Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունը լրիվ համապատասխանում է Նիկոլ Փաշինյանին, փայլուն ընտրություն է». փաստաբան

Հունիս 16,2022 14:38

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: ՔՊ ներսում արդեն ունեն իրենց դատախազի թեկնածուն: Այս պահին քննարկվում է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Նա, ըստ որոշ տեղեկությունների, այսօր կհանդիպի ՔՊ-ականների հետ:

Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով, Վարդապետյանի նշանակումն ամենատրամաբանական ու սպասելի նշանակումն էր:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է՝ ամենասպասելի ու ամենատրամաբանական նշանակումն է լինելու: Ընտրությունը լրիվ համապատասխանում է Նիկոլ Փաշինյանին, փայլուն ընտրություն է» ,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, Վարդապետյանի հնարավոր նշանակմամբ սանձարձակության աստիճանը կմեծանա. «Պատվերների քանակը կմնա նույնը, որովհետեւ պատվիրատուն նույնն է, կավելանա ռեպրեսիաների սահմանը եւ սանձարձակության աստիճանը: Քրեական իրավունքը եւ քրեական դատավարությունը կդադարեն գործել: Դրան զուգահեռ՝ խափանման միջոցները կավելանան, չգիտեմ՝ ինչ կլինի, ոնց ինչ կհետապնդվեն եւ այլն, բայց ամենակարեւորը, եթե հիմա օրենքի ու իրավունքի ինչ-որ նշույլներ կան, որ ձեւականորեն փորձ է արվում հրամցնել օրինական փաթեթավորմամբ, այդ անիմաստ փորձերը ուղղակի կդադարեն»:

Դատախազի թեկնածուն, մեր զրուցակցի խոսքով, առաջին հերթին պետք է համակարգում երկար տարիների աշխատանքային փորձ ունենա: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ դատախազի թեկնածուն անպայման քննիչ, հետո դատախազ պետք է աշխատած լիներ, դատարաններում մեղադրանք պաշտպանած լիներ, քրեական գործեր կարդացած լիներ . «Այս ամեն ինչը պարտադիր պայման է դատախազի համար, առանց սրա՝ չեմ հասկանում՝ ինչպես կարող է մարդը դատախազ աշխատել, բայց վերադառնանք իմ սկզբում արտահայտած մտքիս: Քանի որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, ամբողջ քաղաքական թիմի ֆոնին նայելով՝ ակնհայտ է, որ ընտրություն պետք է արվի իմ նշած չափանիշներին հակառակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930