«Խմբակցությունում նման քննարկում կա։ Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետեւ բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, թե ինչպես են նրանք օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխող խմբակցությունն արդյոք որոշում ունի՞ փողոցում բողոքի գործողությունների անող ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու։
«Խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, բայց քննարկումներ կան։ Որոշում չկա, բայց մեր մոտ միշտ բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից, քննարկվում են։ Այո, նաեւ քննարկվում է վարչական պաշտոնների հարցը»,-հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին եւ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահներին օրենքով պաշտոնից զրկելու հարցին, ինչպես Նաիրա Զոհրաբյանի դեպքում եղավ, ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ծովինար Վարդանյանը մեջբերեց տնտեսական հարցերի հանձնաժողովի օրինակը․ «Մեր հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է։ Արդեն որերորդ նիստն ենք անում առանց հանձնաժողովի նախագահի։ Իհարկե, կանոնակարգի գիտելիքի հետ կապված խնդիրներ են եղել տվյալ անձի կողմից մինչեւ այդ, բայց արդեն քանի նիստ ենք արել առանց հանձնաժողովի նախագահի, կարծես որեւէ հետաքրքրություն չկա։ Այո, հանձնաժողովում քննարկվել է նման հարց, բայց հանձնաժողովից դուրս որոշում կայացնելու համար դեռ հարց չի քննարկվել, խմբակցության որոշմանը չի ներկայացվել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ