Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Խաչատրյան․ «ԿԲ-ն հսկայական ծախսեր է իրականացնում կանխիկի շրջանառության վրա»

Հունիս 16,2022 13:13

«Ֆինանսական կազմակերպություններն այսօր պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք պետք է ունենան պոստերմինալներ, իրենց մոտ ակտիվացնեն իրենց ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունումը։ Սա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է հենց ՀԴՄ սարքերով վճարումներն ընդունեն, առանձին պոստերմինալներ էլ կարող են տեղադրել, ուղղակի գնային առումով, հասկանալով բազմահազար տնտեսավարողների մոտ այդ պոստերմինալների տեղադրման անհրաժեշտությունը, էականորեն մատչելի է ՀԴՄ սարքերի ակտիվացումը»,-այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն՝ անդրադառնալով հուլիսի 1-ից 300 հազար դրամից ավելի գործարքները պարտադիր անկանխիկ իրականացնելու օրենսդրական պահանջին։

Հիշեցնենք, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի՝ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով:

Անկանխիկ եղանակով գործարքներ պետք է իրականացնեն նաեւ բժշկական ու կրթական հաստատությունները, այս հուլիսի 1-ից դեռեւս միայն մայրաքաղաքում կգործի պահանջը, հաջորդ տարվանից նաեւ մարզկենտրոններում, 2024-ից ՀՀ ողջ տարածքում։ 2024-ի հուլիսի 1-ից նոտարները, փաստաբանները աշխատավարձերը վճարելու են միայն անկանխիկ։

Ֆիզիկական անձանց դեպքում անկանխիկ վճարումների պահանջն առայժմ 500 հազար դրամը գերազանցող գործարքներն են, մյուս տարի շեմը իջեցվելու է 300 հազար դրամի։

Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն ասաց, որ երկու առեւտրային բանկեր պատրաստակամություն են հայտնել մասնակցելու նախապատրաստական աշխատանքներին, եւ մեծ ծավալով, բավականին մատչելի սակագներով միացնելու են այդ պոստտերմինալները։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն էլ նշեց, որ օրինակ՝ գրավատների դեպքում 2023 թվականի հունվարի 1-ից 50 հազար դրամը գերազանցող գործարքը պետք է կատարվի անկանխիկ 2024 թվականից՝ 20 հազար դրամը գերազանցելու դեպքում։ Սակայն, ինչպես նշեցին բանախոսները, վարկային կազմակերպություններում վարկերի մարումները կարող են լինել կանխիկ։

Երանուհի Թումանյանց

Փոխնախարարի խոսքով՝ վերահսկողությունն իրականացնելու են ԿԲ-ն, ՊԵԿ-ն ու աշխատանքի տեսչությունը՝ աշխատանքային իրավահարաբերությունների մասով։

Նա նաեւ մի օրինակ բերեց՝ եթե 2 մլն դրամանոց ավտոմեքենայի գնման դեպքում գնորդը որոշի խուսափել անկանխիկ վճարելու պահանջից եւ ասենք որոշի մասնատի եւ ամեն ամիս 200 հազար դրամ վճարի, ապա սա համարվելու է արհեստական մասնատում եւ գործարքը կարող է համարվի առոչինչ։

Մանրամասն՝ տեսանյութում

Եթե սարքը խափանվի, օրենքով կարգավորում կա, թե ինչ պետք է արվի։ Հնարավոր է կապի խափանում լինի, կամ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում, սրանք կարող են դիտարկվել օբյեկտիվ պատճառներ, սակայն հնարավոր է նաեւ վարչական վարույթ սկսվի եւ պարզվի, որ նման խնդիր չի եղել։

Հովհաննես Խաչատրյանն ասաց, որ կանխիկ շրջանառությունը մեծ ծախսեր է առաջացնում, եւ այն կարծիքը, թե կանխիկի շրջանառությունն անվճար է՝ թյուր է․ «ԿԲ-ն հսկայական ծախսեր է իրականացնում կանխիկի շրջանառության վրա, նաեւ՝ առեւտրային բանկերը, եւ այդ ծախսերը փոխհատուցվում են այլ ծառայությունների սակագներով։ Մի հսկայական ենթակառուցվածք է գործում ՀՀ-ում կանխիկի հետ աշխատելիս»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930