ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա, քանի որ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, և հիմա պետք է կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կարգավորեց ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:
Ալիևը հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլոր հասկանում են, որ անհնար են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև շփումները: «Մենք արդեն ստացել ենք ազդակներ, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործի»,- ասել է նա:
«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ արտահայտել իմ դիրքորոշումը, որ Ադրբեջանի մոտ միայն ջղաձգում են առաջացնում Հայաստանում կամ այլ երկրում Մինսկի խմբի մասին շահարկումները: Մենք լուծել ենք հակամարտությունը: Լուծել ենք Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք պատրաստվել էին Մինսկի խմբի կողմից: Այժմ պետք է մտածել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների մասին, պետք է խաղաղության պայմանագիր ստորագրենք»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Բաքվում ուրախ են, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է իրենց 5 հիմնարար սկզբունքները: «Հիմա գործնական քայլեր են անհրաժեշտ այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ