Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակրթությունների խաչմերուկներում գտնվող ոչ մեծ երկրների դերը մեծանում է. Ռուբեն Վարդանյանը «համակարգային քաոսից» դուրս գալու ուղիներ է առաջարկում

Հունիս 16,2022 13:21

Գլոբալիզացիան չհանգեցրեց ներդաշնակության, ընդհակառակը,  շատ հարաբերություններում ավելի սրեց հասարակության բևեռացումը: Ի հայտ եկան «համակարգային քաոս»-ի նշաններ, որոնցից անհրաժեշտ է ելք փնտրել:  RBC-ում հրապարակված  սյունակում գրել է սոցիալական ձեռներեց, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը։

Ստորև ներկայացնում ենք  հրապարակումը՝ որոշ կրճատումներով.

Մերօրյա իրադարձությունները գլոբալ փոփոխությունների նոր ալիք են, որոնք հավանաբար կշարունակվեն մի քանի տասնամյակ: Փոփոխությունները ցավագին են լինելու և մեր կյանքի ոչ մի ոլորտ չի խուսափի դրանց ազդեցություններից: Իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան ինչ-որ առանձին համակարգի փլուզում կամ ռազմական, տնտեսական, ֆինանսական հակամարտություն: Հիմնարար արժեքներն ինչպես պարզվում է այլևս հետաքրքիր չեն համաշխարհային հանրությանը:

– դու մեղավոր չես, քանի դեռ քո մեղքը ապացուցված չէ. սա հիմնարար դրույթ է, որը կորցրել է իր նշանակությունը,

– անհատն ավելի կարևոր է, քան պոպուլյացիան. համավարակը հերքեց այս հաստատումը,

– մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը. այսօր դա այլևս այդպես չէ անգամ ամենաառաջադեմ երկրներում,

– ինֆորմացիայի ճշգրտությունն եւ հավաստիությունը. «fake news»-ի աշխարհում դժվար է տարբերակել ճշմարտությունը կեղծիքից:

Միջին դասը, որպես ցանկացած պետության կայունության հիմք, 21-րդ դարում այլևս այնքան էլ էական չէ: Կայունությունը կարելի է պահպանել ալգորիթմներով, հետևաբար՝ հասարակությունը կբաժանվի ոչ մեծաթիվ արիստոկրատիայի և «հասարակ» մարդկանց զանգվածների, որոնք կբավարարեն իրենց պահանջմունքները՝  կունենան VR-սաղավարտներ, թեթև թմրանյութեր և երաշխավորված եկամուտ՝ բազային կարիքները բավարարելու համար:

 

Ի՞նչ անել և ինչպե՞ս ճիշտ ձևով բարձրացնել այս հարցը:

 

Նոր աշխարհակարգի քննարկումները նման են հսկայական ամպլիտուդով ճոճանակի՝ ապագլոբալացումից մինչև նոր համագործակցության քննարկումներ: Մենք այդ իրական դիրքորոշումներն առավել լավ կըմբռնենք, եթե ժամանակային սանդղակով բաշխենք:

Կարծում եմ, մեզ անհրաժեշտ են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների սցենարներ: Դրանք բացարձակապես տարբեր են միմյանցից, սակայն պետք է զուգահեռաբար աշխատել դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ: Կարճաժամկետ հեռանկարում կարևոր է վերականգնել մատակարարման շղթաները և կայունացնել ֆինանսական համակարգերը: Այլ կերպ ասած՝ արձագանքել մարդկանց և բիզնեսի առօրյա կարիքներին: Միջին ժամանակային հորիզոնում պետք է որոշել մարտավարությունը և ռեսուրսների ու գործընկերների մոբիլիզացիայի մեխանիզմները, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ աշխատել գլխավոր մրցակցային գործոնի՝ տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ:

Երկրների մեծ մասը դեռ նախընտրում է իր հատվածում ամբողջապես պարփակված սպասել մինչև փոթորիկը հանդարտվի: Համաշխարհային արտադրողները բոլոր խոշոր շուկաներում ճշգրտում են բիզնեսի կառուցվածքը՝ ոչ միայն Ռուսաստանում և Եվրոպայում, այլև՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Եվ դա հասկանալի կարճաժամկետ սցենար է, որը քաղաքական գործիչները գործարկել են արտակարգ իրավիճակի պայմաններում:Իսկ նրանք, որոնք ի զորու են մտածել հեռանկարներով, խոսում են նոր գլոբալ առևտրային կոալիցիաների և համաշխարհային վստահության նոր ուրվագծերի մասին:

Քաղաքակրթական հակամարտություններում քաղաքակրթությունների խաչմերուկներում գտնվող ոչ մեծ երկրների դերը մեծանում է: Իրենք չափերով և պատմական փորձով պայմանավորված՝ այդ երկրները կարող են հայտնվել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին նորարարական պատասխաններ որոնելու առաջնամասում և նպաստել աշխարհում բևեռացման թուլացմանը:

Այսպես, Հայաստանում, չնայած վերջին տարիների բարդագույն ցնցումներին, առաջանում են նոր հնարավորություններ: Սուննիական, շիական, ուղղափառ և եվրոպական քաղաքակրթությունների միջև կամրջի՝ իր պատմական դերի, ինչպես նաև սանկցիաների տակ հայտնված երկրների հետ աշխատելու իր փորձի շնորհիվ Հայաստանը հնարավորություն է ստացել դառնալու տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության տարածաշրջանային կենտրոն:  Մենք մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք «Move to Armenia» շարժումը, որը նպատակ ունի վերջին տարիներին երկիր տեղափոխված լավագույն ՏՏ և ստեղծագործ մասնագետների համար նպաստալի և հարմարավետ պայմաններ ստեղծել: Մենք արդեն երկու «unicorn» ունենք, փորձելու ենք  ունենալ ևս քսանը: Դրան պետք է նպաստեն նաև մեր կողմից իրականացվող մյուս նախագծերը:

 

Ո՞վ է ձևավորելու վստահությունը

 

Խնդիրը չի կարող լուծվել այն մակարդակում, որում այն ի հայտ է եկել, ինչպես ասել է Ալբերտ Էյնշտեյնը: Դա հիմա առավել քան կարևոր է հիշելը:

Մենք հաճախ աշխարհն ու դրանում գործող անձանց ընկալում ենք ըստ գործառույթների: Երկրների միջև կոնֆլի՞կտ: Դիմե՛ք քաղաքական գործիչներին: Ֆինանսնե՞ր: Դիմե՛ք բիզնեսին: Արժեքնե՞ր: Դիմե՛ք մշակույթի գործիչներին: Նման պարզեցումները մեզ անիվի սկյուռի են վերածում. գործադրվող ջանքերը շատ են, սակայն շարժումը պայմանական է, քանի որ պայմանական են պիտակները:

Արևմտյան քաղաքակրթությունը կարծես ամեն բան արեց խարխլելու իր հանդեպ վստահությունը, անգամ՝ իր իսկ ներսում և բոլոր մակարդակներում՝ համակարգի հանդեպ, ինստիտուտների, հանրույթների, մարդկանց: Նոր քաղաքակրթական պարադիգմերի հետ պետք է մարդկանց մեկ այլ շրջանակ աշխատի: Մարդկությունը կարիք ունի բարոյական առաջնորդների, տարբեր ոլորտներից մարդկանց, որոնք պատրաստ կլինեն միասնաբար քննարկելու առանցքային մարտահրավերները և փնտրելու դրանց դիմակայելու ուղիները: Համակարգային քաոսը պահանջում է դուրս գալ յուրաքանչյուր շերտի համար  մտածողության՝ սովորական դարձած «թունելի» սահմաններից, որպեսզի հնարավոր լինի տեսնել ամբողջական պատկերը: Հենց այդպիսի մարդիկ պետք է ձևավորեն վստահության նոր շրջանակը,  և այդ վստահության ճգնաժամի ականատեսն ենք ամբողջ աշխարհում. Փոփոխությունների պահանջ կա ամբողջ աշխարհում: Եվ այստեղ ահռելի դեր ունեն բիզնեսի մարդիկ՝ ոչ թե որպես ֆինանսական միջոցների, այլ որպես փորձով կուտակված գիտելիքի աղբյուր:

Ինձ համար դա կարևոր է մարդկային տեսակետից, որպես մարդու, ով կառուցել է վստահության վրա հիմնված հարաբերությունները 30 տարվա ընթացքում ոչ միայն նրանց միջև, ով ֆինանսական միջոցների տեր է եղել և ում այդ միջոցներն անհրաժեշտ են եղել, ոչ միայն միջազգային ներդրողների և ռուսական ընկերությունների միջև, այլև, այդ թվում՝ քաղաքական աղետների պայմաններում, Արցախում:

Պատասխանելով հարցին, թե ով եմ ես, հաճախ ասում եմ, որ ես chief connector եմ: Ես գտնում եմ, որ թարգմանի (ոչ անգամ թարգմանության, այլ՝ բանակցողի) դերը բացառիկ է: Ինքս իմ առաքելությունը տեսնում եմ հենց այդ գործում և որպես հայ, որպես մասնիկը այն ազգի, որը այդ դերը կատարել է  սեփական պատմության ողջ ընթացքում: Ապրելով քաղաքակրթական խաչմերուկում՝ հայերը հարյուրամյակներով սովորել են համադրել անհամադրելին, ստեղծել առևտրային ցանցեր, որոնք ընդգրկել են ամբողջ աշխարհը, արդյունավետ համագործակցության մեջ ընդգրկել տարբեր մշակույթների ներկայացուցիչների:

 

Ինչո՞ւմ և ո՞ւմ հետ է անհրաժեշտ «connect»-ը

 

Երեք սկզբունք կա, որոնք մենք մեր գործընկերների հետ դրել ենք մեր «Տրոյկա Դիալոգի» (այդ անվանումը, ի դեպ, ևս կրում է երկխոսության մեջ միջնորդության գաղափարը), հետագայում նաև՝ «ՍԿՈԼԿՈՎՈ» բիզնես դպրոցի, «Noôdome» և «Ատլանտի» հանրույթների և Հայաստանում իրականացվող հարյուրավոր հիմքում: Դրանք են՝ վստահությունը, երկարաժամկետ պլանավորումը և ինստիտուցիոնալ մոտեցումը: Այդ սկզբունքներն առ այսօր էլ անքակտելի են, թեև դեռ կան միայն առանձին հանրույթներում: Առանց վստահության՝ չկա երկարաժամկետ քաղաքականություն, և մենք դատապարտված ենք կարճաժամկետ սցենարներով շարժվելու: Առանց վստահության՝ չկան ինստիտուտներ, կա ձեռքով կառավարում և շահերի նախնադարյան ատոմացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930