Ֆրանսիայի հրապարակից վրանները, վերջապես, վերացան: Դա ուրախալի լուր է այնքանով, որ մայրաքաղաքի կենտրոնի կյանքը վերադարձավ սովորական հուն, եւ մարդիկ պարտադրված չեն լինի ժամանակ կորցնել խցանումների մեջ: Իսկ այդ խցանումներից դժգոհ էին բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից:
Նույն իրադարձությունն իշխանավորներին եւ նրանց երկրպագուներին առիթ տվեց չարախնդալու, ընդդիմադիրներին ծաղրուծանակի ենթարկելու եւ հրճվալից աղաղակներ արձակելու: Իբր իրենք հաղթել են, իսկ ընդդիմությունը՝ պարտվել: Թո՛ղ այդպես լինի: 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտության կողքին այս «հաղթանակը» կատարյալ 0 է: Իսկ ովքե՞ր են այդ պարտության եւ նվաստացման հեղինակները՝ ինձ մոտ ոչ մի կասկած չի հարուցում՝ անկախ նրանից, թե ինչ արդարացումներ եւ հեքիաթներ են այդ առիթով հորինվում, եւ քանի հոգի է այդ արդարացումներին հավատում: Դա այն դեպքը չէ, երբ ճշմարտությունը որոշվում է ձայների մեծամասնությամբ: Ադրբեջանի բնակչության 90 տոկոսը, հավանաբար, համոզված է, որ հայկական եկեղեցիները աղվանական են, դրանից այդ եկեղեցիներն աղվանական չեն դառնում:
Հանուն արդարության պետք է ասել, որ այս երկու ամսվա ընթացքում իշխանության մարտավարությունը ճիշտ էր այն մասով, որ Ֆրանսիայի հրապարակի վրանները չէին հանվում ոստիկանական ուժերի բռնության միջոցով: Եթե այդպես լիներ, դա ավելորդ խաղաքարտ կտար ընդդիմադիրներին: Իսկ այս պարագայում ցույցերի կազմակերպիչներն իրենք ընդունեցին, որ բողոքի այդ ձեւը իշխանավորներին որեւէ ձեւով չի խանգարում, իսկ շարքային քաղաքացիներին անհանգստություն է պատճառում: Դա պետք է ավելի շուտ խոստովանեին: Եթե մի քանի օրում չհաջողվեց իշխանափոխության հասնել, ապա շարունակելն անիմաստ էր: Սեփական սխալներն ընդունելն ամոթալի վարքագիծ չէ:
Իշխանություններին հաջողվեց համոզել հասարակության մի մասին, թե իբր ցույց անողները միլիոնատերեր են, նրանց միակ նպատակը սեփական դղյակները պաշտպանելն է եւ «նախկիններին» իշխանության բերելը: Դա ակնհայտ սուտ է. իհարկե, ցուցարարների մեջ կան տարբեր մարդիկ, նաեւ նրանք, ում մտադրությունները մաքուր չեն: Բայց բողոքների մասնակիցների հիմնական մասը, կարծում եմ, քաղաքացիներ են, որոնք իսկապես մտահոգված են Հայաստանի եւ Արցախի ճակատագրով եւ սպասվող խիստ անբարենպաստ զարգացումներով:
Կարդացեք նաև
Բայց ինչո՞ւ է իշխանություններին հաջողվում այդ սուտը, կոպիտ ասած, «կերցնել»: Ընդդիմության լիդերները պետք է վերլուծեն այդ խնդիրը եւ համապատասխան հետեւություններ անեն: Եթե, իհարկե, նրանք քաղաքական գործիչներ են, ոչ թե՝ պարզապես քաղաքական թեմաներով քնարերգուներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարտության և նվաստացման հեղինակներն իրենց պարագլխի առաջնորդությամբ նորանոր պարտությունների են ենթարկում երկիրն ու հայությանը: Վերջինը գիտնականների ստորացումն էր, եթե չասենք փչացումը, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ (https://www.aravot.am/2022/06/15/1274542/): Ստահակի հետ ձեռքսեղմումով, ձեր նահատակված ուսանողների արյունն անցավ ձեր ձեռքերին: Դա ջնջել էլ չեք կարողանալու: Դուք պայմանագիր կնքեցիք նեռի հետ: Ու լավ է, որ հրապարակման մեջ բոլորիդ անունները կան. թող ուսանողներն իմանան, որ ձեզանից կյանքի դասեր չունեն վերցնելու:
Հ.Գ. եթե վերևի հղումում նշված գիտնականներից որևէ մեկը կամ ոմանք հրաժարվել են պարգևից ու ներկա չեն եղել խայտառակությանը, սակայն նրանց անունները վարչապետի աշխատակազմը հաղորդագրությւան մեջ ներառել է փչացվածության ընդգրկումը ճոխացնելու համար, ապա ներողություն եմ խնդրում իրենցից:
Հրճուելու առիթ չի կրնար ըլլալ ընդհանրապէս. նույնիսկ եթէ Փաշինյանը հեռանայ եւ կամ Բերձորը մնայ հայկական, հրճուելու առիթ չէ. բայց դուք կը խօսիք ժողովրդի մը հետ, որ երաբլուրը եռապատկելէ քանի մը ամիս ետք հաճույքով գինիի փառատոն կազմակերպեց, եւ նոյն ձեւի կը շարունակէ ապրիլ։
Ես ձեր այս գրածներու ընդհանուր համաձայն եմ, բացի ասոր՝ “Եթե մի քանի օրում չհաջողվեց իշխանափոխության հասնել, ապա շարունակելն անիմաստ էր:” դուք ալ երեւի անհամբեր հոռետեսներու՞ն մաս կը կազմէք.
Ուրեմն սրբագրեմ անցել օր գրածս. Մեզ հիմա պէտք են միայն հոռետէս, համբերատար դիմադրողներ։
Ընդդիմադիրների շահերից է բխում ընդունել ակնհայտը’ քաղաքական իմաստով նրանք հերթական անգամ պարտվեցին։ Եվ այս պարտությունը տրամաբանական է: Որովհետև լավագույն հայրենասիրական մտադրությունները չեն արդարացնում միջակությունը։ Ոչ քաղաքականության մեջ, ոչ ռազմական գործում, ոչ բիզնեսում: Ոչ մի տեղ շանս չկա, եթե չկա ինտելեկտ ու հմտություն։ Կարո՞ղ են նրանք հասարակությանը այլ բան առաջարկել, քան մեկ անձի նկատմամբ պաթոլոգիական ատելություն: Օրինակ՝ նոր արտաքին քաղաքականություն, տնտեսական նոր որոշումներ, բանակի նոր հայեցակարգ, դպրոցական և բարձրագույն կրթության նոր մոտեցումներ, գիտության, առողջապահության, պետական կառավարման, սոցիալական ապահովության և հասարակական կյանքի շատ ու շատ ոլորտներում։ Սա հենց այն է, ինչ ես ակնկալում եմ նրանցից։
Եթե երեխան սովորում է քայլել և ընկնում է, սա սպասվող անբարենպաստ զարգացո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատասխանը, իմ կարծիքով, միանգամայն ակնհայտ է՝ կախված է նրանից, թե ով ինչի է «սպասում»։