստիպված գործն ուզում են ուղարկել ԱԱԾ. «Արթուր Դավթյանը աստիճանների վրա ասեց, որ ձեր պայքարն արդար է, իմիջիայլոց, միակ պաշտոնյան է, որ դա ասաց: Առաջիկա օրերին պարզ կլինի՝ այդ բառերը լոկ բառե՞ր են»:

Թե ինչպես է իրեն պահել Արգիշտի Քյարամյանը՝ նա պատասխանեց. «Բառիս բուն իմաստով ծնողների հետ փողոցային ռազբորկա էր: Խոսքը գնում էր այն մասին, որ «դավաճան, թուրք» Փաշոյին ձերբակալեին, մեզ պետք էր մի հարցի պատասխան՝ ե՞րբ է լինելու՝ օր եւ ժամ: Ասում են՝ ծանոթանում ենք գործերին»:

Արգիշտի Քյարամյանի հետ խոսակցության մանրամասները ծնողները չեն ուզում բացահայտել, նրանք ասում են, որ Արթուր Դավթյանի հետ հույս են կապում ու եթե Դավթյանն իր խոսքի տերն եղավ, Քյարամյանից էլ տալ-առնելիք չեն ունենա, կմոռանան նրա պահվածքը. «Քյարամյանի խոսքում հա՛մ վիրավորանքներ կային, հա՛մ պատասխաններից ռեալ երեւում էր, որ այս գործը չի կարող քննվել»,- ասաց Ազատյանը:

Նա հավելեց, որ եթե 5 օրվա մեջ իրենց հարցը լուծեն՝ միջնորդությունը բավարարեն, Քյարամյանի հարցը կհամարեն փակված ու դա մնա միայն իրենց՝ ծնողների ու Քյարամյանի միջեւ:

Հարցին՝ ինչո՞ւ եք այդքան ներողամիտ՝ նա պատասխանեց. «Չմոռանանք, որ մենք այն տղաներին ենք դաստիարակել, որոնք հայրենիքի համար կյանքն են տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930