«Հետքայլի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչ ելակետային տվյալներ ենք ունեցել, որ հետո որոշենք, թե հետքայլ ասելով ինչ ենք հասկանում։ Արցախի կարգավիճակի մասին երեկ վարչապետն ասել է, որ այն չպետք է լինի նպատակ, այլ պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։ Պնդում եմ՝ առաջին մարդը չէ ՀՀ-ում, որ նման խոսքով է հանդես եկել՝ խոսելով այն մասին, որ արցախյան հարցն ի սկզբանե եւ միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց։ Ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, այլ իրավունքի հարց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը հաշվի առնելով՝ իշխանությունը կարո՞ղ է վստահեցնել, որ Արցախի կարգավիճակի եւ ինքնորոշման իրավունքի հարցից հետքայլ չի անելու՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Ինչո՞ւ է Արցախն ինքնորոշվել, ինքնանպատա՞կ։ Ոչ, ինչ-որ պահից սկսած՝ արցախահայությունը սկսել է իրեն անվտանգ չզգալ եւ իր կենսական իրավունքը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել գնալ ինքնորոշման ճանապարհով։ Այսինքն, ոչինչ չի փոխվել։ Արցախահայության հարցն ի սկզբանե ծագել է որպես արցախահայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարց, եւ հիմա շարունակում է լինել այդպիսին։ Այստեղ խոսել հետքայլի մասին չենք կարող։ Դառնալով կարգավիճակին․ վարչապետն ասել է այն, ինչ ի սկզբանե եղել է արցախյան հակամարտության հիմքում։ Մենք գնում ենք իրավունքների եւ անվտանգության ապահովման համատեքստով, եւ կարգավիճակը պետք է ոչ թե նպատակ լինի, այլ միջոց»,-նշեց Արուսյակ Ջուլհակյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունը կառավարության ծրագրում չի գրել, որ կարգավիճակը պետք է թողնել մի կողմ եւ քննարկել արցախահայության անվտանգության ու իրավունքների հարցը եւ դրանից բխեցնել կարգավիճակի հարցը, այլ գրել է, որ կարեւորվում է Արցախի ինքնորոշման հարցը, ուստի չի նշանակո՞ւմ, որ իշխանությունը շեղվում է իր իսկ ծրագրից, Արուսյակ Ջուլհակյանը չհամաձայնեց․ «Ոչ, չի նշանակում։ Կարգավիճակն ինքնանպատակ չէ։ Հակամարտության էությունը չմոռանանք»։
Հարցին՝ ո՞ր կարգավիճակում են ապահովվելու արցախահայության իրավունքները, ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Մենք առաջնորդվում ենք արցախահայության անվտանգության եւ իրավունքների ապահովման ճանապարհով, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ։ Կարգավիճակը պետք է բխեցնել երաշխիքներից։ Վարչապետն ասաց, թե երբ եւ որ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»։
Կարդացեք նաև
Հարց հնչեց , որ 70 տարվա փորձը փաստում է, որ Ադրբեջանի կազմում անվտանգություն եւ երաշխիքներ հնարավոր չեն, եւ որ եթե մի պահ մի կողմ թողնենք նախկինների արածը եւ ասենք, որ Ադրբեջանի կազմում չի կարող Արցախը լինել, դա խանգարելո՞ւ է խաղաղության գործընթացին։ «Մենք խոսում ենք բանակցային գործընթացի մասին։ Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, եւ նրա պայմանավորվածություններն ավարտվել են 2018թ․-ին, երբ նա հայտարարել է, որ պատերազմն անխուսափելի է։ Հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Հիմա բանակցային գործընթացում կան ամրագրված հստակ սկզբունքներ, որոնք այն ժամանակվա իշխանություններն ընդունել են որպես բանակցային հիմք եւ մենք չէինք կարող հաշվի չնստել դրա հետ»,-պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը։
Այստեղ հարկ է հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցում է սեփական՝ զրոյական կետից։
Հարցը՝ եթե Ադրբեջանը տա երաշխիքներ, դուք նրա կազմում Արցախի հարցը կքննարկե՞ք, մնաց օդում․ պատգամավորները հեռացան, ասուլիսի համար նախատեսված ժամանակը հայտարարվեց սպառված։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ