Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես պասիվ, ալարկոտ դիրքից հնարավոր չեղավ ակտիվացնել, բերել փողոց. նախկին փոխոստիկանապետ. «Հրապարակ»

Հունիս 16,2022 10:28

Իշխան Սաղաթելյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ վրանները հավաքում են Ֆրանսիայի հրապարակից ու անցնում ցանցային, ապակենտրոն պայքարի։ Ընդդիմության այս որոշումը միանշանակ չընդունվեց հանրության ընդդիմադիր շրջանակների կողմից։ Մի մասը կոչ էր անում չհիասթափվել, չհուսահատվել եւ շարունակել պայքարը՝ ինչ ձեւաչափով էլ լինի, ոմանք էլ քննադատում էին Սաղաթելյանին ու ընդդիմության մյուս լիդերներին՝ մարդկանց հերթական անգամ հիասթափեցնելու, փողոց դուրս բերելու եւ անարդյունք տուն ուղարկելու մեջ։

Նշենք, որ ընդդիմության հրավիրած հանրահավաքներին մասնակցում էին նաեւ նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոն զբաղեցրած, սակայն որեւէ քաղաքական ուժի չհարող անձինք, այդ թվում՝ ուժային կառույցների գեներալներ, զինվորականներ, դիվանագետներ։

Նախկին փոխոստիկանապետ՝ գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն էլ կարծում է, որ ճիշտ որոշում է վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելը, որովհետեւ․ «Այն, ինչ արվեց այս ընթացքում ու դրա հետ կապված՝ ապրեն Իշխան Սաղաթելյանն ու մյուսները, որ էդքան ժամանակ՝ երկու ամիս, գիշեր-ցերեկ, առանց իրենց խնայելու, փորձեցին էդ գործը գլուխ բերել՝ գլխավորել շարժումը։ Բայց մեր բոլորի աչքի առջեւ էր էն մի քանի տասնյակ հազար մարդը, որ հայրենասիրական հողի վրա ոտքի էին ելել ու ամեն օր էնտեղ էին, անհրաժեշտ էր մարդկանց մի քիչ ավելի մեծ քանակ, որը հնարավոր չեղավ հավաքել։ Էդ մարդկանց քանակն անհամեմատ շատ է, պարզապես պասիվ, ալարկոտ դիրքից հնարավոր չեղավ ակտիվացնել, բերել փողոց, որի միջոցով հնարավոր կլիներ էս այլանդակներին վռնդել ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ամեն տեղից։ Քանի որ դա հնարավոր չեղավ, եւ ամեն օր ելույթներն էսպես անընդհատ շարունակելով՝ եթե չէին հավաքում վրանները, ստացվում էր՝ ջայլամի քաղաքականություն կամ ակնհայտ փաստին աչքկապոցի անել։ Ի պատիվ իրենց՝ իրենք ազնիվ գտնվեցին եւ էդ մասին ասացին»։

Հարցին, թե չի՞ կարծում, որ սրանով հերթական հիասթափությունը կառաջանա ժողովրդի մոտ, Համբարձումյանն ասաց․ «Իհարկե, հիասթափության պահը կա, բոլորիս մոտ էլ, բոլորիս «կռուգում» էլ էդ հիասթափության էլեմենտը կա։ Բայց պետք ա հիասթափվողներին խոսակցության ընթացքում ասել, թե դուք՝ հիասթափվողներ, ի՞նչ եք արել ձեր «կռուգի», ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, կոլեգաներին ակտիվացնելու եւ փողոց հանելու համար։ Որպես կանոն՝ հիասթափվել են նրանք, որոնք գուցե միայն եկել են էդտեղ, բայց մյուսներին ակտիվացնելու համար ոչինչ չեն արել։ Հիմա, եթե էս փոքր քանակն է դեռեւս, որի պայմաններում շատ կտրուկ քայլ անելը կլիներ մի բան, իսկ եթե անում ես շատ մեծ քանակով, դա կլինի երկրի, ազգի փրկության գործ, քանզի էս էն դեպքն ա, որ քանակը որակ է տալիս»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930