Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վերցնում ենք իրավիճակի պատասխանատվությունը մեր վրա, ընդունում որոշում՝ լավ հասկանալով, որ դա կարող է այլ կերպ մեկնաբանվել ու աշխատել մեր դեմ». Իշխան Սաղաթելյան

Հունիս 16,2022 12:54

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրած ասուլիսում «Դիմադրության» շարժման ձեռքբերումներից խոսեց: Նա ասաց, որ մինչ շարժումը Հայաստանից հնչում էր միայն պարտության ու հարմարվողականության ձայն, շարժումից հետո իրավիճակ փոխվեց. «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու ու միջազգային հանրությանը ցույց տվեց, որ օրվա իշխանության կողմից վարվող քաղաքականությունը մերժվում է ժողովրդի կողմից»:

Նա ասաց, որ իրենց առջեւ խնդիր էին դրել օր առաջ հասնել իշխանափոխության, բոլոր քայլերն այդ ուղղությամբ արել են, բայց գլխավոր խնդիրը մնում է չլուծված, ուստի որոշել են շարժումը տարածել ամբողջ Հայաստանով մեկ, Արցախում ու սփյուռքում. «Բոլոր խոսակցությունները՝ շարժումը դադար վերցնելու, հետքայլի, դրանք ընդամենը խոսակցություններ են»:

Հարցին՝ ցանցային պայքար ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ճիշտ չէ՞ր լինի վրանները թողնել, որ զսպող օղակ լինի իշխանության համար՝ զիջողական քաղաքականություն չվարելու՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նախ՝ վրանների մասին. ուզում եմ ֆիքսել, որ շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշեցինք, որ դիմադրության առաջին օջախը պետք է ունենանք, դրա համար հիմնեցինք վրանային ավանը: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի եւ վրանների արդյունավետության հարց: Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշում կայացնելու հարցը: Մեր խնդիրն էր ոչ թե վրաններով ցույց տալ մեր վճռականությունը, կամ ինչ-որ շրջանակների ինչ-որ բան ապացուցելը, այլ այս պայքարը արդյունավետ կազմակերպելն ու վերջնարդյունքի հասնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումը կայացնելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք օրական մի քանի հարյուր մարդկանց հետ պահել հրապարակը՝ 30-40 աստիճան արեւի տակ, վատնել մեր ռեսուրսը, ջլատել մեր ուժերը: Նպատակահարմարության եւ արդյունավետ շարունակականության հարց գոյություն ուներ: Պատասխանատու պահին մենք վերցնում ենք իրավիճակի պատասխանատվությունը մեր վրա, ընդունում որոշում՝ լավ հասկանալով, որ դա կարող է այլ կերպ մեկնաբանվել ու աշխատել մեր դեմ: Մենք որոշում ընդունելուց ոչ թե մտածում ենք մեր վարկանիշի մասին, այլ՝ արդյունքների: Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում, ենթադրում էինք այն հարձակումները, որ կարող էին տեղի ունենալ»:

Նա վստահեցրեց, որ մեկ, երկու օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին ու մտածում էին՝ վրանները հանելով՝ պայքարը կթուլանա, կհամոզվեն հակառակի մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930