«Մեր բոլոր փառատոններն անցել են շատ աշխույժ: Օրինակ, Նորվեգիայի մամուլի ասուլիսին 150-ից ավել լրագրող է եղել, Նորվեգիայի կենտրոնական հեռուստատեսությունը մեկ շաբաթ օր ու գիշեր լուսաբանում էր STARMUS փառատոնը: Իհարկե դա Նորվեգիան էր, մի երկիր, որտեղ գիտությունն ու կրթությունը շատ բարձր են գնահատվում»,- սեպտեմբերին կայանալիք STARMUS VI գիտության և արվեստի փառատոնի ծրագիրը ներկայացնելիս ասաց փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:
«Մեր հոգաբարձուների խորհրդում բոլորս գիտենք, որ STARMUS-ն արտակարգ կանցնի եվրոպական ցանկացած երկրում, բազմաթիվ երկրներից հրավերներ ունեինք, սակայն մերժեցինք ու որոշեցինք գալ Հայաստան ու էքսպերիմենտ անել՝ տեսնելու համար ժողովրդի, մեդիայի, բիզնեսի կողմից ինչպիսի ռեակցիա կլինի փառատոնի նկատմամբ»,-հավելեց փառատոնի համահիմնադիրը:
Գարիկ Իսրայելյանը նշեց, որ հետագա փառատոնների համար արդեն հրավերներ ունեն ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից, որովհետեւ STARMUS-ը դարձել է աշխարհի ամենահեղինակավոր եւ պահանջված փառատոններից մեկը:
Նա տեղեկացրեց, որ STARMUS-ի շրջանակում անցկացվող բոլոր դասախոսությունները կայանալու են Մարզահամերգային համալիրում` ժամը 15-ին, դրանք լինելու են 20 րոպե տեւողությամբ եւ այնքան հանրամատչելի, որ անգամ դպրոցականները կարող են հասկանալ. «Լինելու է սինխրոն թարգմանություն, բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, ինժեներներ, հայտնի գիտնականներ դասախոսություններ կկարդան: Արդեն շուրջ 50 դասախոսներ ունենք, որոնց մի մասը ոչ միայն դասախոսություն կկարդա, այլեւ կշրջի բուհերում` Ամերիկյան համալսարան, Սլավոնական համալսարան, Երեւանի պետական համալսարան, ինչպես նաեւ` Թումոյում: Բացի դրանից, մենք օպերայում կազմակերպում ենք գիտության ճամբար, որտեղ կլինեն մոտ 20 վրաններ: Դրանցից յուրաքանչյուրում կներկայացվի գիտության մի ճյուղ: Դրանք բաց կլինեն մի շաբաթ շարունակ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ գիտության եւ տեխնոլոգիայի նորություններին»:
Կարդացեք նաև
Փառատոնի համահիմնադիրը հավելեց, որ երեկոյան երաժշտական մաս եւս նախատեսված է:
Գարիկ Իսրայելյանը փաստեց, որ նման ճամբար անցկացվել է նաեւ Նորվեգիայում, որտեղ 50 հազար մարդ է մասնակցել: Նորվեգիայի պատմության մեջ չէր եղել, որ գիտությունն ու կրթությունը այդչափ կարեւորվեն: Ի դեպ, այն քաղաքում, որտեղ գիտության ճամբարն էր կազմակերպվել, 200 հազար բնակչից 50 հազարն է մասնակցել: Գարիկ Իսրայելյանը հույս ունի, որ Երեւանում գոնե 100-200 հազար մարդ կմասնակցի:
Ասաց նաեւ, որ նախատեսվում է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի մեդալի արարողությունը, իսկ մեդալը շնորհվում է այն մարդկանց, որոնք մեծ դերակատարություն են ունեցել գիտության, երաժշտության, կինոյի եւ արվեստի մասսայականացման մեջ:
Ի թիվս այլնի, նախատեսվում են միջոցառումներ ոչ միայն Երևանում, այլեւ մարզերում՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվելու է աստղաֆոտոգրաֆիայի դպրոց:
Գարիկ Իսրայելյանը նաեւ նշեց, որ նպատակ ունեն փառատոնը հասանելի դարձնել հանրության, հատկապես երիտասարդության լայն շրջանակներին, դրա համար, ի տարբերություն եվրոպական երկրների, տոմսերի արժեքը ոչ թե 700 եվրո կլինի, այլ 25 հազար դրամ մասնակիցների, եւ 20 հազար դրամ` ուսանողների համար:
Ասուլիսի ընթացքում հեռավար միացումով կապ հաստատվեց STARMUS խորհրդի անդամ Դեյվիդ Այքերի, Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերի, ճանաչված երաժիշտ Դերեկ Շերինյանի հետ, հնչեցին Բրայան Մեյի, Սերժ Թանկյանի ուղերձները։
Հիշեցնենք, որ փառատոնը անցկացվելու է սեպտեմբերի 5֊10 Հայաստանում` «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների, Նոբելյան մրցանակակիրների, գիտնականների ու արտիստների։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նաեւ մասնաւոր ասուլիս՝ “Կովկա՞ս, կամ Մա՞րս” վերնագրով, Ժիրայր Սեֆիլյանի եւ ՀՀ միակ տիեզերագնացետչեկաւ Արամ Սարգսյանի մասնակցութեամբ։