Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց օրակարգը. Արմեն Աշոտյան

Հունիս 16,2022 14:57

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ, երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում էր շոու բեմադրել՝ հերթական անգամ իբր փաստարկելով, թե Արցախը նախկինները հանձնել էին, փորձելով ձերբազատվել եւ պատմության մեջ չմնալ «դավաճանի» խարանով: Այսօր «Հայելի» ակումբում Արմեն Աշոտյանը նկատեց, որ «Նիկոլ Փաշինյանի ստերի շարանը» բազում անգամներ ենք լսել, երեկ պարզապես, նա փորձում էր «ռեմիքս» անել դրանք:

Այս ամենում էականն, ըստ ՀՀԿ փոխնախագահի, այն է, որ վերջին երկու օրերին հանրային եւ քաղաքական քննարկումների հիմնական թեման ընդդիմության քայլերն են եւ կանխատեսվում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ պահին այդ ամբիոնը կօգտագործի՝ ընդդիմության այդ քայլը քննադատելու համար: Բայց, ՀՀԿ փոխնախագահի բնութագրմամբ, Նիկոլ Փաշինյանն ավելի վատ բան արեց. «Ինչո՞ւ Նիկոլը չխոսեց՝ ընդդիմությունը մաշվում է, վրանները եւ այլն…շատ պարզ. որովհետեւ նա հասկանում է, որ դա ընդդիմության պայքարի հերթական փուլի ազդարարումն էր, նա հասկանում է, որ ընդդիմության պայքարի վտանգը ոչ թե վրաններից է, այլ օրակարգից, որը Արցախի հարցի հետապնդումն է, Արցախում հայկական շահի առաջխաղացումը, եւ նա թիրախավորեց օրակարգը: Նիկոլին կարող ենք շատ բան ասել եւ տեղին, բայց չենք կարող չասել, որ նա ունի բնազդներ եւ այդ բնազդների մեջ նա տարբերակում է իր հիմնական սպառնալիքները, վտանգները եւ դրանց մասին է խոսում: Վրանների ապամոնտաժումից նա չի ուրախանում, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ վրանները ձեւ էին»:

Արմեն Աշոտյանի պնդմամբ, ամռանը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շարունակել «արցախահանձնման գործընթացը» ու պատճառներից մեկն էլ դա է, որ ցայսօր ԱԺ ամբիոնից նախ խոսում է Արցախի հարցի, նախկինների թողած ժառանգության մասին՝ ըստ իր հարմարությունների: Երեկվա իր հայտարարություններով, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանը կրկին փորձում էր հիմքեր ստեղծել՝ միջազգային հարթակներում մեր շահերը վաճառելու համար:

Այս համատեքստում, ընդդիմադիր գործիչն իր գործընկերների եւ հանրության համար արձանագրում է՝ նման իրավիճակներում, Հայաստանում քաղաքականությունը չպետք է սեզոնային բնույթ կրի:

Ընդդիմադիր գործչի համար սկզբունքորեն անընդունելի են նույն ելույթում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանից Արցախին ուղղվող ֆինանսական հոսքերի մասին հայտարարությունները: Նա դա ընդունել է՝ «երեսով տալու» նման մի բան ու նկատում է, որ դա անում է մարդ, որի իշխանության շրջանում եւ որի պատճառով Արցախի տարածքը 12 հազար կիլոմետր քառակուսուց դարձել է երեք հազար կիլոմետր քառակուսի, արցախահայության մի մասը զրկվել է իր տներից, Արցախի պաշտպանական ողջ գիծը, որի վրա միլիարդներ էին ծախսվել, հանձնվել է Ադրբեջանին, Արցախի ենթակառուցվածքները հանձնվել կամ ոչնչացվել են, Արցախի՝ տարիների ընթացքում կուտակած տնտեսական ներուժը ոչնչացվել է, բանակը ջախջախվել է եւ այլն: Արմեն Աշոտյանն «անբարոյական փաստարկ» է համարում Նիկոլ Փաշինյանի՝ այդ առնչությամբ արած հայտարարությունները, քանի որ ստացվում է՝ «մարդուն սպանես, նրա ժառանգներին ասես՝ սուսեք, մի քանի կոպեկ եմ տալիս ձեզ»: Նա հավաստիացնում է, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, Արցախն ամուր իր ոտքերի վրա կանգնած կլիներ եւ այդ մի քանի ավել կոպեկի կարիքը չէր ունենա, քանի որ իր տնտեսական ներուժով գերազանցում էր Հայաստանին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930