«Սերժ Սարգսյանը թողել է ժառանգություն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երաշխավորվում էր, Արցախի միջանկյալ կարգավիճակը երաշխավորվում էր եւ այդ ամենն արված էր՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հակադարձելով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կրկին հնչեցրած այն թեզին, որ «նախկիններն» իրենց բանակցային ժառանգությամբ հանձնել էին Արցախը, որ Արցախի եւ վերջնական, եւ միջանկյալ կարգավիճակներն էին հարցականի տակ՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Բերելով Կոսովոյի, Արեւելյան Թիմորի օրինակները, ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Արցախի որեւէ կարգավիճակի համար Ադրբեջանի համաձայնության կարիքը չկար, որովհետեւ չկա նախադեպ, երբ որեւէ պետությունից մի մասը ցանկանում է անջատվել՝ նախկին մետրոպոլիայի համաձայնությունը լինի: Իսկ որ Արցախի միջանկյալ կարգավիճակ լինելու էր, դա նաեւ Նիկոլ Փաշինյանն է հաստատել՝ 2020 թվականին Կապանում տված իր ասուլիսում, որտեղ ընթերցում էր Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթը՝ հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ:
Ամենակարեւորն, ըստ Արմեն Աշոտյանի, այն է, որ այդ ամենը լինելու էր միջազգային խաղաղապահ ուժերի մանդատով. «Ջհանդամին հետո Ալիեւը համաձայներ հանրաքվեի, կարեւորը՝ Արցախը, Քարվաճառն ու Լաչինը մնում էին հայկական, էլ չասեմ՝ Շուշին ու մնացածը: Այդ ամենը երաշխավորված էր լինելու միջազգային մանդատով օժտված խաղաղապահ ուժերով, Արցախը ունենալու էր աշխարհում ճանաչված միջանկյալ կարգավիճակ: Այս ամեն ինչը չտեսնել եւ ասել, որ շատ վատ էր, այն դեպքում, երբ այսօր ունենք ճմռթված երկրորդ հայկական պետություն…»:
Արմեն Աշոտյանը «կատարյալ անբարոյականություն» է համարում նաեւ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ նոր հանրաքվեն հարցականի տակ էր դնում Արցախի ժողովրդի՝ 1991 թվականի հանրաքվեն՝ ասելով, որ այդ հանրաքվեն արդեն իր նպատակին հասել էր՝ Արցախը դարձնելով միջազգային քաղաքականության սուբյեկտ, Արցախը դարձնելով թեկուզ չճանաչված պետություն: Նա նաեւ հավելեց, որ երկրորդ հանրաքվեն արդեն լինելու էր միջազգայնորեն ճանաչված:
Կարդացեք նաև
Նա առնվազն անբարոյականություն է համարում նաեւ հայտարարելը, որ առանց օրակարգի սահմանափակումների՝ հանրաքվեն չէր երաշխավորում, որ արցախյան պատերազմներում հայր, քույր, եղբայր կորցրած մարդիկ կարող է քվեարկեին Ադրբեջանի կազմ մտնելուն:
«Նիկոլը հիմնավորում է, որ Արցախը պիտի տա Ադրբեջանին՝ ավելի ջանասիրաբար եւ ավելի անբարոյական հիմնավորումներով, քան Ալիեւն է արել»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ՀՀ նախկին նախագահների «ջեբը գցել» խնդիրը, բայց ամենն իր քաղաքական, բարոյական պատասխանատվության տիրույթում է:
Նա պահանջում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի մասով շահարկումներ անելուց առաջ հրապարակել իրենց իսկ ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը եւ հայտարարում է, որ բոլոր շահարկումներն այդ հանձնաժողովում հերքվել են ու նաեւ դա է պատճառը, որ եզրակացությունը չի հրապարակվում:
Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենազավեշտալի հայտարարություններից մեկն էլ Աշոտյանը համարում է այն հայտարարությունը, որ իր առաջարկած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, բայց այդ խաղաղությունն էլ երաշխավորված չէ: Ընդդիմադիր գործչի բնութագրմամբ, Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով հայ ժողովրդին աբորիգենների տեղ է դնում, ովքեր ապրում են օրվա որսով:
Նա նաեւ հեգնեց՝ ասելով, որ հավանաբար, Նիկոլ Փաշինյանն էլ է տարակուսած՝ չի հասկանում, թե է՞լ ինչ անի, որ ժողովուրդն իրեն մերժի: «Ինքը մեր մասին իրականում ավելի լավ կարծիքի է, քան փաստացի կանք. եկեք ապացուցենք հակառակը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հորդորելով այսօր կայանալիք ընդդիմության երթին, առաջիկա հանրահավաքին դուրս գալ՝ կանխել արցախահանձնման գործընթացը:
Արմեն Աշոտյանը նաեւ նկատեց. «Նիկոլ Փաշինյանը լավ գիտի ամերիկյան սոցհարցումների արդյունքները, որտեղ ինքը վարկանիշ չունի: Ուրիշ բան, որ ընդդիմությանը չի հաջողվել հայ ժողովրդի այդ ամբողջ դժգոհ հատվածը ոտքի կանգնեցնել եւ ճանապարհել՝ սկզբից պաշտոնից, հետո՝ դատարան»:
Իսկ ընդդիմության սխալների մասին Իշխան Սաղաթելյանի ասածներին հավելելու բան այս պահին Արմեն Աշոտյանը չունի:
Իր հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը այսօր բացառապես հայ ժողովրդի շահն է, աշխարհում որեւէ այլ պետության շահից չի բխում դա, իսկ ընդդիմությունն էլ «դրսում տեր ոչ ունի, ոչ ուզում է, ոչ էլ փնտրում է», որքան էլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կապելու փորձեր են լինում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ