Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կհանգեցնի միայն նոր խնդիրների. Ալիև

Հունիս 16,2022 12:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 9-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում հայտարարել է, որ հայկական կողմի հետ բանավոր պայմանավորվածություն է եղել՝ չբարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, և եթե Երևանը շարունակի հավակնություններ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, նույնը իրենք կանեն:

«Եղել է բանավոր պայմանավորվածություն, որ «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը չի բարձրացվի: Բայց ցավոք, մենք Հայաստանի կառավարությունից լսում են հայտարարություններ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին», ինչը միանգամայն հակաարդյունավետ է: «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարվել է 1991թ. վերջին Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ: Մեր տարածքում նման վարչական կառույց չկա: Ուստի կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կհանգեցնի միայն նոր խնդիրների: Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա դա և զերծ մնա պատմությունը վերախմբագրելու փորձերից»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Եթե Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդպիսով մղում է Բաքվին համանման քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքների նկատմամբ:

«Եթե Հայաստանի շարունակի կասկածի տակ դնել տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հատկապես որ պատմական առումով Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունք ունի»,- սպառնացել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նորից խոսել է այն մասին, որ 1920թ. նոյեմբերին՝ խորհրդային 6 ամիսներից հետո, խորհրդային իշխանությունը «վերցրել է մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը, և այն միացրել Հայաստանին»:

Ալիևը հավելել է, որ «Հայաստանի կառավարությունը պետք է լավ յուրացնի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային հավակնությունից»:

Ընդ որում` նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր սահմանադրության շրջանակում կապահովի «Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

«Մեկ այլ հարց, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, կապված է Ադրբեջանում ապրող հայերի հետ: Ես կարծում եմ, որ Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքում ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը հստակ արտահայտում է այն, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը նույնպես նկատի կառնվի: Եվ մենք լիարժեք աջակցում ենք դրան: Մեր սահմանադրությունն ապահովում է Ադրբեջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունն ու իրավունքները: Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է, և հայ բնակչությունն ամենամեծ ազգային փոքրամասնությունը չէ: Մեր սահմանադրությունը հավասար իրավունքներ է վերապահում Ադրբեջանում ապրող բոլոր ազգությունների, այդ թվում հայերի համար»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930