Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծովափներում նստած՝ ինձ վճռականության կոչեր են անում». Իշխան Սաղաթելյան

Հունիս 16,2022 14:21

Այսօր հրավիրած ասուլիսում «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով ընդդիմության պատգամավորներին մանդատից զրկելու մասին իշխանականների հայտարարություններին՝ ասաց. «Կարո՞ղ են, թող անեն»: Ըստ նրա, հանրային պահանջ չկա իրենց մանդատից զրկելու, պահանջ կա «չարիքի, պարտության, աղետի ու քաոսի տարած» իշխանությունից ազատվելու:

Իմպիչմենտի գործընթաց խորհրդարանում սկսելու համար պատգամավորների 1/3 ձայներն են պետք, ուստի հարցին՝ ՔՊ-ից կա՞ն պատգամավորներ, որոնք կաջակցեն ձեզ այդ հարցում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Իմպիչմենտի գործընթացը սկսելու ենք այն ժամանակ, երբ որ դրա համար կլինեն բավարար պայմաններ»:

Կրկին անդրադառնալով այն հարցին, թե ինչու իրեն «կարգեցին» ընդդիմության առաջնորդ, արդյոք դրանով Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն ուզում են ընդդիմության անհաջողության պատասխանատվությունը թողնել լոկ իր ուսերին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ինձ որեւէ մեկը պատասխանատու չի նշանակել, առաջին օրը, երբ մտել ենք այս պրոցեսի մեջ, հասկացել ենք դրա պատասխանատվության ծավալները, չափը, հասկացել ենք, որ պայքարը ենթադրում է կամք, վճռականություն, զոհաբերություն: Այն աշխատանքը, որն արվել է այս 2 ամիսների ընթացքում, շատերը ամբողջական ծավալը չեն պատկերացնում՝ մենք ինչ ենք արել, ինչի միջով ենք անցել ու դեռ ինչ ենք անելու: 45 օրվա ընթացքում արել ենք 30 հանրահավաք, անհնազանդության ակցիաների շարքը նայեք, բերման ենթարկված 2500 քաղաքացի, շուրջ 50 ձերբակալվածներ, որոնցից 35-ը կալանքի մեջ է: Ծովափներում նստած՝ ինձ վճռականության կոչեր են անում: Պատասխանատվությունը մենք ստանձնել ենք, որեւէ մեկը մեզ չի նշանակել: Ես չեմ թաքնվել ժողովրդի թիկունքում ու ասել՝ փառավորվում է իմ սիրտը, երբ որ դուք ոստիկան եք ծեծում, կամ արյուն թափում: Հրապարակային հայտարարել եմ՝ այս ճանապարհը պետք է բացվի ու առաջինը գնացել եմ բացելու: Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ առաջնորդը, էդ առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չի: Սերժ Սարգսյանը շատ հստակ է ասել, ես էլ հստակ պատասխանեցի՝ մենք չենք հավաքվել այս հրապարակում՝ առաջնորդներ փնտրելու: Հավաքվել ենք գաղափարի ու նպատակի շուրջ: Բոլոր նրանք, ովքեր կրում են այդ գաղափարը ու պատրաստ են հասցնել այն իր հաղթական ավարտին, մեր շարժման առաջնորդն են»:

Իշխան Սաղաթելյանը նաեւ ասաց, որ երկրորդ եւ երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ քննարկումների մեջ է ու կարող է վստահ ասել՝ երբեք իրենց առաջնային նպատակը իշխանության գալը չի. «Դա կարող եմ վստահ ասել, մեր բոլոր քննարկումների ընթացքում իրենք դա ասել են: Մեր պայքարը իշխանության համար չի: Եթե նախագահները այս ընթացքում չլինեին այս հրապարակում, դա ո՞նց էր մեկնաբանվելու, ասելու էին՝ հույս չկա, հնարավորություն չկա, ասելու էին՝ ջահելներին հանել են այնտեղ, իրենք չեն գալիս: Մի բան կարող եմ վստահ ասել, որ մեզանից, հատկապես նախագահների գլխավոր նպատակը իշխանության գալը, չի: Նպատակը այս իրավիճակից դուրս գալն է, պայքարը հաջողելն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930