Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այս շարժման ե՛ւ զինվորն եմ, ե՛ւ առաջամարտիկն եմ, ե՛ւ պատասխանատուն եմ». Իշխան Սաղաթելյանը մեկնաբանում է, թե ինչու է ընդդիմության առաջնորդը ինքը

Հունիս 16,2022 14:08

Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել: Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն հրավիրած ասուլիսում անդրադառնալով նրա հայտարարություններին՝ ասաց. «Չկա երաշխիք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն, պատրաստ են ցանկացած լուծման, որտեղ կապահովի արցախահայերի անվտանգությունը: Եթե կա խելամիտ մարդ, որը մտածում է՝ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարավոր է ապահովել արցախցիների անվտանգությունը, ուրեմն դա կամ պետական դավաճան է, կամ իրավիճակից ընդհանրապես գաղափար չունի: Որ շարունակ խոսում էինք, որ Նիկոլը Արցախը տանում է հայաթափման եւ դրա վերջնական կործանման, հենց դրա մասին էինք խոսում: Բաքվի, Սումգայիթի ջարդեր իրականացնող Ադրբեջանից, Ռամիլ Սաֆարով ծնած Ադրբեջանից ակնկալել, որ կապահովի մեր անվտանգությունը՝ մեղմ ասած լուրջ չէ»:

Սաղաթելյանի խոսքով՝ եթե անվտանգության առումով Փաշինյանը երաշխիք չունի, խաղաղության առումով չունի, այդ մարդը մնում է, որ ի՞նչ անի. «Ակնհայտ է, որ Նիկոլը Ալիեւի հետ ունի ժամանակացույց, պայմանավորվածություն՝ երկիրը հանձնելու ու ակնհայտ է, որ այս շարժման ընթացքում այդ ժամանակացույցը խախտվել է, բայց պրոցեսը վերջնականապես դադարեցված չի: Դա կլինի միայն սրանց հեռացնելուց հետո»:

Իսկ թե ինչպես են հեռացնելու իշխանություններին՝ Սաղաթելյանն ասաց, որ այն ձեռքբերումները, մարդկանց քանակը, որն ունեն, դրա հիման վրա պետք է կառուցեն պայքարի հաջորդ փուլը: Իշխան Սաղաթելյանը գտնում է, որ կազմակերպչական խնդիրներ են ունեցել ու չեն կարողացել ձեւավորել կանոնավոր քաղաքացիական բանակ, որը կարող էր անհնազանդության ցույցերը հասցնել այն աստիճանի, որ այլեւս ոստիկանական ուժերը չկարողանան դիմադրել: Բայց դրա բոլոր հիմքերը, նա համոզված է, որ կան:

Հարցին՝ ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում պարզ դարձավ, որ ընդդիմության առաջնորդը դուք եք ու հաշվի առնելով դա՝ հնարավո՞ր է դուք դառնաք ընդդիմության վարչապետի թեկնածուն, երբ խորհրդարանում վարչապետի պաշտոնանկության հարց լինի՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Ես շարժման սկսելու հենց առաջին օրվանից հայտարարել եմ, որ ես այս շարժման ե՛ւ զինվորն եմ, ե՛ւ առաջամարտիկն եմ, ե՛ւ պատասխանատուն եմ ու այս շարժման ելքի ու արդյունքների համար ունեմ քաղաքական ու անձնական պատասխանատվություն: Կարծում եմ որեւէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես ու վերջնական որոշումներ ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա: Այդ համաձայնությանը եկել են շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո: Ցանկացած որոշում քննարկվել է մեր գործընկերների հետ, բայց վերջական պատասխանատվությունը եղել է ինձ վրա: Մինչեւ այս օրը այն, ինչ կատարվել է, բոլոր որոշումների վերջնական պատասխանատուն ունի անձնավորված անուն ազգանուն: Ինչ վերաբերում է հաջորդ պրոցեսին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, ես ասել եմ, որ այն մարդիկ, որոնք գալիս են հրապարակ, չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու: Հրապարակի մարդիկ եկել են այն գաղափարի համար, որ կանխեն Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հրապարակում իր վերջին ելույթը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել. «Ինչ եմ ասել ես՝ որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ օրակարգին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության գործընթաց: Դրա համար պետք է առաջինը պաշտոնանկության իրավական հիմքերի ստեղծում, որը առկա է եւ երկրորդը՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում: Ասել եմ՝ այդ գործընթացը կմեկնարկի այն ժամանակ, երբ դրա հաջողության հասնելու համար բավարար ու ամբողջական հիմքեր կլինեն: Այս պահին որեւէ քննարկում մեր մեջ վարչապետի թեկնածուի տեղի չի ունեցել, որովհետեւ իրականում մեր օրակարգը դա չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930